Ընդդիմությունը պետական կառավարման լիարժեք ինստիտուտ է
Հայաստանի քաղաքական համակարգի առանցքային խնդիրներից մեկը ոչ միայն իշխանության և ընդդիմության միջև առկա «առանց կանոնների մարտերն» են, այլև քաղաքական մրցակցության, քաղաքական բանավեճի պարզունակությունը։ Քաղաքական մրցակցությունը փոխարինվում է անձնավորված լեզվակռվով, Աժ-ում տեղի ունեցող ձեռնամարտերով, քաղաքական ծրագրերը՝ փոխադարձ մեղադրանքներով, իսկ պետական կառավարման այլընտրանքային մոդելների քննարկումը՝ իշխանության պահպանման կամ իշխանափոխության շուրջ հարցադրումներով։
Մի կողմ թողնենք իշխող ուժի որակները և կենտրոնանանք ընդդիմության վրա, քանզի հանրության զգալի հատվածը ակնկալիքներ ունի հենց ընդդիմությունից։ Այսպիսով, ընդդիմության հիմնական առաքելությունը չպետք է սահմանափակվի գործող իշխանությանը քննադատելով։ Ընդդիմությունը պետական կառավարման լիարժեք ինստիտուտ պետք է լինի, որի գործառույթներն են իշխանության նկատմամբ վերահսկողությունը, այլընտրանքային քաղաքականությունների մշակումը, հանրային շահերի ներկայացումը և իշխանության խաղաղ ու սահմանադրական փոփոխության հնարավորության ապահովումը։ Շատերը կենտրոնանում են իշխանության ամենաթողության վրա, սակայն այնպես չէ, որ հանրային կարծիքը լուծումներ է տեսնում։ Հետևաբար, Հայաստանի ընդդիմության առջև կանգնած է առավել հիմնարար հարց. արդյո՞ք այն կարող է ձևավորվել որպես ժողովրդավարական պետական կառավարման այլընտրանք, այլ ոչ թե պարզապես գործող իշխանության հակառակորդ։ Հանրային մոբիլիզացիայի համար ընդդիմությունը պետք է հասկանալի լինի հանրության համար, որովհետև իշխանության հնարավոր փոփոխությունն ինքնին դեռ չի նշանակում կառավարման համակարգի փոփոխություն։
Կառավարման ռեֆորմների համար անհրաժեշտ է ոչ միայն նոր քաղաքական ղեկավարություն, այլև այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածքի առաջարկներ, որը սահմանափակում է ցանկացած իշխանության կամայականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն իրականացնում։ Ընդդիմությունը պետք է հանրությանը կարողանա համոզել, որ ինքն արժանի է նման վստահությանը։
Քաղաքական մտածողության փոփոխության մարտահրավերը
Քաղաքական մրցակցության իմաստը ոչ թե այն է, թե ով է դառնալու իշխանություն, այլ այն, թե ինչպիսի իշխանություն է հնարավոր իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես պետք է այն սահմանափակվի, ում առջև պետք է հաշվետու լինի և ինչ երաշխիքներ պետք է գոյություն ունենան պետական կամայականության դեմ՝ ներկա, թե ապագա։
2018 թվականին Հայաստանում իշխանափոխություն է իրականացվել կոռուպցիայի, անօրինականությունների դեմ պայքարի կարգախոսներով, սակայն մենք ականատես եղանք, թե ինչպիսի ազգային ողբերգությունների և մինչ այդ չտեսնված անօրինականությունների դա հանգեցրեց։
Հայաստանի զարգացման համար կարևոր է քաղաքական մշակույթի այնպիսի փոփոխությունը, որի պայմաններում ընտրություններում հաղթողը չի նույնացվում պետության հետ, իսկ պարտվողը չի դիտվում որպես հակապետական ուժ, կամ ինչպես գործող իշխանության ներկայացուցիչներն են պնդում՝ լրտեսական ցանց։
Կայացած համակարգերում իշխանությունը և ընդդիմությունը մրցակիցներ, բայց փոխադարձաբար լեգիտիմ բաղադրիչներ են։ Այսօրվա Հայաստանում թշնամիներ են և խաղի կանոններն այնպիսին են դարձել, որ քաղաքական մրցակիցների տեղը կալանավայրն է։ Նրանց մրցակցությունը պետք է ընթանա Սահմանադրության, օրենքի և քաղաքացիների հիմնարար իրավունքների շրջանակում։
Ժողովրդավարությունը և իրավական պետությունը չեն կարող կառուցվել բացառապես մեկ քաղաքական ուժի կամ մեկ առաջնորդի քաղաքական կամքի վրա։ Այն պահանջում է ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք կգործեն նաև իշխանությունների փոփոխությունից հետո։ Հայաստանի քաղաքական զարգացման հիմնական հարցը կարելի է ձևակերպել այսպես. ինչպիսի՞ պետություն պետք է կառուցվի, որպեսզի քաղաքացիների իրավունքներն ու հնարավորությունները կախված չլինեն տվյալ պահին երկիրը ղեկավարողից։
Հայաստանի ապագայի համար վճռորոշ է ոչ միայն այն, թե ով կգա իշխանության, այլ այն, թե իշխանության գալու համար հանրությանն ինչ ծրագիր, ինչ պարտավորություններ է առաջարկում, և հաշվի առնելով 2018-ի հետևանքների դառը փորձը, ինչ երաշխիքներ կան, որ մեզ հերթական անգամ չեն խաբելու։
Քննադատությունից դեպի հաշվետու այլընտրանք
Չափազանց կարևոր հարց է, թե ինչ են իրենցից ներկայացնում ընդդիմադիր կառույցները և որքանով են նրանք տարբերվում այսօրվա իշխող ուժից։ Անհատների շուրջ ձևավորված քաղաքական կազմակերպությունները, ինչը Հայաստանի քաղաքական կյանքի հիվանդությունն է, հաճախ ունեն սահմանափակ ինստիտուցիոնալ կայունություն։ Նման համակարգերում քաղաքական որոշումները կախված են առաջնորդների անձնական հեղինակությունից, իսկ կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը զուտ անհրաժեշտ դեկորացիաներ են։
Կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը պահանջում է ղեկավարության ընտրության թափանցիկ ընթացակարգեր, անդամների մասնակցություն որոշումների կայացմանը, ֆինանսական հաշվետվողականություն և մասնագիտական քաղաքականության մշակման կարողություն։ Առանց այդպիսի մեխանիզմների դժվար է ակնկալել, որ իշխանության հասած քաղաքական կազմակերպությունն ամբողջությամբ կհրաժարվի կենտրոնացված որոշումների կայացման մշակույթից։ Ընդդիմության արդյունավետությունը պետք է գնահատվի նաև այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների որակը, խորհրդարանական վերահսկողության արդյունքները, պետական քաղաքականությունների մասնագիտական քննադատությունը և հանրային խնդիրների լուծման առաջարկները։
Կարևոր է նաև քաղաքական պատասխանատվության մշակույթը։ Եթե քաղաքական ուժը նախկինում մասնակցել է պետական կառավարմանը, ապա նրա ժողովրդավարական զարգացման ծրագրի գնահատման համար կարևոր են ոչ միայն ապագայի խոստումները, այլ նաև նախկին որոշումների փաստարկված վերանայումը, սխալների ճանաչումը և ինստիտուցիոնալ երաշխիքների ներկայացումը, որոնք կնվազեցնեն դրանց կրկնության հավանականությունը։ Հանրային վստահությունն այդ իմաստով ենթադրում է ոչ թե քաղաքական անցյալի մոռացություն, այլ դրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
Այս ամենը կարճ ձևակերպենք․ որպեսզի հանրությունը վստահի այլընտրանքային քաղաքական ուժին, նրանք պետք է առաջին հերթին կարողանան հենց իրենք իրենց բարեփոխեն, հետո նոր հավակնեն պետության կառավարման ծանրագույն գործին։
Ազգային անվտանգություն և արտաքին քաղաքականություն
Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ առաջին պլան է եկել անվտանգության խնդիրը, որով գործող իշխանությունը շանտաժի է ենթարկում հանրությանը։ Դա հատկապես օրակարգային խնդիր է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում անվտանգային բալանսների ու ինստիտուտների, առհասարակ կայունության դեգրադացիան։
Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկություններից մեկն ազգային անվտանգության հարցերի ընդգծված ազդեցությունն է ներքաղաքական գործընթացների վրա։ Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, սահմանների պաշտպանությունը, արտաքին քաղաքական գործընկերությունները և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը հաճախ դառնում են քաղաքական ուժերի միջև կոշտ հակադրության առարկա։ Սակայն ազգային անվտանգության քաղաքականությունը պահանջում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ մտածողություն։
Մի կողմից իշխանությունը պատերազմով հանրությանը շանտաժի է ենթարկում, այսինքն, եթե ինքը կորցնի իշխանությունն, ապա պատերազմ կսկսվի, մյուս կողմից ընդդիմությունն ազգային էմոցիոների վրա խաղաղալով ելույթներ է ունենում, սակայն իրականում գոյություն ունեցող վտանգների առումով ռացիոնալ ու հասկանալի առաջարկներ չի ներկայացնում․մի կողմից՝ շանտաժ, մյուս կողմից՝ էմոցիաներ։
Այս առումով, անհրաժեշտ է անվտանգային որոշումների հետևանքների գնահատման մեխանիզմների զարգացում, որպեսզի հանրային քննարկումներում հնարավոր լինի տարբերակել հաստատված փաստերը, հնարավոր ռիսկերը և քաղաքական ենթադրությունները։ Ազգային անվտանգությունը միայն ռազմական պաշտպանության հարց չէ։ Այն ներառում է նաև էներգետիկ անվտանգությունը, տնտեսական դիմակայունությունը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, կիբեռանվտանգությունը և պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Հետևաբար, անվտանգային քաղաքականության վերաբերյալ ցանկացած լուրջ այլընտրանք պետք է ներկայացնի ոչ միայն ցանկալի արդյունքը, այլև դրան հասնելու իրավական, ֆինանսական, դիվանագիտական և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Այս մոտեցումը թույլ է տալիս արտաքին քաղաքականության քննարկումը կառուցել ոչ թե բացառապես աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ, այլ պետական շահերի, գործնական կարողությունների և ռիսկերի համեմատական գնահատման հիման վրա։
Մենք չպետք է զերծ մնանք ընդդիմադիր կառույցներին քննադատելուց, ինչը շատերը կարող են ընկալել որպես հարված ընդդիմության հեղինակությանը։ Քանզի սպասելիքներն ընդդիմադիրներից են, ապա հանրային պահանջները հենց նրանց պետք է ուղղված լինեն։
Արա Սմբատյան

