Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

Խմբագրական

Միջազգային հարաբերությունների անորոշությունը եւ Արցախը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախի հիմնահարցը շարունակում է մնալ ամենագլխավորը Հայաստանի ներքաղաքական օրակարգում։ 1988-ից, երբ այն համազգային օրակարգի գերխնդիրն էր դարձել, միեւնույն ժամանակ, սկսեց շահարկվել կառավարող եւ իշխանության ձգտող ուժերի կողմից։ Անկեղծ մտահոգություններն ու քաղաքական շահարկումները միախառնվել էին։ Այսօր նույնպես դժվար է միմյանցից զատել իրական մտահոգություններն ու շահարկումները։ Բայց սա ներքաղաքական խնդիր է` թողնենք մի կողմ, ու փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի փոխհարաբերություններում` մասնավորապես։ Հասկանալի պետք է լինի, որ այդ երկրներն Արցախի հիմնախնդրին մոտենում են իրենց ազգային շահերի դիտանկյունից, բայց նրանց փոխհարաբերություններն, այդուհանդերձ, մեզ համար կարեւոր են։

Առաջին աշխարհամարտից առաջ շատերն էին գիտակցում, որ աշխարհում ինչ-որ բան այն չէ. մեծ տերությունների միջեւ առաջացած հակասություններն, ըստ այդ տեսաբանների, դարձել էին անլուծելի, ինչը կարող էր գլոբալ ընդհարման հանգեցնել։ Հիմնական պատճառը բազմավեկտոր աշխարհն էր, որտեղ վառ ընդգծված առաջատար երկիր չկար, իսկ միջազգային հարթակներ, որտեղ հնարավոր կլիներ հարթել այդ հակասությունները, տակավին չէին ձեւավորվել։ Եվ Առաջին համաշխարհայինից հետո փորձ արվեց ստեղծել նման մի հարթակ՝ Ազգերի լիգան, որը, սակայն, չկայացավ: Չնայած դրան՝ կուտակած փորձն օգտագործվեց ՄԱԿ-ի կազմավորման համար։

Կար փորձագիտական տեսակետ, թե Երկրորդ համաշխարհային պատերազմը ընդամենը Առաջինի շարունակությունն է, որովհետեւ շատ հարցեր մնացել էին չհանգուցալուծված, ինչը հղի էր նոր առճակատումների առաջացման վտանգով։ Եվ Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում պարզություն մտցվեց՝ ի հայտ եկան երկու հզոր բեւեռ՝ ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը, մնացած երկրները պետք է կողմնորոշվեին այդ բեւեռների միջեւ, իսկ չկողմնորոշվածների համար ընթանում էր պայքար։ Սակայն դրանք կանխագուշակելի հարաբերություններ էին, որոնց ընթացքում կազմավորվեցին միջազգային հարթակներ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, ԵՄ,  ինչպես նաեւ ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ-ն եւ Վարշավյան պակտը։

Ներկայում, երբ Միացյալ Նահանգները երկփեղկված են գլոբալականների ու պահպանողականների միջեւ, երբ Եվրոպական Միությունը թաղված է ներքին հակասությունների մեջ, եւ ԵՄ երկրները նորից են սկսել ճշտել, թե այնուամենայնիվ, որոնք են այդ կառույցի առաքելությունն ու արժեքային համակարգը, իսկ Մեծ Բրիտանիան որոշել է դուրս գալ այդ միությունից, երբ ԵԱՀԿ-ն կաթվածահար վիճակում ի զորու չէ կատարել իր առաքելությունը, ՆԱՏՕ-ն էլ, Խորհրդային Միության անկումից հետո, չի կարողանում հստակորեն մատնանշել, թե ով է իր հիմնական հակառակորդը՝ Ռուսաստա՞նը, Չինաստա՞նը, համաշխարհային ահաբեկչությո՞ւնը, թե՞ մեկ ուրիշը, միջազգային հարաբերությունները հայտնվել են անորոշության խորխորատում։ Նման վիճակում է գտնվում նաեւ ՄԱԿ-ը։ Երկչոտ խոսակցություններն այդ կառույցը բարենորոգչության ենթարկելու մասին` այդպես էլ մնացեն են առկախված. հիմա դրա ժամանակը չէ։

Այս անորոշությունը հատկապես ցայտուն է երեւում մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արեւելքի կիսապատերազմական դրությունը, Թուրքիայի ներխուժումը Սիրիա, Քաթարում ռազմական հենակետի ստեղծումն ու Լիբանան զորք մտցնելու ցանկությունը, Լիբիայում սկսված նրա ակտիվությունը եւ թյուրքական աշխարհի հիմնադրման հայտը էլ ավելի են սրում տարածաշրջանի իրավիճակը։

Այս պարագայում խոսել Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին, այն էլ` միջազգային հանրության հովանու ներքո, բնականաբար, իրատեսական չէ։ Սրանով է գլխավորապես պայմանավորված արցախյան հարցում որեւէ առաջընթացի անիրատեսական լինելու հանգամանքը։ Անորոշության մեջ հայտնված աշխարհի եւ պատերազմի շեմին հայտնված մեր տարաշրջանի համար ցանկացած կտրուկ քայլ կարող է դետոնացման ենթարկել ողջ տարածաշրջանը։

Այժմ մեր ներքաղաքական քննարկումների առանցքում պետք է գերակայեն տնտեսության արդյունավետության, ներազգային համերաշխության եւ բանակաշինության խնդիրները, բայց, ավաղ, այդպես չէ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am