Չորեքշաբթի, Սեպտեմբերի 19, 2018

Խմբագրական

Ընդհարում Անցյալի եւ Ապագայի միջեւ

Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք տեսնելու երկու տարբեր Հայաստաններ։ Մեկը խորհրդարանում հավաքված կամազուրկ ու ապաքաղաքական փողկապավոր զանգվածն է, իսկ մյուսը փողոցում է՝ հանձին ուսապարկերով երիտասարդների։ Դրանք Անցյալի ու Ապագային Հայաստաններն են։ Երկու զուգահեռ աշխարհներ, որոնցից մեկը պայքարում է անցյալի կյանքը երկարաձգելու, իսկ մյուսը՝ ապագան իրականություն դարձնելու համար։ Այդ երկու Հայաստանները տարբեր իրականություններում են ապրում ու շփման եզրեր չունեն։ Նրանք միմյանցից բաժանված են ոստիկաններով։ Առաջինը քծնում է իր առաջնորդին՝ իր գոյության երաշխավորին, առանց որի դատապարտված է փլուզման, իսկ երկրորդը՝ դեռ հույսերով է ապրում, սակայն չունի իր ապագայի նախագիծը։

 

Անցյալի Հայաստան

Անցյալի Հայաստանի ձեւավորման մեկնարկը տրվեց 1988-ին՝ Արցախի համար սկիզբ առած համաժողովրդական պայքարին զուգահեռ, որի ընդերքում սկսեց սաղմնավորվել պատեհապաշտների զանգվածը։

Պատերազմները ոմանց համար ինքնադրսեւորվելու եւ ինքնազոհաբերվելու ժամանակաշրջան է, իսկ ուրիշների համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում։ Ղարաբաղյան շարժման ընդերքում սկսեց ձեւավորվել մարդկանց նոր կորպուս, որոնց համար կար մեկ արժեք՝ ընչաքաղցություն հանրության հաշվին։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդկային հավաքածուն Հայաստանի ամենակենսունակ խավն է։ Նրանց համար կյանքը պարզ էր, նպատակները՝ հստակ, շահը՝ ձեւակերպված, մնում էր համապատասխան առաջնորդ գտնել։

Այսօրվա խորհրդարանը ստորակարգված (սուբորդինացված) մարդկանց խումբ է, որոնք բաժանված են շահային խմբերի՝ գործարարներ, տարածաշրջանային հեղինակություններ, շրջանառությունից դուրս եկած, բայց ցուցադրաբար ՀՀԿ-ում հանգրվանած նախկին «հաճախորդներ», եւ ՀՀ առաջնորդի անձնական օգտագործման «քաղաքական թեւը»։ Դա հստակ շահերի վրա ձեւավորված օգտապաշտ մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչ են ուզում եւ ումից են ուզում։ Պատահական չէ, որ խորհրդարանում հազվադեպ են հնչում քաղաքական ելույթներ, իսկ հազվադեպ հանդիպող քաղաքական բանավեճերի ժամանակ էլ երբեմն անկեղծ կոչ է հնչում, թե չքաղաքականացնել այս կամ այն օրինագիծը։ Այդ խմբերի շահերը միմիայն Սերժ Սարգսյանն է կարողացել հավասարակշռել եւ դրանով իրենից կախվածության մեջ դրել բոլորին։ Բայց, միեւնույն ժամանակ, դա ծուղակ է այդ շահերի վրա ձեւավորված խմբերի համար, քանզի Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտը հարցականի տակ է դնում նաեւ իրենց ապագան։ Նրանք չունեն քաղաքական եւ, միգուցե, ոչ միայն քաղաքական, հեռանկար։ Դա անհեռանկար Անցյալի Հայաստանն է։

 

Ապագայի Հայաստան

Ապագայի Հայաստանը այն երիտասարդներն են, որոնք դուրս են եկել փողոց եւ ցանկանում են փոխել իրենց կյանքը։ Սակայն երիտասարդները, ի տարբերություն  Անցյալի Հայաստանի, չունեն ձեւակերպված շահեր ու ապագայի քաղաքական նախագիծ։ Դա հեռանկարի բացակայության, դժգոհության, փոփոխությունների տենչի ու հույսի արտահայտությունն է՝ ընդվզում անցյալի ու գաղջ ներկայի հանդեպ: Սակայն առանց քաղաքական նախագծի, առանց ձեւակերպված ու գիտակցված նոր արժեքային համակարգի, նոր մեթոդների ու քաղաքական տեխնոլոգիաների, ապագա Հայաստանը հազիվ թե կարողանա իրականություն դառնալ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am