Կիրակի, Հուլիսի 21, 2024

Խմբագրական

Ճշմարտության հաղթանակի ավետիսը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսօրվա հայաստանյան իրականությունը բախվել է անհերքելի երկու փաստի. ա/ գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել, քանի որ կորցրել է ազդեցությունը մարդկանց մտքերի ու հոգիների վրա, հեղինակազրկված է եւ սպառել է երկրի ներսում իշխելու, որոշումներ կայացնելու պաշարամիջոցն ու բարոյական օրինակարգությունը, բ/ միջազգային գործընկերների համար այս իշխանությունն այլեւս վստահելի գործընկեր չէ, որովհետեւ անկարող է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ֆրանսիացի հասարակագետներ Բիրնբաումը եւ Շվարցենբերգը ժամանակին կատարած հետազոտությունների արդյունքում հանգել են հետեւյալ եզրակացության. քանի որ ողջ հասարակությունը չի կարող մասնակցել կենսական խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, նման որոշումներն ընդունվում են մարդկանց շատ նեղ մի շերտի կողմից: Սոցիալական եւ տնտեսական անհավասարությունը պահպանվում է նաեւ ժողովրդավարական կարգերի ժամանակ, եւ միշտ չէ, որ քաղաքացիները ձգտում են կամ նրանց թույլատրվում է մասնակցել երկրի կառավարմանը:

Սա, կարծես թե, Հայաստանի ներկա իրավիճակին շատ մոտ նկարագրություն է, եւ այն հիմնական ազդակը, որը հանրությանը համախմբման է դրդում Բագրատ Սրբազանի շուրջը: Սակայն իշխանությունն ամեն կերպ ջանում է խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն՝ նվազեցնելով կողմերի՝ միմյանց հետ պայմանավորվածության գալու հնարավորությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են վարչապետի թեկնածուի ընտրությունը, իմպիչմենթի համար ստորագրահավաքը, մանդատները վայր դնելու միջոցով խորհրդարանական ճգնաժամ առաջացնելը եւ այլն:

Ըստ ֆրանսիացի հեղինակների, իշխող ընտրախավի որակն ու գործելակերպը եւ տվյալ հասարակության տնտեսական, մշակութաբանական, քաղաքացիական գիտակցության մակարդակը փոխկապակցված են, ինչով էլ պայմանավորված է կառավարության գործողությունները վերահսկելու՝ հասարակության ունակությունը։ Այստեղ Հայաստանի համար կենսականորեն կարեւոր հարցեր են առաջ գալիս՝ արդյո՞ք մեր հասարակությունն ի զորու է զանգվածային բողոքների գեներացման միջոցով հասնել իշխանափոխության կամ, ասենք, նույն զանգվածների մտավոր եւ կազմակերպական ներուժը կբավականացնի՞ իշխող ընտրախավից հաշվետվություն պահանջել ժողովրդին տված խոստումների իրականացման (թե՞ չիրականացման-խմբ.) վերաբերյալ։

Իտալական ծագմամբ ժամանակակից ամերիկացի տեսաբան Ջովաննի Սարտորին իշխող ընտրախավերին խորհուրդ է տալիս «վերեւից» չնայել մարդկանց զանգվածին, եթե իրենք ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են բուրգի գագաթին: Նրա խոսքով՝ այդ շերտն իր հերթին պետք է ունենա համապատասխան հմտություն՝ հասարակությանը տանելու դեպի զարգացում։ Երբ դա տեղի չի ունենում, հասարակության մեջ լարվածություն է առաջանում, որի հետեւանքով գործող ընտրախավը դուրս է մղվում՝ տեղը զիջելով առավել ընդունակին: Զանգվածը, բնականաբար, նախընտրում է գնալ ավելի հստակ, համապարփակ ծրագիր եւ նպատակ առաջարկող նոր ընտրախավի հետեւից:

Փաստորեն Հայաստանում մենք ականատես եղանք իրավիճակի զարգացման դասական դիպաշարի՝ կազմալուծվող քաղաքական դաշտ, ժողովրդին անորոշության մեջ պահող ապիկար իշխանություն, ինքնակազմակերպվելու անզոր հանրություն եւ լիքը հարցեր, որոնք պահանջում են անհապաղ լուծում: Ընդ որում՝ այնպիսի լուծում, որը դուրս է քաղաքական համակարգի իշխանական եւ ընդդիմադիր հատվածներից: Չվերահսկվող նման իրավիճակները քաոսի ու բունտի նախանշան են:

Բայց շատ անսպասելի եւ խիստ անհրաժեշտաբար մայիսյան Եռատոնի օրը հորիզոնում փայլատակեց չորսօրյա քայլերթով Տավուշի մարզի Կիրանց գյուղից Երեւան հասած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շողարձակ կերպարը՝ ճշմարտության, ինքնամաքրման եւ բարու հաղթանակի ավետիսով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: