Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը, այնքան իշխանական խուճապը կամ, ինչպես ժողովուրդը կասեր, «մանթրաժը» ամենատարբեր դրսեւորումներով իրեն զգալ է տալիս: Ըստ երեւույթին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը սպառել է քարոզչական հնարամտության բոլոր պաշարները եւ ստիպված է «ձեռքը գցել փրփուրներին»: Խոսքը Ֆեյսբուքում շրջանառվող՝ «Վերադարձ Հայաստան. Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» (պետք է լինի՝ առանց Փաշինյանի) գրությամբ անճաշակ մի պաստառի մասին է, որի վրա, բացի Փաշինյանի նկարից, պատկերված են ՔՊ-ի կողմից որպես գովազդային տարր օգտագործվող «սրտիկի» նշանը եւ ՀՀ քարտեզը։
Գովազդի վերջին հատվածը, որտեղ պետության գոյությունը պայմանավորվում է մեկ անձով, ոչ մի քննադատության չի դիմանում: Մանավանդ որ, այդ անձը Փաշինյանի պես անողնաշար մեկն է: Պաստառն այլ կերպ, քան քարոզչական խոտան, չես բնորոշի: «Սա այն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչեւ Հյուսիսային Կորեա։ Մեկ մարդու հետ պետության նույնացումը միայն մի բան է նշանակում՝ դուք, որպես քաղաքացի, այլեւս գոյություն չունեք»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Պաստառը նաեւ հանրության սուր ծաղրին է արժանացել՝ եւ ոչ անհիմն:
Factor.am-ի տեղեկացմամբ՝ խնդրո առարկա քարոզչական խոտանը տարածվել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի տեսանյութից: Վերջինս այն հրապարակել է ապրիլի 25-ին, երբ այլ քաղաքացիների հետ նշում էր «Քաղաքացու օրը» եւ մասնակցում «խորոված փարթի»-ին։ Լրատվականը Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք գովազդի միտքն իր կամ ՔՊ-ի կողմից է հղացել. «Քաղաքացին ինքնակամ է սարքել՝ իր ցանկությունն է, իր մտածելակերպն է»,- ասել է նա: Ըստ Մինասյանի, պաստառի հեղինակը Ոսկեհասկ գյուղից է, բնակվում է ՌԴ-ում, բայց որոշել է այլեւս վերադառնալ ծննդավայր:
Թեեւ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամը փորձում է համոզել, թե չի կիսում գովազդի հեղինակի դիրքորոշումը, առերեւույթ հանգամանքները հակառակն են պնդում: Պարզ է, որ «Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» մտքի հետ անհամաձայնության դեպքում Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում չէր հրապարակի իրականությունը խեղաթյուրող նման դրույթ, որով փորձ է արվում լայնորեն տարածել ազգադավ ղեկավարի, թույլ կառավարչի եւ ապաշնորհ բանակցողի անփոխարինելիության գաղափարը: Բայց իսկապե՞ս անփոխարինելի է ազգին բազում աղետներ բերած այդ թյուրիմացությունը: Իր ասելով՝ մարզային հանդիպումներին համայնքի ամեն 2-րդ բնակիչ մոտենում, շնորհակալություն էր հայտնում իրենից:
Ճիշտն ասած՝ երկար ժամանակ ուշադիր հետեւելով նրա այցելություններին, չտեսանք երբեւէ շնորհակալություն հայտնող գեթ մեկ քաղաքացի՝ չհաշված «թատերականացված» հատուկ դրվագները: Իսկ այ, Նիկոլի «պորտը տեղը դնող» մարդիկ քանիցս հանդիպել են: Մեր մեջ ասած՝ ինչի՞ համար պիտի այդ անձին երախտագիտություն հայտնեին: Արցախը թշնամուն նվիրելո՞ւ, ընտիր մի սերնդի գիտակցված մահվան տանելո՞ւ (ինչի մասին, ի դեպ, վերջերս անկեղծորեն խոստովանեց), թե՞ ՀՀ տարածքները մաս-մաս Իլհամին փոխանցելու եւ, առհասարակ, նրա բոլոր պահանջները լռելյայն կատարելու համար:
Ասում են՝ երբ մարդու ուղեղը մթագնում է, գլխում խառն ու հանդուգն մտքեր են ծագում: Պատմությունից հիշենք, թե ինչպես Ներոնը հանուն իշխանության հրկիզեց Հռոմը: Ճիշտ այդպես էլ իշխանամոլության ցավով տառապող մեր մոլագարն է քայլ առ քայլ կործանում Հայաստանը: Մենք հո տեսա՞նք, թե ինչպես նա նախ հանձնեց Բերձորը, Քարվաճառը, Աղդամը, ապաեւ՝ Կապանից Բերձոր ընկած՝ Կովսականի հատվածը, որի մասին խոսք չկար նոյեմբերի 9-ի փաստաթղթում: 2021-ին հերթը հասավ Գորիսից մինչեւ Սոթք ձգվող ռազմավարական բարձունքներին, որից հետո՝ 2022-ին, զիջեց Ջերմուկը, Ներքին հանդը, Վերին Շորժան: 2023-ին՝ ողջ Արցախը, 2024-ին՝ Տավուշի սահմանամերձ գյուղերը, 2025-ին՝ Մեղրիով միջանցքը:
Եվ սա դեռ վերջը չէ: 2026-ին նոր աղետներ են սպասվում հայությանը: Հերթում, այսպես կոչված, անկլավներն են, Սյունիքը, 300 հազար ադրբեջանցիերի (ճիշտ չէ փախստական անվանելը) վերադարձը, որոնց համաձայնությունը, ըստ լավատեղյակ աղբյուրների, Փաշինյանն արդեն տվել է օրերս Երեւան ժամանած Շահին Մուստաֆաեւին՝ Ադրբեջանի փոխվարչապետին: Այս ընթացքը կասեցնելու միակ ելքը Փաշինյանի վերընտրության խափանումն է:
«Հայացք Երեւանից»

