Շաբաթ, Հոկտեմբերի 17, 2026

Ô Խմբագրական

Կրքոտ հռետորը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Խորհրդարանական համակարգը, կամ, եթե կուզեք, մշակույթը անկախության ողջ շրջանում այդպես էլ մնաց պետական հաստատությունների հետնապահի դիրքերում եւ չկարողացավ պատշաճ կերպով իրականացնել ՀՀ կառավարման բարձրագույն մարմնի պատասխանատու առաքելությունը: Ավելին՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնի պատվավոր անուն ունեցող Ազգային ժողովը վերածվեց ներքաղաքական խժդժությունների, անձնական վիրավորանքի, փոխադարձ հայհոյախոսությունների ու փողոցային բառապաշարի գեներացման հարթակի: Այդ առումով ընթացիկ՝ 9-րդ գումարման խորհրդարանը գերազանցեց բոլոր նախորդներին: Իսկ դահլիճում անառողջ, նախահարձակ մթնոլորտ ստեղծողը մեկ մարդ է՝ իրեն «կրքոտ հռետոր» հռչակած հայտնի անձը:

ԱԺ քննարկումներին այդ անձի ներկայությունը առնվազն լարվածություն, լեզվակռիվ եւ սուր վեճեր է ենթադրում: Միայն երջանիկ պատահականությամբ երբեմն բանը ծեծկռտուքի ու միջանցքում հերթապահող անվտանգության ծառայողների կոշտ միջամտության չի հասնում: Ամոթալի է, իհարկե, երբ ՊՊԾ-ի անկիրթ աշխատակիցը նիստերի դահլիճում քաշքշում է առաջնային մանդատով օժտված պաշտոնյային՝ ընդդիմադիր պատգամավորին, բայց ունենք այն, ինչ ունենք: Սեպտեմբերի 16-17-ին տեղի ունեցած՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը տիպական օրինակներից մեկն էր, թե մինչեւ ուր մեզ կարող է հասցնել «կրքոտ հռետորի» անվայելուչ պահվածքը պետության թիվ մեկ ամբիոնի մոտ, որին, ի դեպ, հետեւում է ողջ աշխարհը:

Առաջին հայացքից նիստի՝ անմեղ թվացող օրակարգը, որ կոնկրետ դեպքում առնչվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությանը, արդարադատությանն ու արցախցիների սոցիալական խնդիրներին, կարծես թե, չէր կարող ներքին հակադրություններ ու տագնապներ ունենալ: Բայց նույնիսկ այս պարագայում «կրքոտ հռետորն» ի զորու է քննարկվող ցանկացած նյութից բանսարկություններ քամել: Այս անգամ քննարկման դրված՝ արդարադատության հարցի համատեքստից մեջտեղ բերեց նախկին պաշտոնյաների գույքի բռնագանձման վերաբերյալ խոսույթը՝ վստահ, որ «Հայաստան» խմբակցությունում թեմայի «շահառուներ» հաստատ կգտնվեն: Ընդդիմության արձագանքն իսկապես չուշացավ. առաջինն ամբիոնին մոտեցավ Լեւոն Քոչարյանը եւ… «կենացները քաղցրացան»:

Չկա մի օր, որ Փաշինյանը խոսքային գանահարանքով չանդրադառնա ՀՀ 2-րդ նախագահին, ումից, ըստ երեւույթին, ամենաշատ վտանգն է զգում ընդդիմադիր զանգվածին իր դեմ ոտքի հանելու տեսակետից: Օրեր առաջ նա պաշտոնավարման ութեւկես տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ հրահանգեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, եւ ինչպես միշտ՝ շինծու մեղադրանքով: Լեւոն-Նիկոլ բուռն վիճաբանությունը հանգեցրեց նրան, որ «կրքոտ հռետորը» սպառնաց ունեզրկել Քոչարյաններին եւ թալանածները, մինչեւ վերջին կոշիկը, վերադարձնել պետությանը: Լեւոնը կիսահեգնանքով նետեց՝ եթե աչքդ կոշիկներիս վրա է, հենց հիմա կհանեմ ու կփոխանցեմ: «Պետք չէ փոխանցել, հագիցդ կհանենք քո կախված վիճակում»,- չարությունը պարպեց «կրքոտ հռետորը»:

Բայց դա սոսկ չարությո՞ւն էր, թե՞ հաշվեհարդարի կոչ՝ գնահատականը կտան իրավապահ մարմինները, երբ դուրս գան Փաշինյանի «գրպանից»: Այդ օրը, կարծես թե, մոտենում է, ինչը նկատելի է նրա կատաղության «կրքոտ» նոպաներից ու խախտված հոգեվիճակից: Փորձենք դիտարկել: Իրեն հարց են տալիս՝ «ինչո՞ւ են ձեր շարասյան համար փողոցները փակում, խցանումներից քաղաքը խեղդվում է», սկսում է գոռգոռալ՝ «նե՛նց եք քշելու՝ ոնց ասեմ, նե՛նց եք քայլելու՝ ոնց ուզեմ…» Բա եղա՞վ: Քոչարյանի ունեցվածքի մասին խոսելիս էլ շեշտում է՝ կամ դատարանի որոշմամբ կխլենք, կամ ժողովուրդը կգա, կխլի: Չլինի՞ պատրաստվում է քաղաքացիական բախումներ հրահրել՝ աղքատներին հանելով հարուստների դեմ: Սա արդեն վերջը կլինի:

Բայց բավական է խոսք բացվի նոր տարածք հանձնելու, սահման գծելու, Ադրբեջանի հետ կապեր հաստատելու կամ Ալիեւի հերթական պահանջն ի կատար ածելու մասին՝ կոգեւորվի, ամեն կերպ իր հավատարմությունը կհավաստի թշնամի պետությանը, եւ վայը տարել է նրանց, ովքեր կփորձեն արտաբերել Արցախ, Արարատ, Ցեղասպանություն բառերը կամ կոպտորեն կարձագանքեն Բաքվից պարբերաբար հնչող հակահայկական ուղերձներին ու հայտարարություններին: Այսուհանդերձ՝ կա նաեւ անձնապես իրեն մտատանջող մի հարց, որին վերջերս հաճախակի է անդրադառնում. «Ինչո՞ւ Քոչարյանը միլիոնատեր է, ես միլիոնատեր չեմ»: Այս հարցը շատ դիպուկ պատասխան ունի. թողնենք այն ընթերցողին…

 

«Հայացք Երեւանից»

Հոկտեմբերի 03 2026
Սեպտեմբերի 26 2026
Սեպտեմբերի 12 2026
Սեպտեմբերի 05 2026

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: