Հինգշաբթի, Նոյեմբերի 15, 2018

Խմբագրական

Միանձնյա որոշում կայացնելու մոլուցքը

Հունվարի 28-ին Հայաստանը տոնեց Բանակի օրը։ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի պատվին անցկացված տոնական միջոցառումների թվում իր ուրույն տեղն էր զբաղեցնում քաղաքացիների, երկրի քաղաքական ու զինվորական այրերի, պետական պաշտոնյաների այցը Եռաբլուրի զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրքը հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած մեր հերոսներին: Հայ ժողովրդի համար այդ տոնական օրն իսկապես ամենից հոգեհարազատն է դարձել։ Պետության կայացման գործում չկա ավելի մեծ ներդրում, քան՝ ժողովրդի անվտանգության ապահովման համար ցուցաբերված անձնազոհությունը։ Ազգի զավակը՝ լինի շինական, գործարար, պաշտոնյա, թե պրոֆեսիոնալ զինվորական, 18 տարեկան երիտասարդ, թե 70-ամյա տարեց մարդ, հայրենիքի պաշտպանության գործին անդամագրվելու բուն փաստով իսկ հերոս է, քանզի անձնազոհությունն անհատի բարոյահոգեբանական որակների թվում ամենակարեւոր առաքինությունն է եղել բոլոր ժամանակներում։ Նման հերոսները պաշտոնական ճանաչման կարիք չունեն, հանրությունն ինքն է գնահատում եւ ըստ արժանվույնի մեծարում իր հերոսին։

Նախատոնական ու տոնական օրերին մեր հասարակության ուշադրությունը սեւեռվել էր նաեւ մեկ այլ խնդրի վրա։ Կյանքից անժամանակ հեռացել էր Հայաստանի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած՝ հայ ժողովրդի մտավորական զավակներից մեկը՝ Սարգիս Հացպանյանը, եւ հանրության խնդրանքն ու պահանջն էր, որ նրա աճյունն ամփոփվի Եռաբլուրում։ Սակայն այդ խնդրի շուրջ կար որոշակի անորոշություն, քանզի Հացպանյանն իր սկզբունքայնությամբ, անարդարությունների ու անօրինականությունների հանդեպ ըմբոստ պահվածքով մշտապես քննադատության թիրախում էր պահում գործող վարչախմբին, ինչի կապակցությամբ էլ բանտ էր նստել եւ, առանց ներում հայցելու, կրել սահմանված ողջ պատժաչափը։

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցը եւ, չնայած ինչ-ինչ փաստաթղթերի բացակայությանը, խնդրին տրվել է դրական լուծում։ 

Թվում է՝ Սարգիս Հացպանյանի հուղարկավորության խնդրին տրվեց դրական լուծում, եւ Եռաբլուրում հերոսների առջեւ գլուխ խոնարհելիս այսուհետ նրանց թվում հայ ժողովուրդը կհիշատակի նաեւ իր Հացպանյան զավակին։ Սակայն այս ամբողջ պատմության մեջ մի ծանր նստվածք, այնուամենայնիվ, մնում է։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Հացպանյանի՝ Եռաբլուրում հուղարկավորելու թույլտվության ձգձգումը պայմանավորված էր նման լուծման չգնալու՝ երկրի բարձրագույն ղեկավարության չկամությամբ։ Ի վերջո, ինչպես նշվեց ՊՆ հաղորդագրության մեջ, միայն ՀՀ նախագահի հանձնարարությամբ է, որ պաշտպանական գերատեսչությանն իրավունք էր վերապահվել հանրության շրջանում հերոսի կոչումը վաստակած գործչին թույլատրել հուղարկավորել մեր մյուս հերոսների կողքին։

Նշվածը տխուր խորհրդածությունների տեղիք է տալիս։ Այս օրերին արագացված կարգով դրվում են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման հիմքերը։ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը դառնալու են անձամբ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմիններ, կառավարության նիստերն անցնելու են դռնփակ եւ այլն։ Այս ամենից արդյոք չի՞ հետեւում, որ ժողովրդի ծոցից ելած ու պետության պաշտպանությանն անդամագրված հերոս զավակները զոհվելիս կամ մահանալիս այսուհետ միայն անձամբ Սերժ Սարգսյանի ցուցումով կարող են դասվել հերոսների շարքը եւ տեղ ունենալ Եռաբլուրի զինվորական պանթեոնում։

Բոլոր երկրներում կան հերոսներ, ովքեր կյանքում երբեք գլուխ չեն խոնարհում անարդարության առջեւ։ Սարգիս Հացպանյանը դրանցից մեկն էր։ Բանտից դուրս գալու համար հերոսից պահանջել հանդես գալ ներման խնդրանքով, այսինքն՝ ինչ-որ տեղ նվաստանալ, իսկ մահից հետո նրան արհեստականորեն «բերել» իր դուռը՝ թաղման խնդրանքով, ապաեւ ինքնավեհացում ապրել հերոսի դիակի վրա՝ ծանոթ եզրաբանությամբ ասած՝ սիրուն չէ: Ավելին՝ դա հակահերոսին բնորոշ վարքագիծ է։

Արժե այս մասին մտածել:

 

Mania of individual decision-making

Мания единоличного принятия решений

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am