Կիրակի, Հուլիսի 21, 2024

Խմբագրական

Քաղաքական համակարգը եւ ընդդիմադիր պայքարը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների՝ զանգվածային ծեծուջարդ, ձերբակալություններ, առեւանգումներ, անհնազանդություն հայտնող քաղաքացիների հանդեպ ապօրինի գործողություններ եւ այլն։ Հասկանալի է, որ, չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության կամ արտաքին որեւէ գերխաղացողի վրա: Վերջինիս դեպքում ստիպված կլինի, որպես փոխհատուցում, աճուրդի հանել երկրի շահերը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձեռնարկած փողոցային մի քանի ակցիաների տապալումը (այլ հարց է, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում), ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության նվաստացման փորձերը հանգեցրել են նրան, որ պայքարը Հայաստանում կորցնում է իր բնականոն քաղաքական ընթացքը, ինչը միանշանակ քաղաքական համակարգի անկայունության մասին վկայող ցուցանիշ է։ Բայց նախ փորձենք հասկանալ, թե ինչ ասել է «քաղաքական համակարգ» եւ որոնք են ընդդիմության տեղն ու դերը այդ համակարգում:

Քաղաքական համակարգը կուսակցական կազմակերպությունների ամբողջությունն է, որոնք ընդունում են երկրի գոյություն ունեցող կարգը, սակայն կառավարման ոճի, մարտավարության եւ ապագայի մասին ունեն իրարից տարբերվող պատկերացումներ: Բնական է՝ հասարակության մեջ եւս պատկերացումները տարբեր են: Եվ, հետեւապես, Սահմանադրության, գրված ու չգրված օրենքների շրջանակներում ծավալվում է քաղաքական պայքար, իսկ հասարակությունն ընտրությունների միջոցով տալիս է իր նախապատվությունը որեւէ քաղաքական ուժի, եւ տեղի է ունենում խաղաղ, օրինական իշխանափոխություն: Այսպիսին է կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրների դրվածքը:

Հայաստանում կա կարծրացած տեսակետ, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Փորձը ցույց է տալիս, որ իշխանափոխություն տեղի է ունենում կամ հանրային ընդվզումների, կամ ներիշխանական հեղաշրջման միջոցով: Իսկ եթե դրանցից եւ ոչ մեկը չի հաջողվում, ապա իշխանությունը պահվում է բացառապես ուժային կառույցների իրականացրած բռնաճնշումների միջոցով, ինչի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ տեսնելով, թե ինչպես են խաղաղ անհնազանդության ակցիաները բախվում ընդդիմության նկատմամբ գնալով ահագնացող ուժային գործողություններին:

Առհասարակ՝ զանազանվում է ընդդիմության երկու տեսակ՝ համակարգային, որի համար գերադասելի է իշխանության փոփոխությունը ընտրությունների միջոցով, եւ հակահամակարգային, որը հանդես է գալիս ընդդեմ գոյություն ունեցող կարգերի՝ համարելով, որ ընտրությունների համակարգը խաթարված է, եւ իշխանափոխության պետք է հասնել փողոցի ճնշման գեներացմամբ՝ իշխանության հեռացման պահանջով:

Գործող իշխանությունը, սակայն, հրաժարական տալու մտադրություն չունի եւ աթոռը պահելու համար «կռիվ է տալիս» միանգամից երկու ճակատով. խորհրդարանական կամ համակարգային ընդդիմության նկատմամբ օգտագործում է վարկաբեկման, ստորացման քարոզչություն, իսկ հակահամակարգային ընդդիմության դեմ՝ կոշտ ուժ, այսինքն՝  ոստիկանական ողջ զինանոցը՝ սեւ եւ կարմիր բերետավորների պատժիչ խմբերով: ԱԺ-ում համակարգային ընդդիմության լիակատար վարկաբեկման գործընթացն է, որ հանգեցրել է «Տավուշը հանուն հայրենիքի» հակահամակարգային ընդդիմության ի հայտ գալուն՝ թեեւ շարժման առաջնորդն իրենց ձեռնարկը քաղաքական պայքար չի դիտարկում:

Ամեն դեպքում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ուժային պայքարի բաղադրիչ ունի եւ դասվում է հակահամակարգային ընդդիմության շարքը, որի համար գերադասելի է պայքարի ուժային տաբերակը: Նման պայքարի անհրաժեշտություն է առաջանում, երբ ա/ քաղաքական պայքարը դառնում է անհնար ու անիմաստ, եւ բ/ հանրության շրջանում գերակայում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, ասել է թե՝ իրենից ներկայացնում է զավթողական վարչակարգ:

Եզրակացությունը թողնենք ընթերցողի հայեցողությանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: