Արցախից բռնատեղահանվելուց հետո հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական եւ բազմաթիվ աշակերտական կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել անուն ու հեղինակություն թողնել իր հետեւում:
Այդ ճանապարհը կարոտաբեր է դառնում, երբ կորցնում ես հայրենիք, տունուտեղ, ընկնում նոր աշխատանք գտնելու փնտրտուքի մեջ եւ հասկանում, որ երանություն էր Արցախի ուսուցչուհի լինելը, անգամ, երբ վերջին երկու տարում թոշակառու մանկավարժ էի՝ դպրոցում ժամանակավոր աշխատելիս:
Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց մեր հիշողության մեջ ամուր նստած դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ լինենք:
Հայրենիքը կորցնելուց առաջ ինն ամսից ավելի մեզ սովահարության տարան, պարտադրեցին, որ ապրենք ցրտահարված, առանց լույսի, բազում աղետների մեջ: Եվ զարմացան, որ հնարամիտ հայն ապրել գիտի, գոյատեւել գիտի, որքան էլ օղակը սեղմեն: Ու սեղմեցին, որքան կարող են, սեղմեցին նոր զոհերի գնով, սեղմեցին հայրենիքը մեզանից դատարկելով, սեղմեցին մինչ հասան մեր ոսկորներին, ու երբ հասավ ջարդելու, մեզ բզկտելու, վերջացնելու պահը, քիչ դադար տվեցին, որ հեռանանք այն հողից, որում ծնվել, ստեղծել, արարել ենք…
Կոտրված, ջարդված ու բզկտված հասանք մայր երկիր՝ մեր ներսում ահռելի ավերածություն` նոր զոհերի, հայրենիքի կորստով, բայց համոզված, որ պիտի ամեն րոպե, ամեն ժամ, ամեն վայրկյան մեր գրկում ամուր սեղմած պահենք Արցախը, որ գերության մեջ չմրսի, իր զավակներից զրկված մեր սրբավայրն ամուր պահենք մեր սրտերում, որ մենության մեջ աղեկտուր չհեծեծա…
Ամեն անգամ հաց համտեսելիս՝ նորից մտովի հայտնվում եմ Արցախում՝ արեւածագի հացի հերթերում: Որքա՜ն առատ է հացը աշխարհում, իսկ մենք սոված, երբեմն կիսասոված էինք: Որքա՜ն առատ է աշխարհում լույսը, իսկ մենք ամեն օր ժամերով առանց լույսի էինք: Նույնքան առատ է այստեղ գազամատակարարումը, իսկ մենք զրկված էինք ջեռուցումից, կաթվածահար էր ավտոճանապարհների երթեւեկությունը, իսկ աշխարհում վառելիք կա, որքան ասես: Ցավոք, վառելիքն էլ դարձավ Արցախում նոր զոհերի պատճառ:
Մեր արմատներին, ազգային արժեքներին կառչած, դարերով հայկականը պահպանելով, հավատարիմ մեր նախնիների թողած ժառանգությանը` ապրում էինք մեր հավատքով, մեր ավանդույթներով, իսկ աշխարհին լեզու թե հավատ չէր հետաքրքրում, երբ անբարոն հաղթել էր բարոյականին, հին ու ազնիվ արժեքները տեղի էին տվել` իրենց տեղը զիջելով անպատվաբերությանը, երկսեռ կյանքը բախվում էր եռասեռ ու միասեռ անբարոյականությանը:
Այս նոր աշխարհը մերը չէր, երբ դեմառդեմ բախման էին ելել ազնիվն ու անազնիվը, մարդկայինն ու անմարդկայինը, բարոյականն ու անբարոյականը… Ու դարերից եկած մի կտոր երկիր իր մաքուր տեսակն էր ի ցույց դրել չարաղետ աշխարհին, իսկ աշխարհը, առանց աչք թարթելու, նայեց, թե ինչպես են վերացնում այս ժողովրդին պատերազմներով, թե սովահարությամբ, ցրտահարությամբ, թե մեր գլխին բերած բազում աղետներով:
Արցախցիների դիմադրությունը կոտրելու վերջին տարբերակը մեզ ոչնչացնելն էր, հայրենիքից զրկելը, հայրենի հողից քշելը… Ու բազում զոհերով հայրենազուրկ դարձանք, բայց չմոռացանք, որ ինչպես էլ լինի, ուղղակի ապրել է պետք, Արցախի մասին հիշողությունը թարմ պահել է պետք, իսկական արցախցու հայկական գենը սերնդեսերունդ փոխանցել է պետք…
(Շարունակելի)
Նատաշա Պողոսյան