Շաբաթ, Փետրվարի 24, 2024

Խմբագրական

Ինքնության ոչնչացում՝ առանց ապագայի տեսլականի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Գաղտնիք չէ, որ ցանկացած ժողովրդի ազգային ինքնության ձեւավորումը սկսվում է աճող սերնդի ամենավաղ տարիքում՝ հիմնականում դպրոցական նստարանից: Եվ դրանում շատ կարեւոր է ուսումնական ձեռնարկների, մասնավորապես, հումանիտար առարկաների դասագրքերի՝ մայրենի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության, հասարակագիտության դերը: Նույնը կարելի է ասել նաեւ ինքնությունների մյուս բոլոր տեսակների մասով՝ քաղաքացիական, մշակութային, հոգեւոր, քաղաքակրթական եւ այլն:

Կա տարածված կարծիք, որ դասագրքերը գրվում են տվյալ ժամանակաշրջանի ընդհանուր ոգուն ու բնույթին համահունչ, իսկ պետությունները դասագրքեր թողարկում են՝ ելնելով նրանից, թե ինչպիսի պետություն են ուզում կառուցել իրենց ապագա քաղաքացիների համար, որպեսզի ըստ այդմ կազմակերպվի նախադպրոցական, դպրոցական կրթության ու դաստիարակության գործը՝ բովանդակային եւ աշխարհայացքային առումով: Մեծ կլինի հիասթափությունը, եթե այս համատեքստում դիտարկենք «դասագրքափոխության» այն մարմաջը, որն այս օրերին բռնկվել է Հայաստանում:

Երկրի բոլոր ոլորտներն ու ամեն ինչ տապալած «հեղափոխական» իշխանությունը հասել է դպրոցական դասագրքերի փոփոխության կամ դրանց նորովի շարադրման գործընթացին: Նախաձեռնությունը, ինչպես Սահմանադրության դեպքում, գալիս է Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ թիրախում են «Հայոց պատմության», «Հայ գրականության», «Մայրենի լեզվի» դասագրքերը, որոնցից հրահանգված էր դուրս թողնել ազգային հպարտություն, արժանապատվություն, ոգեղենություն արտահայտող մտքերն ու դրվագները, պատմական անցյալի հերոսական դեմքերն ու դեպքերը, ազգային-ազատագրական պայքարի պանծալի էջերը:

Անհասկանալի է, թե «կողոպտված» բովանդակությամբ այդ ուսումնական ձեռնարկների միջոցով ինչ ուղերձներ ենք փոխանցելու գալիք սերունդներին, ինչ արժեհամակարգ եւ մտածողության ինչպիսի մատրից ենք ցանկանում սահմանել կամ՝ ապագայի ինչպիսի նախագիծ առաջարկել: Այն, ինչ տեղի է ունենում դասագրքերի մասով՝ կարելի է կարճ բնորոշել որպես հայ ինքնության ոչնչացում՝ առանց ապագայի տեսլականի: Միշտ այդպիսին է լինում արդյունքը, երբ պատասխանատու գործի հանդեպ կազմակերպական ու մասնագիտական անտարբերություն է ցուցաբերվում:

Դասագիրք գրելը նման պատասխանատու, բարձր արհեստավարժություն պահանջող աշխատանք է: Դա մեկ պատմաբանի անելիք չէ՝ որքան էլ նա բազմակողմանի գիտելիքներ ունենա: Այստեղ պետք է բարձրակարգ մասնագիտական հանձնախումբ աշխատի, որի կազմում ընդգրված լինեն պատմաբան-հետազոտողներ ու պատմաբան-գիտնականներ, իրավունքի պատմության, տնտեսության, մշակույթի, սոցիոլոգիայի, հոգեբանության պատմությունների գծով մասնագետներ: Հայոց պատմությունը ներկայացնել՝ առանց խորանալու տարբեր ժամանակների աստվածաբանական, հասարակագիտական, սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական եւ մյուս կարեւոր ոլորտների հայեցակարգերի մեջ՝ դժվար է պատկերացնել: Այդ մասին մասնագիտական հրապարակումներ շատ են եղել:

Ամենեւին չհավակնելով դասեր տալ մասնագիտական բարձր պատրաստություն ունեցող մեր պատմաբաններին ու հետազոտողներին, ընդամենը փորձեցինք հանրության եւ, մասնավորապես, գործող իշխանությունների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել հայկական պետության եւ պետականության իրական սպառնալիքներին, որոնք ի հայտ են եկել կառավարող վերնախավի վարած ապաշնորհ ու ապազգային քաղաքականության հետեւանքով: Ցավոք, այդ հետեւանքների աշխարհագրությունը գնալով մեծանում է՝ ընդգրկելով վտանգավոր նոր տիրույթներ: Հերթում պետականության խորհրդանիշներն են՝ Հայաստանի պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։ Էլի՞ սպասենք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: