Դրանք ամենուր են՝ մարդկային կենսագործունեության ցանկացած մակարդակում՝ լինի տնտեսական, արտադրատեխնիկական, գիտակրթական փոքրիկ ստորաբաժանում, թե բարձրագույն միջազգային ատյան: Դրանք խտրականության, անարդարության, «յուրային-օտար» սկզբունքով հաճախադեպ հանդիպող հասարակական-քաղաքական, միջանձնային հարաբերություններ են, որոնք բնութագրվում են «երկակի չափանիշներ» եզրույթով եւ ենթադրում են նմանատիպ արարքի կամ վարքագծի դրսեւորման երկակի գնահատական. մի դեպքում՝ դրական, երբ կատարողը յուրային է, մյուս դեպքում՝ բացասական, երբ կատարողն օտար է: Այդպիսով՝ «հանդուրժել-պատժել» երկընտրանքում ունենում ենք հակասական տրամաբանություն:
Վերջին շրջանում մեր հանրությունը շարունակ բախվում է երկակի չափանիշներ կոչվող երեւույթին, որի հետնաբեմում գրեթե միշտ երեւում են պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի «ականջները»: Թերեւս՝ առանց սխալվելու չնչին հավանականության, կարելի է պնդել, որ ՔՊ-ական ուզածդ պաշտոնյան աշխատանքային գործունեության ընթացքում ամենօրյա պայմանակարգով տուրք է տալիս արատավոր այդ գործելաոճին՝ յուրայինը, որպես կանոն, միշտ արդար ու իրավացի է, ընդդիմախոսը՝ միշտ սխալ ու հանցավոր: Օրինակները բազմաթիվ են՝ այդ հարցում գաղտնիք չկա, բայց մերկախոս չլինելու համար արժե դրանցից մի քանիսին հակիրճ անդրադառնալ:
Հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանության գրեթե մեկ գումարտակ էր ոտքի հանվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից ով չէր ալարում, ԱԺ ամբիոնից «կոռուպցիոներ-սրիկա» էր կոչում Ղուկասյանին, այնինչ Քննչական կոմիտեն անգամ նման մեղադրանք դեռ չէր առաջադրել: Խորհրդարանի ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ ընդամենը 6 ամիս աշխատելով՝ Ղուկասյանը կաշառք է վերցրել: Հիմա հարց փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանին. ասացեք, խնդրեմ, իսկ քանի՞ ամիս էր պաշտոնավարում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար, ՔՊ-ական Արմեն Դանիելյանը, երբ հայտնվեց կոռուպցիոն սկանդալում:
Հիշեցնենք՝ ընդամենը 5 ամիս: Հետո, ըստ գերատեսչության մամուլի խոսնակի՝ ՍԱՏՄ նախկին պետը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվեց ծառայողական լիազորությունների օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Բայց երբեւիցե Ռուբինյանը կամ որեւէ այլ ՔՊ-ական պատգամավոր ԱԺ ամբիոնից այդ մարդու հասցեին ասա՞ց «կոռուպցիոներ սրիկա»: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ ՔՊ-ականները համարում են, որ ունեն անմեղության կանխավարկածի իրավունք: Իսկ այդ իրավունքը ձեր ընդդիմախոսների վրա չի՞ տարածվում: Սա այդ մարդկանց ամենաքիչն է հետաքրքրում: Երկակի չափանիշների կիրառման առկայությունն ակնհայտ է:
Նույն կարգով «կոռուպցիոներ սրիկա» չպիտակավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը Էկոնոմիկայի նախարարության բավական հնչեղ կոռուպցիայի գործով, որի հիմքով 7 մարդ էր ձերբակալվել: Ըստ մեղադրանքի՝ հայտարարված մրցույթից դիտմամբ դուրս էին թողել հիմնական մրցակցին եւ մեկ միլիոն դոլարանոց «տենդերը» տվել իրենց ուզած մարդուն: Իսկ ամենաթարմ օրինակը երկու շաբաթ առաջ էր. ժամերով խուզարկում էին Մանկավարժական համալսարանը, եւ ձերբակալեցին ՔՊ օրոք նշանակված ռեկտորին, որն, ըստ լուրերի, ԿԳՄՍ նախարարի կադրն է: Ծանր մեղադրանք է առաջադրված՝ հանցավոր կազմակերպության ստեղծում, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն, կաշառակերություն եւ այլն:
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարության գործով ՔՊ-ական նախարար էր ազատվել աշխատանքից, փոխնախարար էր կալանավորվել, եւ քրգործի քննությունը մինչ օրս գնում է, բայց այսքան ժամանակ չտեսանք, որ Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորներից մեկ ուրիշը այդ 7 մեղադրյալից որեւէ հանցավորի հասցեին «կոռուպցիոներ սրիկա» ասի: Նույնը եւ Վաղարշապատի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործին է վերաբերում: Ամբողջ տնով-տեղով՝ ինքը, ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը անցնում են կոռուպցիոն գործով՝ էլ փողերի լվացում, էլ չգիտես ինչեր: Հիմա նրանք, ըստ Ռուբինյանի եւ մյուս ՔՊ-ականների, «կոռուպցիոներ-սրիկանե՞ր» են, թե՝ ոչ:
Կսպասենք ՔՊ-ական կարկառուններից մեկի պատասխանին:
«Հայացք Երեւանից»

