Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, եւ հունիսի 7-ին ընդառաջ 19 քաղաքական ուժեր փորձում են շահել ընտրողների վստահությունը։
Իմ կարծիքով՝ խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի 4-5-ը, իսկ մնացած 14-15-ն անիմաստ ձայներ փոշիացնող են։
Ընդդիմադիր հիմնական ուժերից Գագիկ Ծառուկյանը դրական կերպար է։ Մարդիկ լավ են տրամադրված նրա նկատմամբ։ Տարիներ առաջ մի քանի անգամ շփվել եմ նրա հետ, գիտեմ իր թիմակիցներից շատերին։ Ծառուկյանի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, ավանդական արժեքների նկատմամբ նրա հավատարմություն է։ Կարծում եմ՝ նրա «Բարգավաճ Հայաստանը» կլինի ընդդիմադիր լավագույն եռյակում։
Սամվել Կարապետյանը եւս բարի համբավ ունի։ Բայց ի տարբերություն Ծառուկյանի, Կարապետյանը չունի քաղաքական փորձառություն։ Չնայած դրան, թերեւս, հենց Սամվել Կարապետյանն է ժողովրդի կողմից ամենաշատ սիրված գործիչը։ Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ նրա քաղաքական փորձի բացակայության շնորհիվ է, որ մարդիկ ընդունում, վստահում են, գումարած նրա՝ տարիների լուռ բարեգործությունները եւ եկեղեցու աջակցությունը։ Գրեթե չեմ կասկածում, որ Կարապետյանն ամենաշատ ձայներ կստանա ընդդիմության մեջ։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա ստեղծել է գաղափարական ուժեղ եւ ամուր թիմ, որի առանցքում ՀԴՅ-ն է։ Քոչարյանին գուցե շատերը չեն սիրում տարիների հակաքարոզչության հետեւանքով, բայց անգամ չսիրողները ենթագիտակցաբար հարգում են եւ ընդունում որպես ուժեղ ու կամային առաջնորդ։
Գիտեմ, որ Քոչարյանից շատերը նաեւ վախենում են։ Դա երբեմն վատ է, բայց երբեմն նաեւ լավ։ Մի քանի անգամ զրուցել եմ Քոչարյանի հետ եւ դրականորեն տպավորված եմ նրա համեստությունից ու մարդկային արժեհամակարգից, ինչը հեռուստաէկրանից տեսնել հնարավոր չէ։ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կողմնակիցները թեպետ ամենաշատը չեն ընտրողների մեջ, բայց ամենահավատարիմն են եւ Քոչարյանի հետեւից գնում են ոչ թե զգացմունքների, այլ երկրի լավ կառավարման սառը հաշվարկների, վերլուծության շնորհիվ։
Բոլոր դեպքերում քաղաքական այս երեք ուժերը ստիպված են լինելու որեւէ պահի միավորել հնարավորությունները՝ Նիկոլի հրեշին հաղթելու համար։ Քարոզարշավի լարված մեկամսյակը շարունակվում է։ Տեսնենք՝ ով կհաղթի հրեշին:
Նաիրի Հոխիկյան

