20.09.2018

Свободная Платформа

Ժնեւյան բանակցություններ. Սարգսյանը վառեց «կանաչ լո՞ւյսը...»

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական բանակցությունները: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք արդյունքների մասին անել մեզ տրամադրված ժլատ տեղեկատվությունից: «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը» Սրանք ոչինչ չասող ընդհանուր ֆրազներ են, որոնք մշտապես ձեւակերպվում են նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո: Բանակցությունների մեկնարկից առաջ հայկական կողմն այդպես էլ ոչ մի նախապայման չներկայացրեց: Մինչդեռ Սարգսյանը պարտավոր էր հատուկ նախապայմաններ դնել:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը դժվար կացության մեջ էր հայտնվել. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները դիվանագիտական ​​մակարդակով ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայման հստակ հարց էին դրել: Սա

Ալիեւի համար չափազանց անշահավետ էր, քանի որ դրանով ոչ միայն խարխլվում էին վերջինիս, այսպես կոչված, ռազմական դիվանագիտության (հայ զինվորների կանխամտածված սպանությամբ ազդել դիվանագիտական ​​գործընթացի վրա) հիմքերը, այլեւ անուղղակիորեն ամրագրվում էր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ընկած սահմանը: Արդեն գրել ենք, որ Սերժ Սարգսյանը կարող էր հրաժարվել Ալիեւի հետ բանակցություններ վարելուց՝ հատուկ նախապայման դնելով բանակցությունների մեկնարկի համար:

Նման հնարավորություն կար հատկապես ՄԱԿ-ի 72-րդ համագումարում Ալիեւի ունեցած ելույթից հետո, որտեղ նա Սարգսյանին անվանեց պատերազմական հանցագործ: Ուրեմն՝ Սարգսյանի արձագանքը համահունչ կլիներ ոչ միայն Մինսկի խմբի միջնորդների, այլ նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին: Բանակցությունների արդյունքում Ալիեւը կարողացավ դուրս գալ իր ընկած ծուղակից, եւ չեզոքացնել սահմանի վրա վերահսկողական սարքերի տեղակայման հետ կապված՝ իր համար խիստ աննպաստ զարգացումները: Փայլո՛ւն դիվանագիտական ​​հաղթանակ, որի ճանապարհին «կանաչ լույս» վառեց ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ կորցրեց Հայաստանը:

  1. Ալիեւը շփման գծում մեր զինվորներին կրկին անպատիժ սպանելու իրավունք ստացավ, քանի որ մշտադիտարկման պայմանները բանակցությունների փակագծերից դուրս մնացին: Ադրբեջանը ոչ մի պատիժ չկրեց 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծելու համար: Ավելին՝ այդ պատերազմից հետո Հայաստանի պարտության պատճառով հայ հասարակության եւ Սփյուռքի կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան:
  2. Կրկին արդիականացան Մադրիդյան սկզբունքները, բայց արդեն ոչ թե հինգ շրջանի հանձնումով, ինչպես այդ մասին ասել էր Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք հանդիպման ժամանակ, այլ 6 շրջանի՝ առանց Արցախի կարգավիճակի հստակ սահմանման եւ «Ադրբեջանին տարածքներ հանձնելու» հարցին գոնե Շահումյանի, Գետաշենի եւ Մարտակերտի շրջանների վերաբերյալ հակահարց բարձրացնելու իրավունքի:
  3. Հայաստանի հերթական դիվանագիտական պարտությունը բացասաբար կանդրադառնա Մինսկի խմբի միջնորդների մասնակցությամբ հետագա բանակցությունների վրա:

Եթե նախկինում բանակցային գործընթացում Հայաստանի այդ մշտական դիվանագիտական զիջումները կարող էին վերագրվել հայ դիվանագետների անփորձությանը, ապա այս հանդիպումից հետո խնդիրն ամբողջովին տեղափոխվում է այլ հարթություն: Տվյալ դեպքում, բանակցությունների արդյունքում մեր զինվորների կյանքն է վտանգվում, որոնց կարելի է անպատիժ սպանել, որովհետեւ վերահսկողական մեխանիզմների երաշխիք հանված է: Ասվածի հաստատումը, ցավոք սրտի, չուշացավ: Սարգսյան-Ալիեւ բանակցություններից եւ ՀՀ գործող նախագահի՝ «մենք պայմանավորվել ենք միջոցներ ձեռնարկել առաջնագծում լարվածությունը նվազեցնելու եւ զոհեր թույլ չտալու համար» հավաստիացումներից ընդամենը 4-5 օր անց առաջնագծում հակառակորդի գնդակից զոհվում է 19-ամյա Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Հետեւություններն ինքներդ արեք:

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am