Շաբաթ, Հոկտեմբերի 31, 2020

Խմբագրական

Բելառուսում մերժում են Լուկաշենկոյին. իսկ «հետո»-ն անորոշ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները դարձել են համաշխարհային լրահոսի ամենաարծարծվող թեմաներից մեկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին այդ երկրում կայացան նախագահի ընտրություններ, եւ քվեարկության պաշտոնական տվյալների համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացավ ընտրողների ձայների 80,1 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան` մոտավորապես 10 տոկոսը: Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ շարունակում է իր դժգոհությունն արտահայտել բողոքի ամենօրյա մարդաշատ ցույցերով, իշխանություններն արդեն զորք են մտցրել քաղաք։

Բելառուսում իրադրությունը ձեռք է բերել գերկարեւոր քաղաքական նշանակություն, ինչով էլ պայմանավորված է նրա նկատմամբ հետաքրքրությունը աշխարհում, այդ թվում`Հայաստանում: Այս իմաստով Բելառուսի ընտրությունները, հնարավոր է, աշխարհաքաղաքական երանգ ստանան։

Հասկանալի է, որ Եվրոպայի արեւելքում ներունակ աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է մոլորակի քաղաքական քարտեզում դառնալ լուրջ փոփոխությունների պատճառ: Այդ գործում հետաքրքրված են ոչ միայն Եվրոպան, Միացյալ Նահանգները եւ, բնականաբար, Ռուսաստանը, այլեւ Թուրքիան ու Չինաստանը, որը սկսել է մեծ ներդրումներ անել այդ երկրում։

Ի դեպ, նմանատիպ ներդրումներն Ուկրաինայում կասեցվել էին 2014-ի ուկրաինական հեղափոխության պատճառով։ Սա այժմ Չինաստանի` Եվրոպա մուտք գործելու հերթական փորձերից է։ Ռուսաստանի հետաքրքրություններն այնքան ակնհայտ են, որ դրանց մասին խոսելն իսկ ավելորդ է։

Եվրոպայում մոտեցումները միարժեք չեն, եթե մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը բացասական առումով ամենաարմատական դիրքորոշումն են ցուցադրում, ապա արեւմտաեվրոպական երկրների դիրքորոշումները տարբեր են։ Սա նույնպես ցույց է տալիս, որ Եվրոպական միության երկրները տարբեր շահեր ու հետաքրքրություններ ունեն, եւ մեկ միասնական մոտեցում որդեգրելը նրանց համար գնալով ավելի է դժվարանում։

Միացյալ Նահանգների դիրքորոշումը նույնպես միանշանակ չէ` հաշվի առնելով նոյեմբերին այդ երկրում սպասվող թեժ ընտրությունները, որոնք ոչ միայն տեղային նշանակություն ունեն, այլեւ ազդելու են Նահանգների միջազգային քաղաքական ուղեգծի վրա, իսկ արտաքին քաղաքականության հարցերում առայժմ անորոշ վիճակ է։

Լուկաշենկոն շատ սերտ հարաբերություններ է ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ նավթագազային առեւտուր, կարեւորագույն լոգիստիկ նախագծեր, զենքի վաճառք Ադրբեջանին եւ այլն։ Այդ հարաբերությունները Լուկաշենկոն օգտագործում էր նաեւ Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար` տնտեսական շահավետ ծրագրեր իրականացնելու նպատակով: Ըստ էության, Լուկաշենկոն Ռուսաստանին շանտաժի էր ենթարկում Արեւմուտքի ու Թուրքիայի հարաբերություններով, իսկ վերջիններիս՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով։

Այս ամենի վերջը, թվում է, եկել է, սակայն թե որն է լինելու նրա հետագա քաղաքականությունը` դժվար է ասել: Նմանապես դժվար է ասել, թե որոնք են լինելու բազում հարցերի վերաբերյալ Բելառուսի` տակավին չձեւավորված եւ, կարծես թե, պառակտման միտումներ դրսեւորող նորաստեղծ ընդդիմադիր շարժումների դիրքորոշումները: Այս ամենը բազմաթիվ անհայտներով հավասարում է հիշեցնում։ Հենց այդ «անհայտներն» էլ մտահոգում են բոլոր շահագրգիռ աշխարհաքաղաքական կողմերին` միաժամանակ հնարավորությունների դուռ բացելով նրանց համար։

Բելառուսը մերժում է Լուկաշենկոյին, ընդ որում` մերժում են թե´ ռուսական, թե´ եվրոպական ու ամերիկյան կողմնորոշում ունեցողները: Մերժում են, սակայն չեն հստակեցնում, թե ինչ է լինելու դրանից հետո` որպես միավորող գաղափար: «Հետո»-ն չկա, որովհետեւ ազգային քաղաքական միտք Բելառուսում դեռեւս չկա եւ, կարծես թե, երկար ժամանակ չի լինելու։

Հայաստանում նույնպես մերժեցին «Սերժին», եւ «մերժելուց հետո»-ի հարցում դարձյալ դժվարություններ ծագեցին, իսկ ավելի ստույգ` անլուծելի խնդիրներ: Բելառուսում վիճակն ավելի տարերային է։ Ամենայն հավանականությամբ` Բելառուսը դեռ երկար ժամանակ մնալու է համաշխարհային լրահոսի ճակատային սյունակներում` բավական հետաքրքիր զարգացումներով եւ լի անորոշություններով։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: