Եթե Հայաստանի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինվորին սահմանն ապօրինաբար հատելու դեպքով քրեական պատասխանատվության չենթարկեն, ապա կարելի է հետեւության հանգել, որ ՀՀ-ում պատկան մարմինները չգիտեն, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը կամ, ընդհանրապես, չգիտեն նման սահմանի գոյության մասին: Իսկ եթե այդ զինված ադրբեջանցի ստահակը չդատվի ՀՀ-ում, ապա հարց կառաջանա, թե ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումների միջեւ ինչ տարբերություն կա, երբ Ջերմուկի ընդհարման ժամանակ սահմանի ճշգրտման խնդիր էր առաջացել: Եվս մեկ հռետորական հարց. ապագայում՝ ռուս սահմանապահների հեռանալուց հետո, այս ձեւո՞վ ենք պահելու հայ-ադրբեջանական սահմանը, որ ազերիներն ուզած ժամանակ մտնեն, վնաս հասցնեն մարդկանց ու դուրս գան:
Սեփական մարմնով իր երեք անչափահաս երեխաներին պաշտպանելիս՝ հրազենային վիրավորում ստացած 37-ամյա կինը՝ Անի Ավետիսյանը, ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ազերի խուժանին հասցրել են կալանքի վերցնել՝ զրկելով հրացանը վերալիցքավորելու հնարավորությունից: Մինչ բժիշկները պայքարում են հերոսածին մոր կյանքը փրկելու համար, հարազատներն ահազանգում են պետական համակարգի ու պատկան մարմինների անտարբերության մասին: Բայց սա սովորական պատահար չէ: Անին մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք է ցուցաբերել. նա կյանքի ու առողջության գնով փրկել է իր ձագուկներին՝ որպես անվեհեր արծիվ, եւ արժանի է հանրային սիրո ու պետական հոգածության:
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի քաղաքացին սահման է խախտում: Մոտ չորս տարի առաջ ադրբեջանցի սահմանախախտը՝ Սյունիքում հատելով սահմանը, սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գիշերային պահակին, տեղում բռնվել եւ դատապարտվել ցմահ բանտարկության: Սակայն գերիների փոխանակման անվան տակ ազատ էր արձակվել եւ ադրբեջանցի գերիների հետ ուղարկվել Բաքու: Ազերիներն, առհասարակ, իրենց արտոնյալ դաս են համարում՝ որպես 44-օրյա պատերազմում հաղթած կողմ: Արցախյան առաջին պատերազմում հայերը փայլուն հաղթանակ տարան, բայց երբեք նման չտեսություններ չարեցին: Սահմանախախտումները դեռ չարիքի փոքրագույնն են, Ադրբեջանն ավելին է ուզում ստանալ Հայաստանից՝ ընդհուպ մինչեւ վերջնական կապիտուլացում:
Չարակամ հարեւանը պատերազմից վեց տարի անց շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել, եւ ՀՀ գործող կառավարությունը, որն աննախադեպ թույլ, վախկոտ մեկն է, այդ պահանջներն ընդունում, իրականացնում է: Ադրբեջանի կառավարությունը իր պահանջները փոխանցելիս՝ օգտագործում է որոշակի բառապաշար, որոնք ունեն միջազգային հենք: Հիշենք՝ ամենասկզբից, երբ արցախյան պատերազմը հայտարարում էր Հատուկ ռազմական գործողություն: Հետագայում ճիշտ այդպես անվանեցին ՌԴ-ն Ուկրաինայի դեմ իր պատերազմը, իսկ էլ ավելի վաղ՝ Միացյալ նահանգները Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ պատերազմները: Ադրբեջանը դրան հավելել էր նաեւ Հայրենական պատերազմ եզրը՝ պարզաբանելով, որ Հայաստանի դեմ իր երկիրը Հայրենական պատերազմ է մղում:
Պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ապառազմականացում եւ ապազգայնացում: Սա նույնպես դիվանագիտական բառապաշար է, որն օգտագործվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Ապառազմականացման շրջանակում Հայաստանը, ըստ Ալիեւի, պետք է կրճատի Զինված ուժերի թվակազմն ու պետբյուջեում բանակին հատկացվող ծախսերը, էապես սահմանափակի զենքի ձեռքբերումը, ինչպես նաեւ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից հեռացնի Ադրբեջանից տարածքային պահանջներ հավակնող ձեւակերպումները: Իսկ ապազգայնացման շրջանակում Ադրբեջանի պահանջն են. ՀՀ-ում պատմության վերաշարադրումը՝ հերոսական բոլոր դրվագների զղջմամբ, Հայ Առաքելական եկեղեցու թուլացումը, դպրոցական նոր, չեզոք ծրագրերի անցումը եւ այլն: Անշուշտ, սրանք բոլորը չեն:
Սյունիք մուտք գործած ազերի զինյալը շառ ու փորձանքի չառերեսվելու մտահոգությամբ անտղամարդ ընտանիք էր փնտրում, եւ գտավ մանկահասակ երեխաներով տիկնոջը: Բայց դա նրան առավելություն չտվեց: Անին չընկրկեց թշնամու առջեւ, կարողացավ արտակարգ իրավիճակում պահպանել իր կյանքն ու զավակների ապահովությունը: Ազերի տականքը կալանավորված է, որից առաջ հասցրեց կրակել նրա ծնկին: Իհարկե, նա գիտի, որ եթե Ալիեւը կեսբերան Նիկոլին ասի՝ անհապաղ ազատ արձակել իր քաղաքացուն, Նիկոլը հազիվ թե հանդգնի մերժել: Բայց դրա համար այդ թափթփուկը պետք է իրենից ինչ-որ բան ներկայացնի:
«Հայացք Երեւանից»

