Acnis logo

 

ՀՐԱՎԵՐ

ՌԱՀՀԿ կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկման համար

 

Թեման՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց.
վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ»

Հինգշաբթի, 25 մայիսի 2017, ժամը 12:00

Հարգելի գործընկեր,

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով սեմինարին, որը տեղի կունենա հինգշաբթի, 2017թ. մայիսի 25-ին, ժ. 12:00-ին, ՌԱՀՀԿ քննարկումների դահլիճում, Երզնկյան 75 հասցեում:

Հիմնական զեկույցներով հանդես կգան ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստատուս-քվոն դարձել է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային քննարկումների հանգուցային թեման: Սահմանվել է կոշտ բանավեճի հիմնական գիծը. «ո՞րն է ավելի վտանգավոր՝ ստատուս-քվոյի պահպանո՞ւմը, թե՞ նրա փոփոխությունը»: Ընդ որում, բանավիճային շրջանառության մեջ են դրվել հակասական դրույթներ. «արցախյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի», «ստատուս-քվոն վտանգավոր է եւ պետք է փոխվի», «ստատուս-քվոյի փոփոխությունը կհանգեցնի պատերազմի»: Իսկ հարցը, թե կոնկրետ ինչ է հասկացվում «ստատուս-քվոյի փոփոխություն» ասելով՝ ամենաքիչ քննարկվողն է: Այդ առնչությամբ կան տարբեր տեսակետներ. ամենից հաճախ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունն իրագործելու մասին, ինչի հնարավորության շուրջ կասկածներ են հայտնվում: Ինչպես թվում է, առկա տարաձայնությունները մեծապես պայմանավորված են բուն «ստատուս քվո» երեւույթի տարակերպ ընկալումներով: Այս հանգամանքն էլ կարեւորում է լայն բանավեճերի անհրաժեշտությունը, որոնք նպատակ ունեն հստակություն մտցնելու թեմայի մեջ:

Առկա իրադրությունը կշռադատելու նպատակով ՌԱՀՀԿ-ի կողմից կազմակերպվող սեմինար-քննարկման

 

Օրակարգը

 

12:00 - Բացման խոսք՝ ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյան:

12:05 – Զեկույց «Արցախում ստատուս-քվոյի իրավաքաղաքական տեսանկյունները» թեմայով: Զեկուցող՝ Մանվել Սարգսյան, ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ:

12:25 – Զեկույց «Արցախում ստատուս-քվոյի աշխարհքաղաքական տեսանկյունները» թեմայով: Զեկուցող՝ Արման Մելիքյան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

12:45 - Հարցեր եւ պատասխաններ:

13:15 - Կարծիքների փոխանակում:

14:00 - Փակում եւ հյուրասիրություն:

 

Խնդրում ենք միջոցառմանը Ձեր մասնակցության մասին նախօրոք տեղեկացնել info@acnis.am հասցեով։

Կանխահայտ շնորհակալությամբ՝

Մանվել Սարգսյան
ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար