Օրեր առաջ Երեւանի քաղաքային քննչական վարչության (ԵՔՔՎ) շենքի դիմաց կենցաղային հողի վրա ընդհարում է տեղի ունեցել իրավապահ համակարգի երկու կողմերի միջեւ՝ ՆԳՆ ոստիկանության սպան՝ մի քանի մերձավոր ազգակցականներով, հարձակվել է երկու քննիչի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրանց: Առաջին հայացքից միջադեպը կարող է «տղայական կանոններով» միմյանցից հաշիվ պարզելու մասնավոր դեպք թվալ, սակայն իրականում այն ավելի լուրջ եւ խորքային գործընթացի նախանշաններ է ցույց տալիս: Եվ հնարավոր է, որ տեղի ունեցածը վարչախմբի համակարգային ճգնաժամի նախագուշակն է, եւ ուր որ է՝ վրա կհասնեն Սեւ կարապի դառնաղի ժամանակներ:
Սեւ կարապ եզրույթը գործածվում է 1697 թվականից, երբ մարդկությանը հայտնի դարձավ, որ կարապները միայն սպիտակ չեն լինում. Արեւմտյան Ավստրալիայում սեւ կարապների թռչնատեսակ էր հայտնաբերվել, եւ Սեւ կարապ նորույթը շրջանառության մեջ էր մտել որպես նշանակալի հետեւանքներ ունեցող հազվագյուտ, անսպասելի իրադարձությունները, երեւույթները (դրական թե՝ բացասական) պատկերավոր նկարագրելու արտահայտչամիջոց: Այժմ Սեւ կարապի տրամաբանության ծիրում փորձենք հասկանալ, թե ինչպիսին են ՀՀ-ում տիրող իրավիճակը, դրա հետեւանքներն ու կանխատեսելիությունը:
Իրավիճակի նկարագրություն
ա/ Առնվազն հանրության մի մեծ զանգվածի համար ընտրությունների արդյունքները կասկածելի են, այսինքն՝ իշխանության օրինակարգության աստիճանը խիստ ցածր է; բ/ իշխանության հենարանն այլեւս ուժային կառույցներն են, ինչի արդյունքում դրանց դերն ու նշանակությունը մեծացել են; գ/ քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի քանակը կտրուկ ավելացել է, ինչի հետեւանքով քննչական մարմիններն իրենց համարում են իշխանության հուսալի հենարան եւ, բնական է, պետք է շահաբաժիններ պահանջեն՝ իրենց զգալով օրենքից վեր; դ/ վարչախմբի կարեւոր մաս է ոստիկանությունը։ Սահմանադրական նորմերի ու իրավունքների տապալման պարագայում, երբ իշխող եւ ընդդիմադիր ուժերը վարկաբեկված են, ոստիկաններն ԱԺ-ում առաջնային մանդատով օժտված պատգամավոր են ծեծում, ապաեւ՝ տնտեսական ու ֆինանսական նորանոր շահաբաժիններ պահանջում; ե/ բռնաճնշիչ մարմինները սկզբնական փուլում ճնշում են քաղաքական հակառակորդներին, որից հետո այդ մեքենան նոր զոհեր է պահանջում եւ սկսում է հետապնդել «հպարտ քաղաքացիներին»:
Հետեւանքները
Եթե իշխանության օրինակարգության պակասի հետեւանքով ուժայինների տարբեր թեւեր սկսում են միմյանց դեմ ուժ կիրառել՝ նշանակում է իշխանության ներսում միասնական ենթակայության եւ վստահության մեխանիզմը թուլանում է։ ԵՔՔՎ շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը՝ ոստիկանի եւ քննիչների միջեւ ծագած ծեծկռտուքը, հենց դրա մասին է վկայում: Նախկինում ոստիկանությունը եւ քննչականը Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ էին, այժմ ոստիկանությունը ՆԳՆ-ի, իսկ ԵՔՔՎ-ն՝ Քննչական կոմիտեի իրավասության տիրույթում են: Բախումները կրկնվելիս՝ կողմերը սկսում են գործել՝ ամենը որպես իր առաջայնությունը հաստատող ուժային կենտրոն: Այդ դեպքում է, որ առաջանում է վտանգավոր շղթա՝ օրինակարգության խնդիր, ուժային կառույցների միջեւ մրցակցություն, ներքին պառակտում եւ իշխանության վերահսկողության թուլացում:
Բացառված չէ, որ դատավարությանը զուգահեռ՝ իշխանականներից ոմանք կսատարեն ոստիկանին, ոմանք՝ քննիչներին, կառաջանան նոր թիմեր, կլաններ, բայց հիմնական հարցն այս իրավիճակում հետեւյալն է՝ ի զորո՞ւ է համակարգն իր բոլոր ուժային կառույցներին պահել միասնական քաղաքական ենթակայության ներքո։ Դժվար է ասել, որովհետեւ օրերս մեր չընտրված բռնապետը՝ հեղինակազրկելով դատավորներին՝ հայտարարեց, թե այսօր համակարգում դեռ կան նախկին իշխանություններին աջակցող դատավորներ: Բայց մի բան պարզ է՝ ոստիկաններ-քննիչներ հակամարտությունը իրավական կամ վարչական ակտ չէ. սա համակարգային ճգնաժամի նորովի դրսեւորում է:
«Հայացք Երեւանից»

