Որքան էլ տարօրինակ հնչի՝ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավի 19 մասնակիցներից ամենաանկարգը, եթե չասենք ճղճիմը, գործող վարչապետն է, որը կարող էր մյուսների համար զսպվածության ու վեհանձնության օրինակ ծառայել՝ միաժամանակ վարքագծային այդ հատկանիշները շահեկանորեն դարձնել սեփական քարոզչության մի կարեւոր բաղադրիչը: Բայց նա գնաց այլ ճանապարհով, որը 2018-ին իրեն հաջողություն էր բերել, եւ որն ավելի հարիր է իր էությանն ու հոգեկերտվածքին: Այդտեղ նա անմրցելի է եւ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Դա պատժի, ճնշումների ու հատուցման դաշտն է, որն էլ որոշեց դարձնել իր նախընտրական քարոզչության առանցքը:
Ութ տարի առաջ նա իշխանության եկավ վրեժի ու հաշվեհարդարի տրամաբանությամբ, սկսեց աջուձախ կոթել «թալանչի նախկիններին»՝ խոստանալով հատիկ առ հատիկ ետ բերել «թալանածը», բաժանել ժողովրդին, իսկ իրենց փակել բանտում: Ժողովրդի անունից ու ժողովրդի հույզերի նուրբ լարերի վրա խաղալը, նրան հիպնոսացնելն ու գեղջկական ճարպկությամբ իր կամքին հպատակեցնելը Փաշինյանին ամենալավն էր հաջողվում դեռ 2018-ի «երանելի» օրերին, երբ այնքան հեշտ էր «հպարտ քաղաքացիներին» մատների վրա խաղացնելը: Հիմա նեղն է ընկել՝ գահավիժող վարկանիշը շտկելու խնդիր ունի, ուստիեւ ճարահատյալ դիմում է հին, բարի ժամանակների փորձված հնարքներին:
Բայց 8 տարում ժամանակներ ու բարքեր են փոխվել, եւ այլեւս «նոր գինին հին տիկերում չեն պահի», ինչպես սովորեցնում է աստվածաշնչյան հայտնի առակը: Փաշինյանին ոչինչ եւ ոչ ոք չի կարող ետ պահել հունիսի 7-ի ընտրություններում վերարտադրվելու սեւեռուն մտքից: Նա ինքը նորերս խոստովանեց, որ «եթե պարտվեմ առաջիկա ընտրություններում, ժողովուրդն ինձ կհոշոտի»: Բնական է՝ ինքը բոլորից լավ գիտի, թե որքան չարիք է գործել այս ութ տարիների ընթացքում եւ ինչպիսի ծայրահեղ պատժի է արժանի: Հետեւաբար՝ վերընտրվելու համար պատրաստ է ամեն ստոր միջոցի՝ ընդհուպ արյունահեղության: Իր քարոզչական պաստառը վնասելու համար օրերս մի երիտասարդի ինքնասպանության հասցրին իրավապահներն ու հոգեբույժները:
Մարդու կյանքը նրա համար զրո արժեք ունի, ինչում քանիցս համոզվել ենք, երբ դատական նիստում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, երբ ավելի վաղ պահածոյի գողության կեղծ մեղադրանքով «շարքից հանեցին» մեկ այլ Գրիգորյանի՝ գեներալ Մանվելին: Իսկ այն, որ գիտակցված մահվան են տարվել (ըստ Փաշինյանի ինքնախոստովանության) վերարտադրողական տարիքի շուրջ 5 հազար երիտասարդ եւ խեղվել ավելի քան 10 հազարը՝ 44-օրյա պատերազմի ամենաահավոր ողբերգությունն է: Հնար ունենար իշխանությունը, չէր խնայի անգամ ընտրապայքարի ճակատի՝ իր համար խիստ «վտանգավոր» ընդդիմադիր եռյակի կյանքը, որի նախընտրական քարոզարշավի ամեն մի օրը վերածում է դժոխքի՝ տարատեսակ լուտանքներ ու սպառնալիքներ տեղալով ԲՀԿ-ի, «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքների առաջնորդների վրա:
Փաշինյանի բառապաշարը վաղուց դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն առավելապես հիշեցնում է փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդն ընկալվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։ Դատեք ինքներդ. «Կալուգացի օլիգարխի, մյուսների լակոտները ո՞ւր են եղել պատերազմի ժամանակ, ձեզ դրել եք «Ալֆա-սամեցի» տեղը, կկտրեմ, արա, դուք տանը վափշե ինչի՞ մասին եք խոսում, արա՛, սեքսի դասե՞ր եք տալիս, արա՛, կկըզացնեմ ձեզ, արա…,- մայիսի 18-ին Արաբկիրում կոկորդ էր պատռում Փաշինյանը՝ սպառնալով, թե ընդդիմադիրները չպետք է տնից դուրս գան, նրանց հետեւից գալու են. «թե չէ՝ էս ընտրությունները ուրիշ բանի կվերածվի»,- հայտարարել է նա:
ՔՊ առաջնորդը մեծ բարեգործ եւ գործարար Սամվել Կարապետյանին սպառնում է «մինչեւ տարեվերջ նրան բոմժ դարձնել»։ Ծառուկյանին էլ՝ թե «չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա՞, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք նստացնենք, փրկել չի լինելու»: Քոչարյանի «հասանելիքը» եւս, որ ամենասպառնալիցն է, չի մոռացել՝ ժողովրդի անունից խոստանալով. «հունիսի 7-ին ժողովուրդը քեզ կըզացնելու ա ու տանելու ա քրեակատարողական հիմնարկ… կամ՝ եթե ժողովուրդը պահանջի, ես քեզ կոչնչացնեմ…» Ինչե՛ր ասես, որ դուրս չի տա վախերի, քաղաքական անապահովության, մոտալուտ պաշտոնանկության դառն զգացողություններով ապրող, ինքնատիրապետումն իսպառ կորցրած եթիմը:
«Հայացք Երեւանից»

