Երեքշաբթի, Սեպտեմբերի 25, 2018

Խմբագրական

Ավագանու ընտրություններ. մրցավա՞զք, թե՞ մրցակցություն

Հայաստանի անկախության տարիների գլխավոր փորձությունները միշտ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են եղել։ Ընտրությունների ժամանակ ձեւավորվել են թիմեր, որոնք ցանկացած եղանակով փորձել են հաղթել կամ գոնե ներկա լինել խորհրդարանում: Կամ էլ, վատագույն դեպքում, տեղավորվել ապագա նախագահի մերձակայքում։ Ընտրությունների ժամանակ թիմը մատուցում էր ծառայություններ եւ սպասում փոխհատուցման։ Սա է եղել Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական ինտրիգը եւ երկրի դժբախտությունների պատճառը:

Այս տարվա ապրիլին փողոց դուրս եկած ժողովուրդը ցանկանում էր կասեցնել այդ արատավոր ընթացքը։ Համենայն դեպս` հրապարակում դա հայտարարվեց որպես նպատակ, իսկ թե ինչ ներքին խնդիրներ էր լուծում եւ/կամ հոգու խորքում ինչ էր թաքցնում հեղափոխությանը մասնակցած յուրաքանչյուր անհատ` անքննելի է։ Մասնակիցների մի մասն, անտարակույս, տոգորված էր երիտասարդական ռոմանտիզմով ու հայրենասիրությամբ։ Մյուս մասը պատեհ առիթ էր փնտրում իր կյանքը դասավորելու համար։ Դա բնական է։ Սակայն ճակատագրական է դառնում այն խնդիրը, թե որքանով առաջին մասը կուլ կգնա երկրորդի թիմային «հայրենասիրության» տրամաբանությանն ու հույզերին։

Հեղափոխությունից չորս ամիս անց տեղի է ունենում հնարավոր խորհրդարանական ընտրությունների հիմնական փորձը՝ Երեւանի ավագանու ընտրությունները։ Արդյոք հեղափոխական պաթոսը կպահպանվի՞ ընտրությունների ժամանակ, թե՞ խմբային եւ անձնական շահերը` համեմված արեւելյան կրքոտությամբ ու անսկզբունքայնությամբ, մոռանալ կտան հեղափոխության կարգախոսները։ Այստեղից էլ բխում է հաջորդ հարցադրումը` արդյո՞ք հեղափոխությունն արդեն ավարտվել է, եւ մենք մտնում ենք ավանդական հայկական ընտրական մրցավազքի մեջ, թե՞ ընդհակառակը՝ հեղափոխությունը թեւակոխում է նոր, վճռական փուլ։

Արեւմտյան քաղաքակրթության հաջողության իմաստն այն է, որ մարդիկ իրենք իրենցից չեն թաքնվում եւ իրականությանը նայում են բաց աչքերով` պարզ ասելով, որ ամեն ինչի հիմքում շահն է: Ու փորձում են իրենց անձնական շահը եւ մյուսների շահերը հավասարակշռել ու գալ փոխհամաձայնության։ Հայաստանի նման ոչ ռացիոնալ արեւելյան երկրներում ավանդաբար յուրաքանչյուրն իր շահը քողարկում է ինչ-որ «վեհ» գաղափարով ու անգամ ինքն իրեն է դրանում համոզում։ Կա հատկանշական մի զգացողություն, որ բոլոր ժամանակներում դրսեւորում է իրեն` անկախ տիրող վարչակարգից: Ինչպես ՀՀԿ-ն էր փորձում Նժդեհի անունն օգտագործելով` «լվանալ» հանրության ուղեղները եւ իր անդամների պարզ մորթապաշտությունը ներկայացնել որպես վառ հայրենասիրություն, այնպես էլ հիմա ոմանք փորձում են հեղափոխական պաթոսն օգտագործել իրենց պարզ շահերը քողարկելու համար։

Արեւմտյան քաղաքակրթության հաջողության օրինակը մեզ հուշում է, որ արդեն ժամանակն է մտնել ռացիոնալության դաշտ եւ մարդկանց սեւ-սպիտակի բաժանելու փոխարեն հանրությանը շատ կոնկրետ ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ յուրաքանչյուրը կտեսնի իր շահը եւ որպես հանրային փոխզիջում` իր բաժին զիջումների սահմանն ու դրանց վրա հիմնված պարտականությունները։ Հեղափոխության հաջողությունը կարող է գտնվել հստակության եւ պրագմատիզմի տիրույթում։

Ընտրությունները պետք է լինեն ոչ թե ցանկացած գնով հաղթելու մրցավազք, այլ գաղափարներ առաջադրելու առողջ մրցակցություն։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am