Երեքշաբթի, Նոյեմբերի 13, 2018

Խմբագրական

Մեծ իրարանցում ռուսական հացի համար

Անցած կիրակի օրը Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան, իսկ Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսարանի առջեւ հոծ հերթեր էին գոյացել Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Մարդկանց անվճար տրանսպորտով տարբեր քաղաքներից տեղափոխում էին ընտրատեղամասեր: Անսովոր իրարանցում էր տիրում: Լրատվամիջոցները նկարահանել էին մի զույգի, որն ընտրատեղամաս էր եկել հենց պսակադրության վայրից, հարսնացուն՝ ավանդական իր ճերմակ շորում, երջանիկ ժպիտը դեմքին:

Այդ օրը քվեարկության իրենց հերթին սպասողների թիվը, հիրավի, աննախադեպ էր հայաստանյան ընտրությունների պատմության մեջ: Շատերը քվեարկելու համար ստիպված էին սպասել մեկ-մեկուկես ժամ: Երեւանյան դեսպանատան առջեւ հերթում կանգնածների մեծամասնությունը, բնականաբար, այն հայաստանցիներն էին, որոնք ունեին Ռուսաստանի քաղաքացիություն կամ այն ձեռք էին բերել վերջերս: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունում ընդունված նոր օրենքով բավականաչափ պարզեցված է քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու այն անձանց, որոնց «հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Այժմ ցանկացողները կարող են քաղաքացիություն ստանալ երեք ամսվա ընթացքում, սակայն դրա համար նրանք պետք է հրաժարվեն սեփական կամ այլ երկրի քաղաքացիությունից:

Հազարավոր հայաստանցիներ արդեն օգտվել են ընձեռված այդ հնարավորությունից` ՀՀ քաղաքացու անձնագիրը հաճույքով փոխարինելով ռուսականով, որովհետեւ դրա հետ են կապում հաց վաստակելու, իրենց ապրուստը փոքրիշատե լավացնելու, ընտանիքի ապահովությունն առավել անխոցելի դարձնելու հեռանկարը: Դա, ի վերջո, ՌԴ-ում կայուն աշխատանք ու աշխատավարձ ունենալու, իսկ ներկայում եւ հետագայում ավելի բարձր թոշակ կամ նպաստ ակնկալելու հուսալի երաշխիք է: Ոմանք էլ` սահմանային միջադեպերով պայմանավորված, պարզապես չեն ուզում իրենց որդիներին ուղարկել «կրակի բերան» եւ նախընտրում են ռուսական բանակում խաղաղ ծառայության տարբերակը: Մի խոսքով` Ռուսաստանը, կարծես թե, գտել է իր ժողովրդագրական ուրվագծվող աղետը նախկին խորհրդային երկրների բնակչության հաշվին հաղթահարելու բանալին: Այդ թվում` առանց այդ էլ «մանրից» դատարկվող Հայաստանի, իսկ ավելի ստույգ` մեր ամենազգայուն համակարգի` ազգային անվտանգության թուլացման գնով:

Երեւում է` հայրենասիրության նոտայի վրա պետություն կառուցելու ժամանակներն այլեւս անցյալ են, մարդիկ սկսել են ավելի պրագմատիկ մտածել: Եվ մեղքը տվյալ պետությանն է, որ իր քաղաքացիները դեպի դուրսն են նայում, մասնավորաբար` կլանային մտածողությամբ առաջնորդվող օրվա իշխանությանը, որը պետական կառավարման բոլոր լծակներն ու ռեսուրսներն ի սպաս է դնում իր եւ մերձավորների անձնական բարեկեցությանը: Ահաեւ նման քաղաքականության տրամաբանական հետեւանքներից մեկը, որը Երեւանում վառ կերպով դրսեւորվեց Ռուսաստանի նախագահական ընտրության ժամանակ: Ճիշտ է` իշխանությունն ամեն ինչ արել էր համապատասխան թեկնածուի համար համապատասխան քվեներն ապահովելու առումով, բայց մարդիկ, իրենց հերթին, պատրաստ էին անձնվիրաբար զրկանքներ կրել, ժամեր վատնել քաղաքացիական իրենց պարտքը պատվով կատարելու համար: Հզոր պետության քաղաքացի լինելը եւ, մանավանդ, ձեռք բերածը կորցնելու վախը շատ բաների էր պարտավորեցնում: Մանավանդ՝ ստրկամտության համախտանիշը տակավին չհաղթահարած ժողովուրդների պարագայում: Այդ օրն ընտանիք կազմող զույգն անգամ ի լուր աշխարհի ցույց տվեց, որ Վլադիմիր Պուտինի ընտրությունն իրենց համար վեր է ամեն ինչից, նույնիսկ անձնական երջանկությունից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am