20.09.2018

Центр в Прессе

Հենց Թուրքիան ու Ադրբեջանը ստացան այդ իրավունքը, հարձակվելու են Հայաստանի վրա (Lragir.am)

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Ժնևում հայտարարել է, որ Ադրբեջանի համար ներկայում արցախյան խնդրի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Ալիեւի վերջին հայտարարություններից հետո, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը։

Տխուր վիճակ է, այդ մարդիկ անընդհատ իրենց մասին մեծ կարծիք ունեն, Ալիևը խոսել է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում այդ հարցին։ Հետո տեսան, որ չէ, մարդիկ վատ են վերաբերվում, անգամ վատ են վերաբերվում Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և այլն։ Հիմա բառախաղ է սկսել, որ քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք։ Ադրբեջանի խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհից աջակցություն ստանա իր գործողությունների համար։ Երբ հակադրություն են տեսնում, սկսում են վախենալ, ասում են՝ չէ, գիտեք, մենք էլ ենք գտնում, որ քաղաքական լուծում է պետք, ինչի՞ համար, որովհետև նրանք պարզ հասկանում են, որ ինչ-որ մի պահ իրավունքները, որոնք միջազգային հանրությունը 90-ականների սկզբին տվել է Ադրբեջանին, կարող են շատ հանգիստ հետ վերցնել։ Իսկ դա արդեն նշանակում է, որ ընդհանրապես որևէ իրավունք չունես Ղարաբաղի վրա, այն անկախ երկիր է, եւ դա սարսափեցնում է Ադրբեջանին։ Իրենք համապատասխան այդ ցիկլերով աշխատում են։Ադրբեջանը փայլուն գիտի, որ եթե իրեն ինչ-որ բան պետք է տան, ապա պետք է տան ուրիշները։ Այդ երկիրն այդպես է ստեղծվել։ 1921 թվականին Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են, ստեղծել են մի պրոտեկտորատ Ադրբեջանի տարածքում։ Այդ տարածքում կեսը հայ են, կեսը այլ ժողովուրդներ են։ Ստալինն էլ ասել է՝ հանուն հայերի և մուսուլմանների բարեկամության՝ ստեղծում ենք պրոտեկտորատ։ Հիմա էլ իրենք գիտեն, որ իրենցից որևէ բան կախված չէ, դրա համար դիմում են ուրիշներին, մտածում են՝ ռուսներին ու թուրքերին համոզեն, նրանք համաձայնության գան իրենց օգտին։ Հենց տեսնում են, որ դա չի ստացվում, սկսում են հայտարարել, թե պատրաստ ենք այսպես անել, այնպես անել, մինչև այդ ընթացքում աշխատեն իրենց ուզած իրավիճակը ստեղծելու համար։

Այս հայտարարությունը պայմանավորված է ներքին ու արտաքին գործոններո՞վ, այդ թվում՝ Ադրբեջանում կայանալիք ընտրություններով։

Ես ներքինի մասին չեմ էլ խոսում, այդ բոլորն արտաքին գործոններով է պայմանավորված։ Ադրբեջանում ընտրությունս որն է։ Դա նույնն է, ինչ ընտրությունները Ապարանում։ Մենք արհեստականորեն ենք փորձում ներկայացնել, թե իբր Ադրբեջանում բարդ վիճակ է, ընտրություններ են և այլն։ Լուրջ չէ անդրադառնալ նման հարցերին։ Ադրբեջանցիներն այն ժողովուրդն են, որ միայն հովանավորություն են փնտրում, որ մեկը գա, դիմացինի ձեռքերը բռնի, շղթայի, իրենք էլ գան սպանեն։ Այդ քաղաքականությունը Թուրքիայում էլ նույնն է, անպայման գտնել մեկին, կեղտոտ ծառայություն մատուցել նրան, նա էլ գնա դիմացինի ձեռքերը բռնի, որ իրենք իրենց ուզածն անեն։ Եթե դա չկա, սկսում են լացել։ Սա կոնկրետ քաղաքական մշակույթ ու ինքնություն է։ Պետք է այդ բաները լավ հասկանալ։

Մամեդյարովը  նաև նշել է երկու երկրների նախագահների հանդիպման մասին ապրիլից հետո։ Ի՞նչ կտա հերթական այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ նախորդները ոչինչ չեն տվել՝ չհաշված, որ այդ օրերին սահմանին վիճակը լարվում է։

Իսկ ի՞նչ են տվել այդ հանդիպումները, բացի հայ զինվորի կորուստներից։ Նույնն էլ հիմա։ Ադրբեջանը գիտի՝ ինչի համար է դիմում այդ բանակցություններին։ Նա գնում է բանակցությունների, որ իր իրավունքները Ղարաբաղի նկատմամբ պահի։ Նրանք չեն գնում հայերի հետ խոսելու, նրանք գնում են, որ միջազգային հանրությանն ասեն՝ տեսեք, մենք բանակցում ենք, մենք ուզում ենք խնդիրը խաղաղ լուծենք, և դուք մեջտեղ մի մտեք, մի խանգարեք։ Ինչու է այդպես անում, որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ այն բոլոր իրավունքները, որ տվել են իրեն, մեկ օրում կարող են հետ վերցնել։ Դրա համար են ադրբեջանցիներն անընդհատ ասում՝ գնանք բանակցությունների։ Նրանք գնում են բանակցությունների, որ միջազգային հանրությանն ասեն՝ ձայններդ կտրեք, մեր իրավունքները թողեք մեր ձեռքին, մենք հարցը հայերի հետ կլուծենք։Իսկ հայերն ինչո՞ւ են գնում բանակցությունների, ես չգիտեմ։ Մերոնք գնում են ու մի խոսք չեն ասում, որովհետև այս երկիրը ծրագրեր չունի ու չի էլ ունեցել։ Այնքան որ մեզ ձեռք չտան, կանցնի կգնա։ Այսինքն՝ ամբողջ հնարավորությունները տրված է դրսի ուժերին, ասում են՝ գնացեք ինչ ուզում եք արեք, ընդամենը մեզ ձեռք մի տվեք։ Իսկ Ադրբեջանը պարզ ու հստակ գիտի, որ այն իրավունքները, որ իրեն տվել է միջազգային հանրությունը, կարող է վաղը հետ վերցել։ Նրանք ցանկություն ունեն ավելորդ բան վերցնել, որն իրենցը չի։ Ղարաբաղը իրենցը չի արդեն 30 տարի, բայց հիմա ուզում են վերցնել։ Իսկ ինչպե՞ս դա կարող են անել։ Նրանք այնպես են անում, որ միջազգային հանրությունը վերցնի ու իրենց տա, ու այդ ուղղությամբ են աշխատում։

Վերջերս ռազմական փորձագետները կարծիք են հնչեցնում, որ կարող է պատերազմը Արցախի սահմանից տեղափոխվել Հայաստանի սահման։ Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Ես բազմիցս ասել եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի ազգ՝ երկու պետություն են։ Իսկ Ադրբեջանի ժողովուրդը որևէ մեկի հետ հույս չի կապում։ Նրանք համարում են, որ այս ամենն իրենցն է և աշխատում են այդ ուղղությամբ։ Նրանք հիմա զբաղված են ուրիշներին համոզելով, որ չխանգարեն իրենց։ Եթե համոզեն, ամեն ինչ էլ անելու են։ Թվում է, թե Ցեղասպանություն անելը հե՞շտ էր։ Ոչ, հեշտ չէր, մինչ այդ նրանք ամբողջ աշխարհին համոզել են, որից հետո միայն արել են այդ հանցագործությունը։ Հիմա նրանք նույն քաղաքականությունն են վարում։ Նրանց խնդիրը ուրիշների հետ է, հայերի հետ չեն խոսի, որովհետև իրենք գիտեն, թե ում տարածքում են, գիտեն, որ կատարում են հրեշավոր հանցագործություն, և իրենց քաղաքականությունը միտված է նրան, որ ամբողջ աշխարհին համոզեն, որ իրենք դրա իրավունքն ունեն։ Այնպես որ, քննարկումները՝ կհարձակվեն, թե չեն հարձակվի, անտեղի է։ Հենց ստացան այդ իրավունքը, հարձակվելու են։ Իսկ մեր խնդիրն է՝ թույլ չտալ երբևէ մեկին որևէ իրավունք տալ Ադրբեջանին։ 30 տարի կարողացել ենք դա անել, մնում է կարողանանք շարունակել դա անել, պայքարել մեր իրավունքների համար, թույլ չտալ, որ ուրիշները մեր իրավունքները հանձնեն այլոց։ Եթե չկարողանանք, նորից կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև։ Այսինքն ամեն ինչ կախված է մեզնից։ Եթե 1915 թվականին հայերը հասկանային, թե ինչ է կատարվում, որ կայսրությունը քանդվում է, զարգացումներն ուր են գնում, ոչ թե ցեղասպանություն կունենային, այլ հիմա առնվազն 20 միլիոնանոց Հայաստան կունենայինք։ Եթե չես կարողանում հասկանալ ու ճիշտ գործել, ամեն ինչ կորցնում ես, իսկ եթե կարողանում ես, ամեն ինչ վերցնում ես։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am