Փոխան խմբագրականի
Սահմանադրությունը մեզ պետք է պաշտպանի իշխանության հնարավոր կամայականությունից, ոչ թե դառնա քաղաքական անհամաձայնությունը ճնշելու գործիք։ Ընդդիմությունը իրեն ընտրած քաղաքացու քաղաքական կամքի կատարողն է, հետևաբար՝ ընդդիմության նկատմամբ ճնշումը հարված է ընտրողի ազատ կամքին։
Ես ՀՀ քաղաքացի եմ և կառավարության քաղաքականության հրապարակային ու սկզբունքային ընդդիմախոս, ոչ թե Հայաստանի Հանրապետության թշնամի։ Դեմ եմ Ադրբեջանի պահանջով, նախապայմանով ու ընկալմամբ Սահմանադրության փոփոխությանը և խաղաղության անվան տակ միակողմանի զիջումների քաղաքականությանը, որով Հայաստանի ինքնիշխան որոշումները կախված են դառնում Ադրբեջանի համաձայնությունից։ Չեմ ընդունելու, որ Սահմանադրության նկատմամբ իմ վերաբերմունքը որոշվի Բաքվում, իսկ այդ մասին խոսելու իմ իրավունքը՝ Երևանում գործող իշխանության կողմից։
ՀՀ կառավարության ղեկավարի վերջին հայտարարություններն արժեզրկում են խաղաղության գաղափարը՝ այն դարձնելով սեփական իշխանության քաղաքական անձեռնմխելիության պահանջ։ Ստացվում է, որ իմ համոզմունքն արտահայտելու համար պետք է պատրաստ լինեմ իշխանության կազմակերպած ճնշմա՞նը։ Որևէ տարբերություն չկա՝ կճնշեն ինձ, թե պատգամավորին։ Սա քաղաքական բանավեճ չէ, սա քաղաքական շանտաժ է։
Առավել վտանգավոր է, որ այդ մասին հայտարարում է ոչ թե քաղաքական մրցակիցը, այլ պետական իշխանության ղեկավարը։ Իշխանությունն իրավունք ունի համոզելու, բանավիճելու, իր նախաձեռնության (շեշտում եմ՝ ԻՐ նախաձեռնության) շուրջ աջակցություն ակնկալելու, բայց իրավունք չունի պետական ռեսուրսներն օգտագործելու մարդկանց ու պատգամավորներին վախեցնելու կամ նրանց քաղաքական կամքը կոտրելու համար։ Ընդդիմադիր պատգամավորի «ոչ»-ը նույնքան սահմանադրական է, որքան մեծամասնության «այո»-ն, իսկ սահմանադրական մեծամասնության բացակայությունը ճնշման թույլտվություն չէ։
Կառավարությունը խաղաղության սեփական հայեցակարգը ներկայացնում է որպես միակ հնարավոր տարբերակ, չհամաձայնողներին՝ որպես խաղաղության հակառակորդներ, իսկ այժմ արդեն խոսում է նրանց նկատմամբ ճնշում կազմակերպելու մասին։ Պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, բայց դրան ընդդիմանալը դիտարկում է իբրև խաղաղությանը դեմ։ Եթե սա ինքնիշխան որոշում է, ինչո՞ւ է անհամաձայնությունը ներկայացվում որպես խաղաղության դեմ գործողություն, և ինչո՞ւ է Ադրբեջանի պահանջը դարձել Հայաստանի ներքաղաքական օրակարգ։ Սա խաղաղության գաղափարը քաղաքական մենաշնորհ դարձնելու և այլախոհությունը վարկաբեկելու փորձ է։
Հարցը դիտարկենք նաև հանրային անվտանգության տեսանկյունից։ Խորհրդարանի ամբիոնից հնչած նման խոսքը կարող է պաշտոնյաների կողմից ընկալվել որպես ազդակ՝ ընդդիմադիր քաղաքացիներին թիրախավորելու համար։ Իսկ եթե դա ծառայի իշխանության քաղաքական նպատակներին, օրենքը կստորադասվի քաղաքական շահին, ապօրինությունները կկոծկվեն կամ կխրախուսվեն։ Նման նախադեպերը շատ են։ Իշխանության պարտականությունը ճնշման ու բռնության վտանգը կանխելն է, ոչ թե դրա համար միջավայր ստեղծելը։
Ինչպե՞ս կարող է իշխանությունը նոր Սահմանադրության համար լեգիտիմություն պահանջել, եթե պատրաստ է ճնշել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները պարտավոր է պաշտպանել գործող Սահմանադրությամբ։ Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի գործիք։
Վլադիմիր Մարտիրոսյան
«Հայացք Երևանից»

