Ուրբաթ, Օգոստոսի 07, 2020

Խմբագրական

Կոմպրոմատները եւ բարոյական պատվարների փլուզումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երբ պետությունները հայտնվում են ծանրագույն իրավիճակում` հանրությունները համախմբվում են: Ընդհանուր աղետը մարդկանց միավորելու մեծ ներուժ ունի: Եվ ոչ միայն մարդկանց, այլեւ բնազդաբար` նույնիսկ կենդանական աշխարհը: Շատերը կհիշեն «Մաուգլի» մուլտֆիլմը, որտեղ կա մի տեսարան` երաշտի ժամանակ ջունգլիներում հայտարարված զինադադարը, երբ գետի ափին սննդային շղթայի տարբեր աստիճաններում գտնվող կենդանիները միասին համերաշխ ջուր են խմում։

Ճիշտ է, դա հեքիաթներում է, իրական կյանքում, թերեւս, միշտ չէ, որ այդպես է: Իսկ ավելի հաճախ ճիշտ հակառակն է պատահում: Համավարակի պայմաններում, օրինակ, մի շարք երկրներում, ասենք` Միացյալ Նահանգներում, ի տարբերություն «ջունգլիների օրենքի», կրքերը եռում են, անգամ փողոցային բախումներ են տեղի ունենում: Հայաստանում գործը դեռ փողոցին չի հասել (չհաշված «ասֆալտին փռելու» 1-2 դեպքերը), սակայն նման սպառնալիքները հետզհետե սաստկանում են։

Փաստ է, որ համավարակն ի զորու չեղավ խաղաղեցնել գնալով ահագնացող քաղաքական տեղատվությունները։ «Բարգավաճ Հայաստանը» Կառավարության 100 տոկոսանոց հրաժարականն է պահանջում, Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է գալիս հակաիշխանական կոշտ հայտարարություններով, Արթուր Վանեցյանը ստեղծել է «Հայրենիք» անվամբ կուսակցություն եւ շարունակում է Փաշինյանին «կանգ առնելու» հորդորով սթափության կոչել, իսկ վերջինս այդ հորդորին ի պատասխան` խոստանում է քաղաքական հակառակորդներին նետել «պատմության աղբանոցը»: Եվ, որպես առաջին քայլ, սրընթաց փոխում է ուժային կառույցների ղեկավարներին: Փույթ չէ, թե երկու տարվա ընթացքում` արդեն երրորդ անգամ:

Խորացող կառավարման ճգնաժամը մի կողմ թողած` մենք թեւակոխում ենք կոմպրոմատների հրապարակման փուլ, եւ բոլոր բարոյական պատվարները փլուզվում են: ԲՀԿ առաջնորդի դեմ ուղղված ավելի քան 40 տարվա վաղեմության մեղադրանքի հիմքով կոմպրոմատային գրոհը դեռ սկիզբն է։ Քաղաքական հետապնդումների նոր ալիք է սպասվում: Չէ որ նորանշանակ ուժայիններին ինքնադրսեւորվելու լայն հնարավորություններ են ընձեռնված:

Ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս թնջուկը: Հարցը հռետորական չէ, այն շատերին է հետաքրքրում, սակայն որեւէ տրամաբանական պատասխան դժվար է գտնել: Բայց մի բան պարզ է` այսպես շարունակվելու դեպքում իշխանության համար մղվող քաղաքական պայքարը կվերածվի կենացմահու հակամարտության, որը բացառելու է փոխզիջումների հնարավորությունը։ Իսկ միգուցե Հայաստանի հիմնախնդիրն այսօր հենց փոխզիջումների հնարավորության բացակայությո՞ւնն է, ինչը նույնպես փլուզվող բարոյական պատվարների տիրույթում է:

Փորձենք հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Փոխզիջումը քաղաքական գործընթացների արդյունք է, երբ կողմերը նստում են սեղանի շուրջ, ներկայացնում իրենց դիրքորոշումները, որոնց մերձեցման միջոցով էլ ձեռք են բերվում որոշակի համաձայնություններ։ Սա է քաղաքական գործընթացը։ «Լավ մարդ», «վատ մարդ», «ազնիվ», «անազնիվ», «նախկին», «ներկա» բառեզրերը քաղաքական կատեգորիաներ չեն։ Իսկ այլ կատեգորիաներ ու չափանիշներ ներկայում մեր քաղաքական դաշտում չկան: Ուրեմն մնա՞նք «ոչ քաղաքական» կատեգորիաների հույսին, որոնցով հազիվ թե հաջողվի հաշտություն հաստատել «լավերի» ու «վատերի» միջեւ։

Չկա քաղաքական դիսկուրս, ուրեմն եւ չկա քաղաքական երկխոսություն։ Կամ հաղթում ես ու վերցնում իշխանությունը, կամ պարտվում ես ու հայտնվում կալանավայրում։ Բայց սա հանգուցալուծում չէ: Սա ծանոթ դիպաշար է, որը մենք արդեն տեսել ենք: Կողմերի համար մի ելք, այնուամենայնիվ, մնում է` նրանցից յուրաքանչյուրը թող իր քաղաքական դիրքորոշմամբ, իր հանգամանալից ծրագրահենքով, ճանապարհային քարտեզով, հակաճգնաժամային իր տեսլականով ներկայանա հանրության դատին եւ փորձի շահել նրա վստահությունը:

Հայ հանրությունը կուշտ է պոպուլիստական դատարկաբանություններից: Եկել է իրատեսական ծրագրերի, խոհեմ դատողությունների եւ առողջ պրագմատիզմի դարաշրջանը: Ժողովուրդը թարմ, կենարար օդի կարիք ունի: Եվ այդժամ կյանքն ինքը ցույց կտա, թե ով կմնա պատմության մեջ եւ ով կհայտնվի «պատմության աղբանոցում»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: