Ուրբաթ, Ապրիլի 26, 2024

Խմբագրական

Անվտանգության երաշխիքը ինքնիշխանությունն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արդեն մի քանի շաբաթ է՝ մեր հանրության մի հոծ հատված տարբեր հարթակներում քննարկում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի գտնվելու նպատակահարմարության հարցը։ Դեռեւս դեկտեմբեր ամսին այդ հարցի վերաբերյալ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական շրջանակների կողմից հրավիրվել էր կլոր սեղան, որտեղ մտքերի փոխանակության հետ մեկտեղ կոնկրետ գնահատականներ էին տրվել նշված իրավիճակին։ Իսկ օրեր առաջ հանրային ու քաղաքական մի խումբ գործիչներ տարածեցին հայտարարություն՝ ՀՀ վարչական մարմիններին առաջարկելով հստակ ժամանակացույցի հիման վրա Հայաստանից դուրս բերել ՌԴ սահմանապահ զորամիավորումները եւ Հայաստանի սահմանների լիակատար վերահսկողությունը վերապահել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին։ Մեր հանրության ներսում քաղաքական այդ զգայուն թեմայի շուրջ եղած խմորումները Ռուսաստանում աննկատ չմնացին։ Հրապարակվեցին վերլուծություններ, որոնցում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե Հայաստանում դեմ են ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությանը։ Դրանցում, ինչպես եւ սպասելի էր, խնդրի արդիականացումը մեկնաբանվում է Արեւմուտքի կողմից Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանելու կամ պաշտպանելու դիտանկյունից։

Վերջին օրերին ՌԴ սահմանապահ զորքերի ծառայությունից հրաժարվելու հարցի քննարկումները նոր թափով բռնկվեցին հայության շրջանում՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ռուսական զորքը ռուս-թուրքական անդրկուլիսային պայմանավորվածությունների պատճառով լքում է Սիրիայի Արֆինի շրջանը՝ քրդերին մենակ թողնելով թուրքական վտանգի դեմհանդիման։ Շատերի մտահոգությունները բացատրություն էին գտնում այն դատողության մեջ, որ եթե ռուսական զորքը ետ է քաշվում սիրիական Արֆինից՝ թուրքական զինուժի ներխուժումը կասեցնելու հարցում անընդունակ կամ շահագրգռված լինելու պատճառով, ապա մի օր էլ ռուսական սահմանապահները ետ կքաշվեն հայ-թուրքական սահմանից՝ Թուրքիայի կողմից վտանգներ կամ Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունքում: Ընդ որում՝ այդ մտահոգությունները լրացուցիչ հիմնավորվում էին հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմական փորձով, երբ Ռուսաստանը զոհել էր հայերին կամ նրանց Դատը՝ տարածաշրջանում իր խնդիրները լուծելու համար։

Այսօր քաղաքացիներից շատերն են իրենց հարց տալիս, թե տվյալ զորամիավորումները որեւէ դերակատարություն ունե՞ն Հայաստանի շահերը սպասարկելու գործում։ Ռուս սահմանապահների՝ Հայաստանում գտնվելու մի շարք հիմնավորումներ քաղաքականության մեջ արդեն անարդյունավետ են դարձել։ Հատկապես Արֆինի շուրջ ստեղծված իրավիճակի խորապատկերին մարդկանց ուշադրությունն առավելապես կենտրոնացել է այն խաբկանքի վրա, որ անվտանգության անվան տակ հենց վտանգն է շահագործվում։ Մեր հանրությունը փորձում է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում իր անվտանգության ապահովման հետ այնպիսի ունիվերսալ մեխանիզմի պարագայում, ինչպիսին ինքնիշխան ազգային պետությունն է, որը կոչված է պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Դրա հետ մեկտեղ, սակայն, հոգու խորքում հայ հանրությունը, միեւնույն է, մտածում է (կամ հույս է փայփայում), որ այլոք կպաշտպանեն իրեն, քանի որ նրանց շահերը մեր երկրի շահերի հետ համընկնում են, նրանց խիղճն է խոսելու, միջազգային իրավունքն է գործելու եւ այլն։ Խաբկանքներ, որոնց պարզապես ուզում է հավատալ հանրությունը։ Այդպես հեշտ է ապրելը։

Սակայն, հարկ է նկատել, որ ինքնիշխանությունը երկնքից թափվող մանանա չէ։ Ինքնիշխանությունը նախ մտածողության ձեւ է, ապա՝ հոգեբանական վիճակ եւ, այնուհետեւ, կամքի դրսեւորում ու սուբյեկտային վարք։ Յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է անցնի դրա միջով ու իր համար որոշում կայացնի, թե պետության հարցում ինքն ինչ է ուզում, ինչպես է ուզում ու անձամբ ինչ կարող է անել դրա համար։ Դա է պետության քաղաքացի դառնալու՝ մարդու ճանապարհը։ Առանց ինքնորոշման չկա ոչ մի ինքնիշխանություն երկիր մոլորակի վրա։ Երբ նման ճանապարհով բնակչության մեծամասնությունն ինքնորոշվում է, այդ պարագայում ինչքան էլ փոքր լինի տվյալ հանրությունը, խոսք անգամ չի կարող լինել արտաքին ուժերի կողմից նրա շահերը դավադրաբար ոտնահարելու եւ սեփական շահերի համար նրան զոհելու մասին։ Թե՛ Արֆինում եւ թե՛ Հայաստանում մարդիկ պետք է որոշեն՝ ինչ են իրենք ուզում։ Ուզո՞ւմ են իրենց շահերն իրենք պաշտպանեն, ուրեմն իրենք էլ կսպասարկեն դրանք, անկախ նրանից, թե որքան ռեսուրս է անհրաժեշտ այդ խնդրի լուծման համար։ Եթե՝ ոչ, ապա կգտնվեն ավելի գիտակից ու կամային հանրություններ, ովքեր կգործեն պահի թելադրանքով եւ ըստ նպատակահարմարության։

Հայաստանում քանի՞ հոգու է հետաքրքում ինքնորոշման ասպեկտը՝ սա է այսօրվա առանցքային հարցը: Իսկ մեր ինքնիշխանությունը ոտնահարող օտար «բարեկամի» զորքերի ներկայությունն ու մեր ինքնասիրությունը շարժող արտաքին մյուս դրսեւորումները ընդամենը այդ չլուծված հարցի հետեւանքներն են։

 

The Only Security Guarantee Is Sovereignty

Гарантия безопасности - суверенитет

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: