Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների գնահատման համար ԱԺ-ում քննարկում էր կազմակերպել «Հայաստան» խմբակցությունը։ Ինչքան հասկացա տարածված տեղեկություններից, քննարկմանը հրավիրված են եղել Արցախցի հանրային ու քաղաքական գործիչներ, Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության ներկայացուցիչներ, նաեւ ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ ու խորհրդարանի պատգամավորներ։
Իհարկե, գովելի է, որ կառավարության ու խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր անդամները փորձել են մի սեղանի շուրջ նստել՝ խոսելու Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ծանր խնդիրների լուծման ուղիների մասին, բայց ամենակարեւոր պահին ԱԺ ՔՊ-ական մի պատգամավորուհի բողոքեց, թե ինչու են կազմակերպիչները մատնանշում Արցախի Հանրապետության անունը, չէ՞ որ գոյություն չունի այդ պետությունը։ Հասկացա, որ Արցախի շողքից վախեցողներից է:
Եթե հայտարարության հեղինակը գեղեցկուհի չլիներ, կկարծեի, թե Մեհրիբան Ալիեւան է ելույթ ունեցել Հայաստանի Աժ-ում՝ իր զզվելի տեսքով վախեցնելով ներկաներին, բայց ոչ, պարզվում է՝ այդ մտքի հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր մի աղջնակ է՝ Մարիամ Պողոսյան անունով։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի լսում նման էակի գոյության մասին։ Հավանաբար՝ նա էլ վառարանին նստած «մածեմածիկի» նման ուզում էր կյանքում գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնել» ու նախաձեռնել է սկանդալային արարք։
Այդ աղջնակի հրահրմամբ գուցե վարչապետի աթոռը գրաված մարդուց ստացած հերթական sms-ով, կառավարության հրավիրյալ անդամներն ու իշխանական պատգամավորները լքել են քննարկման սրահը՝ շեշտելով, թե իրենք չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը եւ նրա պաշտոնյաներին։ ԱՄՆ-ից ծանոթներիցս մեկն ասում էր՝ իսկ ԱՄՆ կառավարությունը արդյո՞ք ճանաչում է ՔՊ-ական այդ պատգամավորուհու երեխայի քաղաքացիությունը, որը ծնվել է ԱՄՆ-ում լոկ այն պատճառով, որ մայրը ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ հատուկ է մեկնել այնտեղ իր երեխայի ապահով գալիքը օվկիանոսից այն կողմ կազմակերպելու համար։
ՔՊ-ի ուրիշ պատգամավորներ ու պաշտոնյաներ էլ կան, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սիրախաղ են անում, ուրանում են Արցախը, բայց իրենց երեխաներին գրանցում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ամեն տեղ, միայն ոչ Հայաստանում՝ համարելով, որ այստեղ նրանց ապագան վտանգված է։
Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ այդ ապագան քայքայել ու ոչնչացման եզրին են հասցրել հենց այդ երեխաների ՔՊ-ական ծնողնե՞րը։
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով Հայաստանի քաղաքացիության հետ, որի ինքնիշխանության ու երջանկության մասին զօրուգիշեր աղաղակում են նույն իշխանականները, թե՞ լռությունը համաձայնության նշան է լինելու։
Նաիրի Հոխիկյան

