23.09.2018

Свободная Платформа

«Կորուսյալ տիրոջ» համախտանիշ

Նախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետը Սյունիքում էր, որտեղ նա ժողովրդական մեծ ընդունելության արժանացավ: Կապանում Նիկոլ Փաշինյանին ուղղակի «կալմեջ» էին արել՝ ամեն ոք ցանկանում էր հնարավորինս մոտ գտնվել նրան, ձեռքով բարեւել կամ լուսանկարվել հետը: Բուռն իրարանցում էր: Եվ հանդիպման բուն մեկնարկին, երբ քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին փորձեց պատասխանել Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նույնիսկ քաշքշոց առաջացավ, մարդիկ սկսեցին սուլել եւ թույլ չտալ, որ քաղաքապետը խոսի: Նրանք ուզում էին իրենց հարցի պատասխանը ստանալ անձամբ Նիկոլից: Տեղական իշխանիկների ստերից մինչեւ կոկորդներն արդեն կուշտ էին:

Երեւում էր՝ հավաքվածների համար մի տեսակ խորթ էր երկրի վարչապետի ներկայությունը` այդքան մոտ ու մատչելի: Լիսկայի «մտրակին», նրա Տիգրան որդու լպիրշություններին սովոր կապանցիները հոգեբանական ցնցակաթվածի մեջ էին: Մարդկանց համար հեշտ չէր պետության առաջին դեմքին ընկալել հասարակ հագնված, կեպիով, ժպտադեմ, ոչնչով առանձնապես աչքի չզարնող անձի կերպարում: Տասնամյակներ շարունակ բեւեռացված հայ հանրության մեջ դա աննախադեպ երեւույթ էր, եւ կապանցիները չգիտեին, թե մեկ էլ երբ կարող է իրենց վիճակվել նման երջանիկ, եթե չասենք՝ պատմական պատեհություն:

Այդուհանդերձ՝ամենաուշագրավը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականն էր սույն հանդիպումից ժամեր անց: Շատերն այն վերագրում են ՀՀԿ-ական գործչի «նեղացկոտությանը»: Իրականում պատճառներն ավելի խորքային են: Այդ մասին քաղաքապետն ակնարկել է. «Այս որոշման համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խորը պատճառներ... այսօր իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, մեր համայնքի բնակիչների ակնկալիքներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ»,- լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումում նշել է Հայրապետյանը:

Պաշտոնում մնալու աղոտ հույսեր փայփայող քաղաքապետն այդ օրը, ի վերջո, հասկացավ, որ փոփոխված այս նոր իշխանակարգում ինքն այլեւս տեղ եւ անելիք չունի` երեկվա օրը ետ չես բերի: Սերժի օրոք կառավարման բանաձեւը շատ պարզ էր՝ «մուծվիր եւ վայելիր պաշտոնդ»: Կոնկրետ դեպքում «մուծվելը» բավական լայն ու տարողունակ հասկացություն է: Դրա տակ հասկացվում էին նաեւ ընտրությունների ժամանակ հօգուտ հարազատ կուսակցության քվեներ բերելը, շեֆերին զանազան կեղտոտ ծառայություններ մատուցելը, անձնական հավատարմության երդումը չդրժելը եւ այլն: Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովը ձեզ օրինակ:

Հայրապետյանն իր հետագա պաշտոնավարումը այլ կերպ, քան վերոնշյալ գործարքի հիման վրա համապատասխան հանձնառություն ստանալն ու այն ի կատար ածելն է, չի պատկերացնում: Պարզ ասած` չգիտի՝ ում եւ ինչպես պետք է հետայսու «մուծվի»: Որովհետեւ «մուծվելն» իր համար կենացմահու խնդիր է, այլապես հարկադրված կլինի աշխատել առանց ապահովության հուսալի երաշխիքի: Սերժի օրոք իրենց պայմանավորվածություններում այդպիսի կետ չկար: Պատահական չէ, որ նրա խոստովանությամբ` առաջիկա գործունեության ու անելիքների համատեքստում համայնքի բնակչության եւ իր անձնական պատկերացումները տարբերվում են, ինչը եւ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու պատճառն է:

Առհասարակ` «թավշյա» հեղափոխությունից հետո պետական պաշտոնյաների մի ստվար շերտ համակվել է անբուժելի մի ցավով, որը խորհրդանշորեն կարելի է անվանել «կորուսյալ տիրոջ» համախտանիշ: Դա առանց հովանավորի ու երաշխավորի մնացած ՀՀԿ-ական պաշտոնյաների դասն է, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել երբեմնի դիրքերն ու արտոնությունները կորցնելու դաժան իրականության հետ: Ոմանք Հայրապետյանի պես՝ իրավիճակից որեւէ ելք չտեսնելով, հրաժարական են տալիս, իսկ մյուսները, որոնց դեռ չի լքել հույսը, սպասում են ՀՀԿ-ի «երկրորդ գալստյանը»: Մի խոսքով՝ Արմեն Աշոտյանը ձեզ օրինակ...

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am