Երեքշաբթի, Ապրիլի 16, 2024

Խմբագրական

Չկա օրենք` նշանակում է չկա պետություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ասում են` հաղթանակը բազում տեր ունի, պարտությունն է անտեր: Կարելի է ավելացնել, որ պարտությունը ոչ միայն անտեր է, այլեւ անպաշտպան, ուստի պարտության պատճառների շուրջ «դավադրությունների տեսության» մի ամբողջ շարան կարող է ստեղծվել։ Բացարձակապես հավակնություն չունենալով ժխտելու «դավադրությունների տեսությունը», հատկապես այս պարագայում, երբ փոքր Արցախի շուրջ աշխարհի խոշոր տերություններն իրենց աշխարհաքաղաքական շահերն են «որսում», փորձենք գտնել պատասխանատվության մեր բաժինը։

Գործող իշխանությունը ջանում է արդարանալ` մարդկանց ներշնչելով, որ Արցախի պարտությունն աշխարհաքաղաքական դերակատարների կողմից վաղուց ծրագրված էր, ինչի մասին տեղյակ էին նախկին իշխանությունները: Եվ նրանք էլ գիտակցաբար այդ բեռը` իբրեւ ծանր ժառանգություն, փոխանցել են իրենց։ Հեղափոխության ջահակիրների մի մասը ոգեշնչում էր մարդկանց, մյուս` ավելի փոքր հատվածը, 2018-ին հայտնվել էր պետության կառավարման վահանակի մոտ եւ ոչինչ չհասկանալով կառավարումից ու միջազգային քաղաքականությունից, փորձում է արդարանալ նման «դավադրությունների տեսությամբ»։

Նախկին իշխանության ներկայացուցիչները պարտության համար պատասխանատու են դիտում հեղափոխությամբ ոգեշնչված ամբոխին ու ներկա իշխանությանը` շատ դեպքերում ոչ առանց հիմնավորման ցույց տալով գործող իշխանության բազմաթիվ սխալները, որոնք հանգեցրին պարտության։ Այդ սխալները քանիցս մատնանշվել են եւ հարկ չկա դրանք կրկնելու։

Այսօր փողոց դուրս եկած շատ մտավորական կոչեցյալներ փորձում են արդարանալ, որ խաբված են եղել «հեղափոխականների» կողմից, իրականում նրանց մեծ մասը պատրաստ է եղել օգտագործվելու եւ օգտագործվել է: Ժողովրդի ներողամտությունը հայցում են միայն առավել անկեղծները:

Բայց խնդիրն այս ամենի վերջնական պատասխանները տալը չէ, դա հավանաբար կանի պատմությունը, ինչը, դժբախտաբար, չարվեց մեր նախկին ձախողումների համար, եւ հիմա ունենք այն, ինչ ունենք: Միգուցե եթե համարժեք գնահատականներ տված լինեինք նախկին համակարգի գործունեությանը, այժմ ունենայինք բոլորովին այլ պատկեր։

Խնդիրն ավելի խորն է։ Փորձենք ավելի ընդհանրական գնահատականներ գտնել, որոնք չեն մատնանշի կոնկրետ մեղավորներին, այլ կբացահայտեն մեր ընդհանուր մեղավորության աստիճանը եւ, հետեւաբար, մեր պատասխանատվության բաժինը։ Մենք միշտ ունեցել ենք ազգային գիտակցություն, սակայն չենք ունեցել ու այս պահին էլ չունենք պետական գիտակցություն։ Դա չի եղել 2018-ից առաջ, չի եղել 2018-ից հետո եւ չկա առավել եւս հիմա, երբ ազգային համընդհանուր ընկճախտ է տիրում։

Պետությունն ու Օրենքը հոմանիշներ են, Օրենքն ու Պատասխանատվությունը` միմյանց հետ միահյուսված հասկացություններ։ Գործող իշխանությունները «ժողովրդի անունից» անթիվ ապօրինություններ են կատարել: Հիշենք, թեկուզ, դատարանների շրջափակումները, վարչապետի ատելության խոսքերը` «շնաբարո վնգստացող» եւ այլն, իրավապահ համակարգին «իջեցրած» անօրինական հրահանգները, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած հակասահմանադրական գործողությունները, «Գույքահարկի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հակաժողովրդական դիտված այլ օրենքների ընդունումը։

Նման օրինակները շատ-շատ են։ Սակայն ամենաապշեցնողը այդ ամենի հանդեպ հանրության անտարբեր վերաբերմունքն էր։ Ավելին, մարդիկ` այդ թվում իրենց մտավորական համարողներ, իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, ծափահարում էին ակնհայտ անօրինականություններին ու իրավական կամայականություններին։ Սրանք պետական մտածողության բացակայության ցայտուն օրինակներ են։

Կրկնենք, չկա օրենք` նշանակում է չկա պետություն, չկան օրենք ու պետություն` նշանակում է չկա պատասխանատվություն։

Ժամանակակից պատերազմները պահանջում են կառավարման բարձր որակներ, պետության օղակների անթերի ու անխափան աշխատանք եւ հանրային բարձր գիտակցություն։

Դրանց բացակայությունն է մեր այս պարտության հիմնական պատճառներից մեկը, իսկ մնացածը հետեւանքներն են, այդ թվում` «դավադրությունների տեսությունը», որի հնարավոր առկայությունը չենք ժխտում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: