Ուրբաթ, Օգոստոսի 07, 2020

Խմբագրական

Ելք վիրտուալ իրականությունից

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

2018-ից սկսած` մենք գլխավորապես ապրում ենք վիրտուալ իրականության մեջ: Կյանքն ընթանում է սոցցանցերում, քաղաքական պայքարը` նույնպես: Անգամ «հեղափոխությունն» էր վիրտուալ տիրույթում, հանրահավաքների ժամանակ բազմաթիվ հեռախոսներից սփռվում էին online տեսառեպորտաժներ, տարաբնույթ նյութեր, եւ աշխարհասփյուռ հայերը Ամերիկայում, Ռուսաստանում կամ Բուրկինա Ֆասոյում դրանց միջոցով մասնակցում էին «հեղափոխությանը»։ Բոլորի սրտերը տրոփում էին միաժամանակ, միեւնույն մտքերն էին նրանց պատում։ Սա վիրտուալ աշխարհն է, որտեղ իրականությունը երկրորդ պլան է մղվում։ Պատկերն ավելի կարեւոր է, քան այն, ինչ կատարվում է մարդկանց կողքին։

Վիրտուալ իրականության միջոցով մենք միմյանց հեռահար կերպով արդեն ծանոթ ենք եւ կարեւոր չէ, թե ով որտեղ է ապրում՝ որ մայրցամաքում։ Մենք նույն «վայրում» ենք, տեղեկատվական նույն տարածության մեջ։ Կան սոցցանցերի հերոսներ, հակահերոսներ, համարժեք եւ ոչ այնքան համարժեք վարքագծով օգտատերեր՝ նրանք մեր կյանքի մասնիկներն են դարձել։ Սա վիրտուալ հերոսների ժամանակաշրջանն է։ Կարեւորը, այո, պատկերն է, իմիջը եւ հետեւորդների բանակը։

Off Line-ը` իրական կյանքը, արդեն խիստ անձնական ոլորտ է եւ պատահական չէ, որ մարդիկ իրական կյանքում միմյանց հանդիպելիս` ցանկանում են լուսանկարվել ու լուսանկարները բոլորին հաղորդակից դարձնել սոցիալական ցանցերում` որպես նշանակալից իրադարձություն։

Վիրտուալ բուռն կյանքով է ապրում նաեւ ՀՀ ընտրյալ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ կյանքի գլխավոր հերոսներից է, անգամ կառավարության ու Ազգային ժողովի նիստերն են իրենց միակ իմաստը սոցցանցերում գտնում։ Մեր «վիրտուալ վարչապետն» իր աջակիցների վիրտուալ բանակով վարում է քաղաքականություն, որի նպատակը like-երի ու share-երի քանակն է։ Հավանումների  քանակի անկումը սպառնում է կառավարության ճգնաժամ առաջացնել եւ` ընդհակառակը։ Վիրտուալ բանակները եւ, մասնավորապես, այս կամ այն գործչի ֆաները քաղաքականություն են թելադրում։

Սակայն մի կողմ քշված «ինտիմ» իրականությունն իր մասին սկսել է հիշեցնել։ Համավարակը մեզ կտրել է իրական կյանքից (մենք մարդկանց հետ չենք հանդիպում ու պատսպարված ենք փակ տարածություններում), եւ ավելի ենք ընկղմվել վիրտուալ տարածության մեջ: Բայց համավարակը, միեւնույն ժամանակ, մեզ վերադարձնում է իրականություն, իրական կյանք` իր սոցիալական խնդիրներով, որոնք լուծումներ են պահանջում։ Հասկանալի է, like-երով սնվել չի ստացվում։

Սոցցանցերի վիրտուալ հերոսը՝ վարչապետը, մեզ չի թողնում դուրս գալ վիրտուալ իրականությունից, որտեղ կյանքն ուրախ է, թվերը` հուսադրող, իսկ «ժողովրդից թալանածը» վերադարձվում է «ժողովրդին», սակայն իրական կյանքը հակառակ պատկեր է ցույց տալիս։ Մարդկանց շրջանում առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, երբ սոցցանցերի «սրտի հերոսի» մատնանշած «իրականությունն» ու իրական «իրականությունը» տարբեր պատկերներ են իրենցից ներկայացնում։

Այդ երկու աշխարհների հակասությունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Իհարկե, ավելի նախընտրելի է ապրել վիրտուալ կյանքում, որտեղ ամեն ինչ լավ է, բայց որքան երկար դա կհաջողվի` դեռեւս պարզ չէ, եւ սա է այսօրվա հիմնական ինտրիգը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: