Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Խմբագրական

Էքսպրեսիոնիզմը եւ ներկայիս Հայաստանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ժամանակի ոգին եւ հանրության տրամադրություններն արտահայտվում են արվեստի միջոցով: Մինչեւ 18-րդ դարը նկարչության, գրականության ու արվեստի այլ ոլորտներում հիմնական թեմաներն էին Աստվածաշունչը եւ թագավորական, ազնվական ընտանիքների անդամները: Հասարակ մարդը ոչ ոքի չէր հետաքրքրում՝ նա չէր պատմության կերտողը: Դա ամենացայտուն կերպով տեսանելի է իտալական նկարչության մեջ:

Փոխվում են դարաշրջանները, փոխվում են նաեւ արվեստի թեմաները, հերոսներն ու արտահայտչամիջոցները, տրամադրությունները: 19-րդ դարում նկարչության ու գրականության հերոսներն արդեն երրորդ դասակարգն էր՝ բուրժուաներն ու հասարակ մարդիկ: Մասնավորապես նկարչության մեջ, սկսում են գերիշխել բնության, քաղաքային ու գյուղական կյանքի տեսարանները, մի խոսքով՝ սովորական մարդը մտնում է քաղաքականություն: Եկեղեցին չէ այլեւս որոշում իշխանության օրինակարգությունը՝ ով իրավունք ունի իշխելու եւ ում պետք է մյուսները ենթարկվեն (դա որոշում են ընտրողները՝ ընտրությունների միջոցով), ինչն է ճիշտ ու բարոյական, ինչը՝ ոչ:

Կրոնին այլեւս փոխարինում են տարբեր գաղափարախոսություններ՝ աջ, ձախ, լիբերալ եւ այլն, դրանցից յուրաքանչյուրն իր ենթաուղղություններով հանդերձ: Չկա եկեղեցու գրաքննություն, չկա առհասարակ որեւէ գրաքննություն: Բացի բռնապետական վարչակարգերի իշխանության պահպանման համար հնարավոր վտանգների կասեցման գրաքննությունից, մնացյալում տիրում է ազատություն: Թեմաներից ու հերոսներից զատ՝ փոխվում են նաեւ արտահայտչամիջոցները եւ կարեւորվում է ոչ թե նկարի պատկերային ճշգրտությունը, այլ տրամադրություններ եւ զգացմունքներ հաղորդելը:

19-րդ դարի երկրորդ կեսից արվեստում եւ, մասնավորապես, ճարտարապետության մեջ  սկսվում է մոդեռնիզմի ժամանակաշրջանը: Կյանքը փոխվել էր, եկել էր մեքենաների, հաստոցների, մեծ քաղաքների եւ մեծ, արյունահեղ պատերազմների ժամանակաշրջանը:

20-րդ դարի առաջին տասնամյակներում, հատկապես Գերմանիայում եւ Ավստրիայում, իմպրեսիոնիզմից առաջանում է նոր ուղղություն՝ էքսպրեսիոնիզմը: Դրա ծնունդը նկարագրվում է հետեւյալ կերպ. «Էքսպրեսիոնիզմն առաջացել է իբրեւ արձագանք 20-րդ դարասկզբի քաղաքակրթության այլանդակություններին՝ Առաջին համաշխարհայինին ու հեղափոխական շարժումներին: Իրականությունն ընկալվում էր վախի, հիասթափության, անհանգստության զգացողությունների պրիզմայով»: Գրականության մեջ դրա վառ արտահայտությունը Կաֆկայի գրականությունն է:

Այսօրվա Հայաստանի հանրությանը համակած հիմնական զգացմունքները՝ վախ, հիասթափություն, անհանգստություն, բնորոշ են հենց էքսպրեսիոնիզմին: Ներկայումս Հայաստանում գրեթե նույն գործընթացն է ծավալվում, ինչպես հետպատերազմյան Գերմանիայում ու Ավստրիայում էր, որտեղ պարտությանը հաջորդել էին տարատեսակ հեղափոխական շարժումները:

Ճիշտ է, ի տարբերություն Գերմանիայի եւ Ավստրիայի, այդ ապրումներն արվեստում չեն արտահայտվում՝ նման կարգի արվեստ մենք չունենք, սակայն հանրության տրամադրություններում, սոցցանցերում, հանրային գործիչների ելույթներում հիմնական լեյտմոտիվը անորոշությունն է, տագնապը, վաղվա օրվա հեռանկարի բացակայությունը: Իսկ ի՞նչ են սպասում մարդիկ… սպասում են այնպիսի գործիչների ասպարեզ գալուն, որոնք ցույց կտան ապագայի հեռանկար եւ այդ հեռանկարին հասնելու համար գործողությունների կոչ կանեն:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: