Կիրակի, Մայիսի 18, 2025

Խմբագրական

Կգտնի՞ Հայաստանն իր տեղը արեւի տակ

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Այն, ինչ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցավ Արցախում, անկասկած, ցեղասպանություն էր կամ էթնիկ զտում, որը եւս ցեղասպանական գործողության տարատեսակ է: Նկատենք, որ մինչ այդ Արցախը ավելի քան ինն ամիս խուլ շրջափակման մեջ էր՝ շատ ժամանակ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, առանց դեղորայքի, հացի եւ գոյության այլ միջոցների: Հարյուրութ տարի անց դարավոր թշնամու հետնորդները ԼՂՀ-ի 120 հազար բնակչության՝ այդ թվում 30 հազար երեխայի համար ստեղծեցին ապրուստի ու կենսագործունեության անհնարինության պայմաններ, ինչը նույնպես, ըստ միջազգային համապատասխան կոնվենցիայի, ցեղասպանության դրսեւորում է:

1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ զուգահեռներ անցկացնելիս կարելի է տեսնել նույն հատկանիշներն ու հանցանշանները, ինչն Արցախում էր՝ մեկուսացում, ջարդ, զինաթափում, խոշտանգումներ, զանգվածային տեղահանություն, հայրենազրկում եւ հայկական հետքերի վերացում՝ ազգի պատմամշակութային, հոգեւոր արժեքների ոչնչացման միջոցով: Հատկանշական է, որ փոքր ազգի հանդեպ եղեռնագործությունը մեծ տերությունների ու ազդեցիկ երկրների համար ոչ այլ ինչ է, քան ցեղասպան պետության նկատմամբ ճնշումներ բանեցնելու լծակ:

Հայոց ցեղասպանությունից անգամ մեկ դար անց Թուրքիայի հետ որեւէ խնդիր ունեցող երկիր առաջին հերթին վկայաբերում է Ցեղասպանության հարցը եւ, հնարավորության դեպքում, նրանից կորզում այս կամ այն զիջումը: Նույնը Ադրբեջանին է սպասվում եւ, հատկապես, այն երկրների կողմից, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում: Ի դեպ՝ թե՛ 1915-ին եւ թե՛ այժմ «միջազգային հանրություն» կոչվածը լռելյայն համաձայնեց, իսկ ավելի ստույգ՝ նպաստեց ցեղասպանությանը:

Համընկնումների ցանկից բերենք եւս մեկ ուշագրավ դրվագ. ե՛ւ մեկդարյա վաղեմության ցեղասպանության, ե՛ւ մերօրյա արցախյան էթնիկ զտման ժամանակաշրջանները համընկել են մեծ երկրների միջեւ ընթացող պատերազմների ու աշխարհաքաղաքական նշանակության մրցակցության հետ. մի դեպքում համատեքստը Առաջին աշխարհամարտն էր, մյուս դեպքում՝ ռուս-ուկրաինական պատերազմը կամ, խոշոր հաշվով, Երրորդ աշխարհամարտը, որն իրականում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ է: Ոմանք դա համարում են նաեւ «պրոքսի» պատերազմ ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ:

Լավ, իսկ ո՞րն է աշխարհաքաղաքական այս վայրիվերումներում հայ ժողովրդի դերը, բացի ցեղասպանվելուց: 1915-ին հայերը ռուսական ազդեցության կրողներ էին համարվում, իսկ ռուսների համար՝ մանրադրամ ռուս-թուրքական համաձայնության հասնելու գործարքներում: Նույնը Արցախի պարագայում է՝ վերջինս դիտարկվում է մի տարածք, որի շնորհիվ ապահովվում է Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում: Կարծես թե սխեման միշտ մնում է անփոփոխ:

Բայց սա տակավին սկիզբն է: Արցախյան խմորը դեռ շատ ջուր կքաշի, եթե, իհարկե, ՀՀ-ում իշխանության գան ազգային շահերով առաջնորդվող, աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանությունն ու մեծ երկրների շահերը խորապես գիտակցող, դիվանագիտորեն եւ պետականորեն մտածող ուժեր, որոնք ի վիճակի կլինեն վարել ներքին ու արտաքին ճկուն, արդյունավետ քաղաքականություն:

Հարավային Կովկասի համար պայքարը նոր է սկսվում, իսկ այս տարածաշրջանը Եվրոպա-Ասիա, Մերձավոր Արեւելք-Կենտրոնական Ասիա գծերի խաչմերուկն է։ Չեն բացառվում ամենաանհավանական դաշինքներն ու հակամարտությունները։ Կգտնի՞ Հայաստանն իր տեղը այս արեւի տակ՝ ցույց կտա ժամանակը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: