Վրաստանում հետընտրական կարճատեւ խմորումներից հետո, երբ թվում էր՝ հանրային հուզումների ալիքը գնում է մարման, ներքաղաքական իրավիճակը կրկին ահագնացել է: Թբիլիսին ցնցումների մեջ է: Ուսումնասիրությունների լայն դաշտ է բացվել հոգեբանների, հասարակագետների, քաղտեխնոլոգների ու մարդաբանների առջեւ, թեպետ վերջիններիս ավագ գործընկերները նման աշխատանքի գործնական փորձ բավականաչափ կուտակել են՝ կարողանալով մի շարք երկրներում ազդել մարդկանց վարքագծի եւ հոգեբանության վրա:
Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ ամենապարզունակ հնարքներով կարելի է պարբերաբար ներշնչել ամբոխին, բարձրացնել փողոցային պայքարի նրա ոգին: Դա արվում է նույնիսկ այնպիսի տեսարաններ գեներացնելու միջոցով, ինչպիսիք են, օրինակ, ոստիկանների առջեւ համբուրվելը, նույն ոստիկաններին ծաղիկներ նվիրելը, կրկնվող կարգախոսներ հնչեցնելը (փույթ չէ, թե՝ ոչինչ չասող), խրոխտ երաժշտությունը, երգերը եւ այլն: Սրանք իրար շատ նման, ասես «երկվորյակ» դիպաշարեր են, որոնք տեսել ենք Ուկրաինայում, Հայաստանում, արաբական երկրներում, իսկ այժմ նաեւ Վրաստանում՝ երկրորդ անգամ:
Դատելով այդ ամենից, դժվար չէ կռահել, որ տարբեր պետություններում կամ գոնե դրանց մեծ մասում տեղի ունեցող հեղափոխական շարժումների նախագծերը, գործողությունների ճանապարհային քարտեզները մշակվում են մեկ ընդհանուր կենտրոնում, որտեղից էլ հետո համակարգվում է բուն նախագծի իրականացման ընթացքը: Համոզվելու համար պետք չէ հեռու գնալ՝ դիտարկենք «Երեւան-2018» եւ «Թբիլիսի-2024» դիպաշարերը, որոնք ինչ-որ փուլում ուղեկցվել էին ծաղկեպսակների ու դագաղների ցուցադրության տեսքով: ՀՀ-ում դրան հաջորդել էր մերժվող Սերժի եւ ուսապարկով Նիկոլի հանդիպումը, որից շատ չանցած՝ ՀՀ երրորդ նախագահը հրաժարական էր տվել՝ հայտարարելով. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:
…Ամբոխների հոգեբանության երեւույթը լավագույնս նկարագրված է Գյուստավ Լը Բոնի եւ Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններում: Դրանից անցել է ավելի քան հարյուր տարի, այդ ընթացքում գիտությունը հսկայաքայլ առաջ է գնացել, մինչդեռ ամբոխը մնացել է նույնը՝ գրեթե ոչինչ ամբոխի հոգեկերտվածքի մեջ չի փոխվել: Ֆրանսիայում եւ Գերմանիայում 1968թ.-ի ուսանողական ապստամբությունները, կարծես թե, լավ փորձադաշտ էին հանուն արդար պայքարի՝ անսխալ մարտավարություն որդեգրելու հարցում: Ցավոք՝ ամբոխը ունակ չէ դասեր քաղել ուրիշի կամ իր իսկ սխալներից: Գոնե հիմա պետք է որ պարզ լինի, թե ովքեր էին 2018-ի «հեղափոխության» դիպաշարի հեղինակները, պատվիրատուներն ու մյուս օժանդակ ուժերը:
Ընդ որում՝ նրանց պետք չէ մեղադրել. նրանց գործունեությունը աշխարհաքաղաքական խաղի կանոնների մաս է կազմում, եւ հարկ է խոստովանել, որ այդ մարդիկ իրենց ծառայությունը փայլուն իրականացնում են: Իսկ եթե կան անձինք, որոնց տեղին կլիներ կշտամբել թույլ տված թերացումների ու անգործունակության համար, ապա դրանք մեր ազգային ընտրախավերն են, որոնք ի զորու չեն պետական շահի հրամայականի շուրջ համախմբել սեփական ժողովրդին եւ նրա հետ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք տանել: Ըստ էության՝ այդպիսին էր իրադրությունը թե՛ 2018-ի Հայաստանում, թե՛ այսօրվա՝ 2024-ի Վրաստանում:
Միակ տարբերությունն այն է, որ մեզանում «համապատասխան» անձի հարցը կանխավ լուծված էր, իսկ դրացի երկրում դեռ նոր են փնտրում «վրացական նիկոլին», որի տեսականու պակաս Հայաստանում չկա՝ առնվազն 70 հարմար թեկնածու միայն ԱԺ-ում կարելի է գտնել: Այնպես որ, անհրաժեշտության դեպքում կօգնենք, բա էլ ո՞ր օրվա հարեւանն ենք: