Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025

Խմբագրական

Նիկոլի մուրճը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, որ վերջին տարիներս Հայաստանում լայն թափ է ստացել բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկան, դժվար է վիճարկել: Այդ մասին համառորեն պնդող փաստերը բազմաթիվ են եւ բոլորին լավ հայտնի: Գաղտնիք չէ նաեւ, որ տարի առ տարի մեզանում շատանում են հանցագործությունները, այդ թվում՝ դրանց ծանր տեսակները՝ կապված սպանությունների, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի առուվաճառքի, բնակարանային կողոպուտների, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, զենքի, պայթուցիկ նյութերի ու սարքերի ձեռքբերման, պետական գույքի հափշտակումների եւ այլ հանցավոր երեւույթների հետ: Որոշ հանցատեսակներ, օրինակ՝ բնակարանային գողությունները, գրեթե միշտ մնում են չբացահայտված:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված հանցավորությունների այս անզուսպ վերընթացը Հայաստանում, որն, ի դեպ, աշխարհի «ամենաոստիկանացված» պետությունների շարքում է: Մինչ այս հարցին գալը, բերենք մի քանի ուշագրավ փաստ: Հատկանշական է, որ ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունենում են խիստ կասկածելի, անհեռանկար ու ավտորիտար երկրները: Ըստ ՄԱԿ-ի մի հրապարակման, տարբեր երկրների միջին վիճակագրական հաշվարկներով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության շուրջ 300 աշխատակից: Բայց քանի որ «մերն ուրիշ է», ՀՀ-ում այդ թիվն ընդհուպ մոտենում է 1000-ին, այսինքն՝ երեք անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:

Հիմա գանք վերը հնչեցված հարցին: ՀՀ-ում ոստիկանների թիվը մեծ է, ֆինանսավորումը՝ աննախադեպ բարձր, բայց հանցագործությունների թիվն աճում է: Ո՞րն է պատճառը: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը չէ, այլ կառավարող վարչախմբի հարատեւության պահպանումը եւ այդ վարչախմբի դեմ ցանկացած զանգվածային կամ ոչ զանգվածային հավաքների չեզոքացումը՝ թեկուզ արյան գնով: Իսկ ոստիկանի արհեստավարժության, որակի, բարեպաշտության մասին խոսելն ավելորդ է՝ մասնավորապես սեւ եւ կարմիր բերետավորների դեպքում, որոնք իրականում ոստիկանական լիազորություններ ունեցող ջարդարարներ են:

Բռնություններ, ոստիկանական ու դատաիրավական կամայականություններ մասամբ կային նաեւ ԽՍՀՄ տարիներին, սակայն հետխորհրդային շրջանում դրանք բավական ընդգծված եւ ամբողջական դրսեւորումներ ստացան: 2018-ից մեկ տարի հազիվ անց՝ «թավշյա» վարագույրի հետեւում արդեն երեւակվեցին իշխանական ամենաթողության եւ բռնատիրության նախանշանները: Փաշինյանի հրահանգով նրա կողմնակիցները 2019թ. մայիսին մի քանի ժամով արգելափակեցին երկրի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Նորընտիր վարչապետը դատաիրավական հանրույթին հասկանալ էր տալիս, որ առանց իր «դաբրոյի» չի կարող ոչ մի կարեւոր դատավճիռ կայացվել:

Հաջորդ սպառնալիքն ուղղված էր քաղաքական ընդդիմախոսներին՝ խստիվ պահանջով, որ «հանգիստ նստեն տեղները» եւ հանկարծ մտքներովը չանցնի՝ «թպրտալ», ասել է թե՝ ակտիվանալ: «Կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով, որեւէ մեկը թող բախտը չփորձի՝ նախկին լինի, թե ներկա»,- իշխանության տեսակետները չկիսողներին «դիմակահանդես» էր խոստանում Փաշինյանը: Եվ դա նրա խոստումներից միակն էր, որ պարտաճանաչորեն կատարում է՝ սկսած 2019թ.-ի հունիսից: Իսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրապայքարի ասպարեզ դուրս եկավ հանրահայտ մուրճով, որը նրա հետ էր նաեւ երկու շաբաթ առաջ՝ ՔՊԿ-ի 7-րդ համաժողովի ժամանակ:

Նիկոլի մուրճը անբացատրելի խորհուրդ ունի: Ոմանք ասում են պարզապես թալիսման է, որ իրեն հաջողություն է բերում, ինչպես 2021-ի հունիսյան ընտրություններում: Ուրիշները՝ թե ուժի եւ բռնության խորհրդանիշ է՝ պատրաստ ցույց տալու յուրաքանչյուրին իր տեղը: Ինքը՝ Նիկոլը, պնդում է, որ մուրճը կառուցման, արարման մարմնավորում է: Անշուշտ՝ անկեղծ չէ. մարդ, ով կյանքում ոչինչ չի կառուցել, բայց լիքը բաներ է քանդել, չի կարող իմանալ կառուցման հարգը: Եթե ուշադրություն դարձրել եք՝ անպայման նկատած կլինեք, Փաշինյանը գլխավերեւում մուրճը թափահարում է ճիշտ այն հետագծով, որով Ալիեւը՝ հայերին սաստող իր բռունցքը:

 

«Հայացք Երեւանից»

Հոկտեմբերի 11 2025
Հոկտեմբերի 04 2025
Սեպտեմբերի 27 2025
Սեպտեմբերի 20 2025
Սեպտեմբերի 06 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: