Այն, ինչ ապրիլի 16-ին երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, այլ կերպ, քան լպիրշության բարձրակետ, չես անվանի: Փաշինյանն իր ամպլուայի մեջ էր այդ օրը՝ ջղային, գազազած, աշխարհից դառնացած, տեղի-անտեղի ծղրտոցներով ու փողոցային բառամթերքով: Այս անգամ «կպել» էր վարչապետի թեկնածու առաջադրված գլխավոր ընդդիմադիր ուժերին եւ հունիսի 7-ին նրանց օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիներին՝ վերջիններիս անվանելով «շուն ու շանգյալ» (կամ «շուն ու շնագայլ». ժողովրդական դարձվածք է, որը նշանակում է ամենատարբեր անպետք կամ ցածրակարգ մարդկանց հավաքածու, խաժամուժ- խմբ.):
Փաշինյանը չի հավատում կամ չի ուզում հավատալ, որ ՀՀ-ում կգտնվեն այնքան «շուն ու շանգյալ»-ներ, որպեսզի քաղաքական ուժերի «եռագլուխ կուսակցությունը,- նկատի ունի «Հայաստան» դաշինքին, «Ուժեղ Հայաստան»-ին եւ ԲՀԿ-ին,- կարողանա խորհրդարան անցնել: Ավելին՝ առաջիկա քաղաքական գործընթացների իմաստը տեսնում է նրանում, որ քաղաքացիները, ըստ նրա, տեր կանգնեն խաղաղությանը, եւ ժողովուրդը «նախկինների եռագլուխ կուսակցության «շուն ու շանգյալ»-ներին, քաղաքական «բոշա»-ներին մշտապես ուղարկի քաղաքականությունից դուրս» («բոշա»՝ 11-12-րդ դդ. Հայկական լեռնաշխարհում հայտնված հայախոս, քրիստոնյա գնչուների ցեղ: Փխբ. իմաստով՝ «անամոթ», «պնդերես» մարդու հոմանիշ):
Ինչպես տեսնում ենք, «շուն ու շանգյալ» եւ «բոշա» վիրավորական պիտակավորումները քաղաքացիներից ճարպկորեն վերաուղղորդում է ընդդիմադիր առաջնորդներին: Ըստ երեւույթին՝ մի փոքր ուշացած, բայց գլխի է ընկնում, որ իր ընտրողներին անվանարկել՝ նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Ավելի լավ է՝ վտանգը հասցեագրել մրցակից թեկնածուների կողմը, սովոր է, չէ՞, իր սխալներն ու սայթաքումները միշտ գցել այլոց գրպանը՝ ով ուզում է լինել, թեկուզ՝ Պուտինը, որին փորձում էր ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրել: Հիմա էլ՝ առիթը կա, որոշել է ԱԺ ամբիոնից թիրախավորել ընդդիմադիր ախոյանների եռյակին, ումից այս պահին ամենաշատն է վախենում:
Իսկ վախը նրան, որպես կանոն, հոգեխանգարմունքի կարող է հասցնել: Դա մենք տեսանք նույն ԱԺ-ի ապրիլի 16-ի նիստում, երբ Փաշինյանը վիրտուալ կռվի բռնվեց ընդդիմադիր առաջնորդների հետ. «Դուք, բացի շուն ու շանգյալից, ուրիշ որեւէ այլ կարգավիճակ չեք կարա ունենալ… դուք, ընդհանրապես, ո՞վ եք,- ես սա պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիճներին,- դուք, ընդհանրապես, ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում… մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, մենք երկիրը դուրս ենք բերել թակարդից՝ էն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղյան շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցություններն ու նրանց սատելիտներն են մեզ անընդհատ մտցրել ու պահել թակարդում»:
Գաղտնիք չէ, որ Փաշինյանը հակասական տիպար է եւ, դատելով նրա խոսքի, անկայուն հոգեվիճակի, վարքագծի յուրահատկություններից, տառապում է անձի երկվությամբ, որի ախտանիշներն ակնհայտ են: Դա ստախոսությունն է, խոսքի եւ գործի սուր հակասությունը, անպատասխանատվությունը եւ այլն: Ըստ մասնագետների՝ մարդիկ, ընդհանրապես, անձի երկվության խանգարումներով չեն ծնվում. այն մանկության տարիներին ապրած ինչ-որ հոգեկան հարվածի հետեւանք է: Որքան ուժգին է հարվածը՝ այնքան ծանր է հետեւանքը: Նիկոլի դեպքում ամենածանր հետեւանքը պետական մտածողության բացականությունն է: Իսպա՛ռ բացակայությունը:
Եթե երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր պատասխանատու առաքելությունը տեսնում է «շուն ու շանգյալի» մակարդակում կամ ընդդիմադիր ուժերի հետ էժանագին լեզվակռվի բեմահարթակում՝ ուրեմն կամա-ակամա խոստովանում է սեփական վախերը, թուլությունն ու անճարակությունը, եթե չասենք՝ դատապարտվածությունը: Վտանգավոր է պետության ղեկավարումը տալ հանրային վստահությունը սպառած նման գործչի ձեռքը: Իսկ միգուցե Փաշինյանը իշխանության՝ ավելի ու ավելի անտանելի դառնող բեռից ազատվելու ե՞լք է փնտրում: Ամեն դեպքում նման արկածախնդրին թողնել իշխանության ղեկին՝ նշանակում է մատնել նրան կործանման: Ու նրա հետ նաեւ՝ Հայաստանը:
«Հայացք Երեւանից»

