Շաբաթ, Հոկտեմբերի 31, 2020

Խմբագրական

Անորոշության ժամանակաշրջան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանն ապրում է մի ժամանակաշրջանում, որը մեկ բառով կարելի է բնորոշել որպես անորոշություն: Այն արտահայտվում է տարբեր հարթություններում` քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ, մինչեւ անգամ, մարդկային հարաբերությունների մեջ: Անորոշությունը ոչ միայն ներթափանցել է հասարակական կյանքի բոլոր շերտերը, այլեւ դարձել է յուրաքանչյուրի կենսաձեւի անկապտելի մասը:

Մինչեւ 2018 թվականը, կարծես թե, ամեն ինչ պարզ էր` կար իշխանություն, որից հանրության զգալի մի հատված ցանկանում էր ազատվել: Սակայն կար նաեւ անվստահություն ընտրական ինստիտուտի հանդեպ եւ, բնականաբար, ոչ ոք չէր հավատում, որ օրինական ճանապարհով հնարավոր է իշխանություն փոխել։ Կային ակտիվիստներ ու հասարակական կազմակերպություններ, որոնք գրեթե մեր օրերի հերոսներն էին, որովհետեւ անձնվիրաբար պայքարում էին հանուն շրջակա միջավայրի, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եւ նմանատիպ այլեւայլ խնդիրների լուծման։

Ի վերջո` կային իշխանության դեմ ոտքի ելած ընդդիմադիրներ, որոնց հիմնական առաքելությունը «արդար» ընտրությունների համար պայքարն էր: Զուգահեռաբար` գործում էր ընդդիմության մի տեսակ, որը չարաշահում էր հանրության այդ զգալի հատվածի ատելությունն առ իշխանություն, սակայն «սեղանի տակից» ստվերային պայմանավորվածություններ էին ընթանում նույն իշխանության հետ։ Իշխանությունն էլ կայացնում էր որոշումներ, որոնք իր եւ թիմի համար շահեկան էին, իսկ հանրային կարծիքն այնքան էլ կարեւոր չէ։

Սա էր մինչեւ 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական տրամաբանությունը եւ, կրկնենք, ամեն ինչ պարզ էր ու կանխատեսելի: Ամեն ոք գիտեր իր անելիքն ու իր տեղը հանրային մատրիցայի մեջ։

2018 թվականի ապրիլ-մայիսը խառնեց խաղաքարտերը։ Տեղի ունեցավ բաղձալի իշխանափոխությունը, հանրությունն ընդունեց ընտրությունների արդյունքները եւ, խոշոր հաշվով, ոչ ոք կասկածի տակ չդրեց գործող իշխանության լեգիտիմությունը: Թվում է` այլեւս լուծված են Հայաստանի առջեւ ծառացած ներքին ու արտաքին հիմնական մարտահրավերները, եւ ուր-որ է` տնտեսությունը կծաղկի, կոռուպցիան կվերանա, «միջազգային հանրությունն» իր սիրառատ գիրկը կբացի մեր առջեւ, եւ մարդիկ կսկսեն շենացնել երկիրը, ամենուր կտիրի սեր ու հանդուրժողականություն։

Սա այն է, ինչի մասին երազում էր 2018-ին իշխանափոխության դրոշի ներքո «քայլ անող» եւ «Սերժին մերժող» հանրության գերակշիռ հատվածը: Սակայն ամեն ինչ, կարծես թե, հակառակն է` «միջազգային հանրությունն» ավելի անտարբեր է դարձել մեր հանդեպ, երկրում փոխադարձ ատելության աննախադեպ մթնոլորտ է տիրում, քաղաքական դաշտը ոչնչացված է, տնտեսությունը դանդաղ, բայց կայուն գահավիժում է, իսկ մարդիկ դարձել են ավելի մռայլ ու մտահոգ։ Երեւում է` ծանր է ապրել կոնոնավիրուսի եւ անորոշության հետ միաժամանակ:

Իսկապես, ինչ-որ բան այն չէ։ Հանրությունն արդեն չգիտի` ինչ ցանկանա եւ ում մեղավոր կարգի։ Երբ չկան նպատակներ, եւ մեղավորները հայտնի չեն, մարդիկ չեն իմանում` ում դեմ եւ հանուն ինչի պայքարեն: Եվ այստեղից էլ սկսվում է անորոշության զգացողությունը։ 

Անորոշության ժամանակաշրջանը, սակայն, կարելի է երկու կերպ մեկնաբանել կամ բնորոշել. ա/ փուլ` նոր փոթորկից առաջ, բ/ արժեքային համակարգի հետընթաց (դեգրադացիա), որտեղ մարդկանց այլեւս ոչինչ չի միավորում, եւ մենք միմյանց համար դառնում ենք անհասկանալի ու անհետաքրքիր։ Տեսնենք` անորոշության այս երկու տարբերակից ո՞րը մեզ կվիճակվի։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: