Ուրբաթ, Օգոստոսի 07, 2020

Խմբագրական

Թանկացող գույքահարկ` առանց սոցիալական երաշխիքների

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մինչ քաղաքակիրթ աշխարհում ելակետային է դառնում անցումը մարդակենտրոն օրենսդրական լուծումների, որոնց առանցքում մարդն է` անօտարելի իր արժանապատվությամբ ու բնական իրավունքներով, «թավշյա» հեղափոխության արժեքները թմբկահարող հայաստանյան իշխանությունները մարդուն սոցիալապես ու բարոյապես կոտրելու, նվաստացնելու նորանոր ձեւեր են մտմտում: Խոսքը վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքների եւ իրավական կարգավորումների մասին է, որոնցում ակնհայտորեն բացակայում է շատ կարեւոր մի բաղադրիչ` սոցիալական երաշխիքը: Ամենաթարմ օրինակը հունիսի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված` Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն է, որի շուրջ հանրային դժգոհությունների ալիք է բարձրացել:

Օրենքի ընդունման ընթացակարգերից մնացել է վերջինը` Հայաստանի նախագահի ստորագրությունը, որից հետո փաստաթուղթը կմտնի օրինական ուժի մեջ: Սա նշանակում է, որ 2021-ի հունվարի 1-ից հայաստանցիները հարկադրված են լինելու իրենց անշարժ գույքի համար վճարել այժմ գործող սանդղակի համեմատ 3-5 անգամ ավելի բարձր հարկ: Բանն այն է, որ հարկն այլեւս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային արժեքի, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա, որի համաձայն վճարվելիք դրույքաչափի տարբերությունը բավական տպավորիչ է։

Թվում է` պետությունն իր «հպարտ» քաղաքացու հարկային բեռան կտրուկ աճը մեղմելու որեւէ միջոց պետք է ձեռնարկեր: Սակայն միակ բանը, որ այդ ուղղությամբ Կառավարությունը պարտավորվում է անել` ապահովելն է, որպեսզի անցումը նոր համակարգի կատարվի աստիճանաբար` մի քանի տարվա ընթացքում, պրոգրեսիվ աճի սկզբունքով: Բայց սա իրավիճակի մեղմացում չէ: Ի՞նչ երաշխիք կա, որ 4 կամ 6 տարուց հետո, երբ վրա հասնի գույքահարկն արդեն լիարժեք դրույքաչափով մարելու ժամանակը, տվյալ քաղաքացին ի վիճակի է լինելու այն վճարել: Կառավարությունը խնդրի այդ կողմին ուշադրություն դարձրե՞լ է, թե նրա հաշվարկը միայն բյուջեն լցնելն է: Մարդկանց մտահոգությունները միանգամայն հասկանալի են:

Գույքահարկի բարձրացման օրենքի դեմ առաջինն արշավ սկսեցին մայրաքաղաքի բնիկները` հունիսի 27-ին սոցցանցերում տարածած «Ես բնիկ եմ, եւ սա իմ քաղաքն է» ֆլեշմոբով, որը նախաձեռնել էր մշակութային գործիչ, երգահան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին: Արդեն նույն օրը ձեռնարկին միացել էին հին Երեւանի էությունը, սիրտն ու ոգին ներկայացնող մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ, պարզապես, ազնիվ քաղաքացիներ: Նրանք համոզմունք են հայտնում, որ օրենքն ունեզրկելու է հատկապես կենտրոնում ապրող Երեւանի բնիկներին, քանզի այդտեղ անշարժ գույքն ամենաթանկն է, ուստիեւ հարկն` ամենաբարձրը: «Սիրելի երեւանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից ու տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էքսպրոպրիացիայի նոր «ձեւ» է»,- այս հորդորն էին հնչեցնում խնդրով մտահոգ մտավորականները։

Դժգոհող երեւանցիների ֆեյսբուքյան ակցիայի վերաբերյալ գրառումներին արձագանքել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիների խմբին բաց քննարկման էր հրավիրում, երբ արդեն ԱԺ երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունվել էր: Հետեւաբար` շատ տեղին էր Վահան Արծրունու պատասխանը. «Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որեւէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր եւ ձեր նմանների նշանաբանն են: Ո´չ հարգանքի, ո´չ վստահության տեղ չեք էլ թողնում»,- գրել է Արծրունին: Սա, ի դեպ, այն Թունյանն է, որը կենտրոնում սերնդեսերունդ ապրողների բողոքներին ի պատասխան` խորհուրդ է տալիս վաճառել բարձր հարկման ենթակա պապենական տներն ու բնակարանները եւ տեղափոխվել ծայրամասեր, որտեղ գույքահարկն անհամեմատ ցածր է:

Տարատեսակ հարկերի եւ տուրքերի միջոցով պետական գանձարանին հավելյալ գումար բերելու մարմաջը նոր երեւույթ չէ: Ժամանակին այդ գայթակղությունը չէր շրջանցել նաեւ նախկին իշխանություններին, սակայն հանրային ընդվզումների վախը կամ, միգուցե, չափի զգացումը նրանց թույլ չէր տվել այդաստիճան առաջ գնալ: Նոր իշխանությունները, ըստ երեւույթին, ապավինելով լեգիտիմության երբեմնի բարձր նիշին, իրենց ավելի վստահ են զգում խնդրահարույց օրենքներ ընդունելիս կամ ժողովրդին «տուրքախեղդ» անելիս, ինչը տեսանելի է հատկապես դիմակ չկրելու կամ առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալու դեպքում նշանակվող տուգանքներից: Մյուս կողմից էլ, ըստ որոշ տեսակետների, իշխանությունների «համարձակությունն» ուղիղ համեմատական է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը, ինչը հնարավորություն է ընձեռում բացառելու բողոքի զանգվածային ակցիաները, խլացնելու ընդդիմախոսների ձայնը:

Արդեն իշխանական շրջանակներից խոսակցություններ են հասնում արտակարգ դրությունը մինչեւ տարեվերջ երկարաձգելու` Կառավարության մտադրությունների մասին: Եվ սրանում կարելի է համոզված լինել: Արտակարգ դրության պայմաններում մեր իշխանություններն իրենց զգում են` ինչպես ձուկը ջրում: Այդ իրադրությունում նրանք առանց գլխացավանքի ընդունել եւ շարունակում են ընդունել իրենց «սրտի» օրենքներն ու որոշումները:

Երկարաձգելով արտակարգ դրության ռեժիմը` Կառավարությունը, խոշոր հաշվով, երկարաձգում է իր իշխանությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: