29.11.2020

Свободная Платформа

Սա անկախության պատերազմ է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շատերն ասում են` գոյատեւման, կյանքի իրավունքի կամ ասում են` հայրենական պատերազմ: Սա ճիշտ է, բայց ամբողջը չէ եւ հիմնականը չէ:

Ամբողջն ու հիմնականը անկախության պատերազմն է:

Սովորական հարց չի դրված` հաղթե՞լ, թե՞ չհաղթել պատերազմում:

Դրված է ինքնուրույն քաղաքական միավոր լինելու իրավունքի եւ այդ ինքնուրույնության չափի հարցը:

Մեր տեղն աշխարհում, տարածաշրջանում, մեր կշիռը, դիրքը որոշվում են այս օրերին, եւ որոշվում են երկարաժամկետ կտրվածքով:

Դեռ 30 ու մի քիչ ավել տարի առաջ հայ ազգը քաղաքականապես խեղճ, կոտորածի ենթակա մի համայնք էր, որը հպարտ էր իր մշակութային անցյալով ու ներկայով, բայց որն իր անվտանգության հույսը դնում էր օտար ուժի պաշտպանության վրա: Հային սպանում էին անպատիժ, եւ պաշտպաններն ուշանում էին: Մենք դա տեսել ենք, գրքերից չէ, որ գիտենք: Դա 1988-ին էր, 1989-ին, 1990-ին:

Հայ ազգը քաղաքանապես զրո էր, թանգարանի ապրանք էր, բարի ու անշառ «многострадальный армянский народ» էր: Իր պայքարով հայ ազգը դարձավ քաղաքական եւ ռազմական միավոր: Ինքն իր անվտանգությունն ապահովող:

Ու հիմա սա նորից ուզում են հարցականի տակ դնել: Ադրբեջանը նախեւառաջ: Հետո` Թուրքիան: Հետո՝ Ռուսաստանը, որտեղ սպասում են, թե երբ ենք աղերսելու փրկություն, որ թանկ գնով մեզ վրա վաճառեն: Շատերն այդպես էլ չհավատացին ու չհասկացան, որ հայ ազգն ի զորու է լինել անկախ ու ինքնուրույն:

Ու հիմա այդ հարցն է լուծվում:

Մենք ո՞վ ենք:

Մի խեղճ քրիստոնյա թանգարանային փոքրամասնությո՞ւն: Բարի բնիկնե՞ր, որոնց մասին պետք է հոգալ, բայց որոնք իրենք ոչինչ չեն որոշելու:

Թե՞ այլ անկախ ազգերի ընտանիքում եւս մեկ անկախ ազգ, որը` ա/ ի զորու է սեփական ուժերով ապահովել սեփական անվտանգությունը, եւ բ/ իրավունք ունի սեփական որոշումներ կայացնել սեփական ներկայի ու ապագայի մասին:

Այո, ոչ միայն անվտանգություն ապահովելու, պաշտպանվելու մեր կարողությունն է փորձարկվում, այլեւ մեր սեփական կյանքի մասին մեր որոշումներ ընդունելու իրավունքը` հեղափոխությո՞ւն էիք ուզում, ավելի արդար կյա՞նք էիք ուզում: Պետք է ապացուցեք դրա իրավունքը:

Եվ անվտանգության հարցը. ո՞վ եք դուք, որ հակամարտության գոտում ինքնուրույն՝ առանց խաղաղապահների ապահովեք խաղաղություն: Սա է մեր կշիռը:

Ու հիմա էդ մարտահրավերն է նետված մեզ:

Ու երբեք վերջին տարիներին այսքան ուժեղ չի եղել նետված:

Միայն հայ-ադրբեջանական կռիվ չի սա:

Եթե հաղթում ենք, ոչ թե պարզապես ապացուցում ենք մեր իրավունքը:

Ոչ:

Շատ ավելին` հասնում ենք մի կարգավիճակի, որում դեռ չենք եղել:

Հաղթում ենք մարտահրավեր, որը նետված է առնվազն երեքի կողմից` Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա:

Ու նոր իրավիճակ ենք ստեղծում տարածաշրջանում:

Պայմաններ ենք թելադրում:

Հին ստատուս-քվոն այլեւս չի վերադառնալու:

Աստվածները եւ ճակատագիրը նույնպես մեզ մարտահրավեր են նետել՝ կարո՞ղ եք հաղթելով օգտվել նոր հնարավորություններից:

Սրա համար է մեր սուրբ կռիվը:

Հաղթանակը մեր ամեն ինչն է` կրոնը, դավանանքը, աստվածը:

«Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

Тэги

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.