Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-նն էր: Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր թոռնիկս։ Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ։ Հայրը դիրքերում էր։ Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ, բայց մեր մտքով չանցավ, որ քաղաքից դուրս կգանք։ Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետեւեց նրանց, եւ շուտով Մարտակերտը մնաց մեր հետեւում: Բայց դեպի ո՞ւր, մենք էլ չգիտեինք։ Նախապես շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ։ Անցանք այն տանկի կողքով, որ կրակահերթ էր բացել:
Հետո տեղեկացանք, որ կրակում է մեր տանկիստը անտառ մտած թշնամիների ուղղությամբ։ Արդեն մեկ ժամ անց տեղեկացանք, որ շրջանի վերեւի գյուղեր տանող անտառամիջյան ճանապարհը թշնամին վերցրել է իր վերահսկողության տակ։ Ուրեմն` հասցրինք դուրս գալ եւ բռնել Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Զանազան լուրերն աղավաղում են մեր մտքերը, որ մռայլ ու գուժաբեր էին՝ այսինչի որդին զոհվել է, այսքան վիրավոր ունենք, տղաները շրջափակման մեջ են, այսքան գյուղեր դատարկվել են… Ու խցանված ճանապարհներ, դատարկված գյուղերի բնակիչներ՝ կոտրված, ջարդված, ճղակոտոր, որ տունուտեղ թողած՝ չգիտեին ուր գնալ։ Ճանապարհը երկարում էր:
Անտառամիջյան ճանապարհին կանգնած զինվորականներ, որ երբեմն կասկածում ես` իսկ եթե մերոնք չե՞ն… Ու, կարծես, բախտներս բերում է, որ «հանգիստ» անցնում ենք նրանց կողքով եւ հասկանում, որ մեր ճանապարհն են պաշտպանում։ Ու զոհերի, անհայտ կորածների, վիրավորների անուններ են ավելանում։ Եվ գյուղեր, որոնց վրա թշնամու դրոշն է ծածանվում։ Անջատված հեռախոսներ ձեռքներիս՝ կապի միջոցներից կտրված։ Մեկուսացած Արցախը կուլ էր գնում՝ աշխարհից կտրված, չար աշխարհի հայացքի ներքո։
Իվանյան օդանավակայան։ Ռուս խաղաղապահների տեղակայման կետ։ Հազարավորներ՝ տարբեր գյուղերից, քաղաքներից։ Թե ինչու հենց այնտեղ կենտրոնացավ բռնատեղահանված ժողովուրդը, դեռ անհասկանալի էր։ Միայն տեսանելի էր, որ իրենց տարածքում տեղավորել են մի քանի հարյուրի, բայց հազարներով բաց երկնքի տակ են` անորոշ, անհեռանկար ճակատագրով։ Գոնե մխիթարող էր, որ այդտեղ չեն հրետակոծի, չնայած ներսում տեղ չկար։
«Կաշենի հանքավայրում թշնամին է»,- օր առաջ արձագանք էր տալիս գույժը։ Ու շարունակվում են մեկը մյուսին հաջորդող ցավալի լուրերը` «Մարտակերտ մտնող դիրքերի տղաներից լուր չունենք», «Վիրավորներից մի քանիսը փրկվել են, մյուսներից տեղեկություն չկա», «Տղաները դիրքերում են, չեն կարողանում իջնել»։ Մեքենաներ, որ խցանված կանգնած են ու անվերջանալի է դառնում Ստեփանակերտ հասնելը։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերին կանաչի մեջ նստոտած տեղահանվածներ, տարբեր բեռներ քարշ տվող մարդիկ, մեծից փոքր խումբ-խումբ կանգնած, փոքրիկ կրակի օջախներ, սովածությունից լացող երեխաներ, հուզված, արտասվախառն մեծեր…
Փրկության միջոց դարձած Օդանավակայան, որ գոնե ռուս խաղաղապահների տեղակայված այդ տարածքը չեն հրետակոծի։ Բայց արդյո՞ք ապահովագրված են ռուսներն այդ տարածքից դուրս, երբ ռումբերը ազգություն չեն ճանաչում։ Ու լսում ենք, որ ռուսներ կան` ռումբերի բեկորներին զոհ դարձած։ Եվ այդ իրարանցման մեջ բռնատեղահանված արցախուհիներ տարբեր գյուղերից, ոմանք` հարազատական զգացողությամբ, որ ՖԲ ընկերներ ենք։ Ու հանկարծ մեկի կողմից բարձրաձայն հնչեցրած խոսք, թե տիկի՛ն Պողոսյան, ամեն ինչ ճիշտ էիք գրում, ահա թե ինչ եկավ գլխներիս։ Ստեփանակերտում ենք։ Կոտրված ենք, ջարդուփշուր դարձած, նախօրդ օրվա անքնությունից ուռած եւ արցունքոտ աչքերով։
Ոչ մի հյուրանոցում չտեղավորեցին տարհանվածներիս՝ «ջուր չկա, չի աշխատում», «հադրութցիներ են ապրում այդ հյուրանոցում», «բազմազավակ տարհանված ընտանիքներին ենք տեղավորում», «կարող եք նկուղում ապրել»։ Բազմաթիվ պատճառներ եւ գիշերային անլույս Ստեփանակերտում մեր գլխավերեւում տանիք ունենալու փնտրտուք։ Ու մի նոր միտք է ծնվում՝ մեքենայում կմնանք։ Դրան հակադարձում է «իմ բարեկամի բարեկամը իմ մտերիմն է» միտքը։ Եվ շուտով մենք հյուրընկալվում ենք իսկական արցախցու ընտանիքում՝ ջերմ միջավայր, տաք օջախի վրա եփվող ճաշ, եռացող թեյաման, տանը պատրաստված սուրճ։ Եվ զրույցներ, որով անցնում ենք ու պիտի անցնենք բոլորս՝ պիտի ինտեգրվել կամ հեռանալ Արցախից։
Ուրեմն` նախընտրում ենք երկրորդը։ Այդ հարցում միաձայն ենք բոլորս, բայց դիրքերից պիտի իջնեն մեր տղաները, ովքեր ընտանիքի հայր են, ամուսին, եղբայր, որդի։ Ու անլույս, աշխարհից կտրված՝ փնտրվում են տարբեր միջոցներ. գոնե հնար լինի իմանալ դրսում կատարվող իրադարձություններից` քիչ թե շատ ինչ-որ ձեւով ներբեռնելով բջջային հեռախոսները։ Բանակցություններ, դրանց մասին 1-2 նախադասություն, գոնե ճանապարհ տան, հեռանանք: Ու կանգնում ենք ծանր ընտրության առջեւ՝ արդյո՞ք թույլ կտան Արցախից դուրս գալ, թե՞ պարտադրված ենք «ապրել» նրանց հետ, բայց որպես պատա՞նդ, գերի՞, թե՞ ազատազուրկ կալանավոր։ Ու իմ հարցումների շարքում մեզ տեսնում եմ մեկ այլ իրավիճակում՝ Ստեփանակերտում տարհանվածների համար տեղ չկար, Հայաստան հասնելն անհնար է, իսկ Արցախից դուրս անօթեւան գաղթականի կարգավիճակում ենք՝ հայացքներս դեպի հայրենի տուն:
Նատաշա Պողոսյան

