Շաբաթ, Փետրվարի 27, 2021

Խմբագրական

Մենք բոլորս «Սերժ» ենք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018-ի իշխանափոխությունը շատերը հեղափոխություն են անվանում, սակայն դա դեռ քննարկելու հարց է: Ցանկացած հեղափոխություն, ինչպես հայտնի է, ունի իր անվանումը։ Օրինակ՝ 17-րդ դարի անգլիական հեղափոխությունն անվանում են «Պանծալի հեղափոխություն», ֆրանսիական հեղափոխությունը՝ «Ֆրանսիական մեծ հեղափոխություն», իսկ 21-րդ դարում հեղափոխությունները սկսել են անվանվել ռոմանտիկ անուններով՝ վրացական «Վարդերի հեղափոխություն», «Արաբական գարուն», «Կակաչների հեղափոխություն», «Արժանապատվության հեղափոխություն» եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել:

Հեղափոխությունները շատ դեպքերում անվանումներ են ստանում տարիներ անց՝ կախված դրանց արդյունքներից։ Անվանումներ ունեն նաեւ մեծ փոթորիկները, տորնադոները, արհավիրքները եւ բնության մյուս ավերիչ երեւույթները, որոնք եւս մարդկությանն ուղղված նոր մարտահրավերներ են, ինչպես հեղափոխությունները։ Ցանկացած հեղափոխություն ոչ միայն ավերում է հինը, այլեւ տալիս է նորը ստեղծելու հնարավորություն՝ չնայած ոչ միշտ:

Եթե համաձայնվենք, որ 2018-ին Հայաստանում իրոք հեղափոխություն է եղել, ապա անվանման հարցում դեռեւս հանրային համաձայնություն գոյություն չունի։ Իրենք՝ «հեղափոխականները», այն բնութագրում են ոչինչ չասող՝ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» բառերով: Ինչպես տեսնում ենք, «հայկական հեղափոխությունը» չունի ոչ բովանդակային, ոչ անգամ ռոմանտիկ-հուզական որեւէ բնորոշում, եւ դա պատահական չէ։ Բովանդակային առումով ամենահարմարը, թերեւս, կլիներ «Մերժման հեղափոխություն» անվանումը։ Չէ որ հիմնական կարգախոսն էր՝ «Մերժիր Սերժին», որտեղ «Սերժը» հավաքական կերպար էր: «Սերժը» խորհրդանշում էր այն ամենը, ինչը կուտակվել էր վերջին 25 տարվա ընթացքում՝ կոռուպցիա, ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, համատարած անպատասխանատվություն, ամենաթողություն, որոնց մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ՝ այդ թվում բազմաթիվ «հեղափոխականներ», նրանց ծնողներ, հարազատներ եւ ինքը՝ «հեղափոխության առաջնորդը»։ «Սերժին» մերժելով՝ մենք մերժում էինք ինքներս մեզ, որովհետեւ յուրաքանչյուրիս մեջ մի փոքրիկ «Սերժ» էր ապրում։

Սակայն «հեղափոխականները» մերժմանը փոխարինող ոչինչ չառաջարկեցին, ոչինչ չստեղծեցին, 2018-ի ապրիլ-մայիսյան այդ իրադարձությունը չդարձավ արժեքների հեղափոխություն։ «Մերժելով Սերժին», այսինքն՝ ինքներս մեզ, մենք հայտնվեցինք հոգեւոր դատարկության մեջ, իսկ «դատարկությունը» չի կարող միավորել մարդկանց, չի կարող անգամ ինքնապաշտպանվել, ինչի ականատեսը եղանք Արցախյան պատերազմում, այն չի կարող նաեւ ունենալ դաշնակիցներ, ինչը նույնպես տեսնում ենք։ Մենք շարունակում ենք «մերժել Սերժին», սակայն ինքներս մեզանից փախչել չի ստացվում:

Մերժումը ոչ մի լավ բանի չհանգեցրեց՝ Հայաստանն այսօր խեղդվում է անորոշության եւ անհուսության մահճում, որովհետեւ չի տեսնում ապագա, չի տեսնում Նորի սկիզբը։

Մի բան, սակայն, պարզ է՝ «հեղափոխականները» պետք է հեռանան, ինչպես հեռացավ Սերժը: Հեռանան ու իրենց հետ տանեն 2018-ին մեր հասարակական-քաղաքական կյանք ներմուծած միակ «արժեքը»՝ մերժումը: Այլապես չի լցվելու այն դատարկությունը, որն այսօր հետպատերազմյան Հայաստանի լրջագույն սպառնալիքն է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: