Հինգշաբթի, Հունիսի 20, 2019

Խմբագրական

Կկարողանա՞ Հայաստանն օգուտ քաղել նպաստավոր արտաքին զարգացումներից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական կյանքը բուռն զարգացումներ ապրեց։ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կատալիզատորի դեր կատարեց, որպեսզի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից դատական իշխանության բարեփոխումների գործընթացը «վիրահատական միջամտության» ենթարկվի ու դառնա միակ քաղաքական օրակարգը։ Այդ պատճառով հանրության ուշադրությունից վրիպեցին արտաքին քաղաքական դաշտում տեղ գտած մի քանի իրադարձություններ ու զարգացումներ, որոնք իրենց նշանակությամբ Հայաստանի համար չափազանց մեծ կարեւորություն ունեն։

Մայիսի 13-14-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որի ավարտից հետո ընդունվեց Հռչակագիր։ Սակայն գագաթաժողովի մասնակից երկրները որոշեցին դրան ավելի բարձր կարգավիճակ չտալ, որպեսզի Ադրբեջանին թույլ չտրվի տապալել այդ փաստաթղթի ստորագրումը: Արդյունքում Գործընկերության երկրների ներկայացուցիչների ստորագրությունների փոխարեն Հռչակագրի տեքստում դրվեց միայն արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկրի տարածքային ամբողջականության խնդիրը տեքստում ընդգրկելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը սկզբունքորեն մերժվեց պաշտոնական Բրյուսելի կողմից՝ տհաճ անակնկալ մատուցելով Բաքվին: ԵՄ որդեգրած դիրքորոշումը արցախյան հարցում Հայաստանի պետական շահերի հետ հաշվի նստելու ուղղակի վկայությունն է։

Մյուս կարեւոր իրադարձությունը մայիսի 14-ին աշխատանքային այցով ՉԺՀ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ: Ներկա աշխարհում Չինաստանի ազդեցությունը հսկայական է եւ, ինչպես այլ տարածաշրջաններում, Կովկասում ու Մերձավոր Արեւելքում նույնպես, ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանվում է քաղաքական գործընթացներում Չինաստանի երբեմն լուռ, բայց հիմնավոր ներգրավման միջոցով: Այդ տեսանկյունից Սի Ծինփինի խոսքերը, որ իրենք հայ ժողովրդին լավ են ճանաչում, եւ որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը, իսկ հայ եւ չինացի ժողովուրդներին պետք է միավորեն քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները, ուղղակի լավ հնարավորություն են երկու երկրների ռազմավարական գործընկերության հետագա ծավալման առումով:

Պաշտոնական Բրյուսելի ու Պեկինի հետ հարաբերությունների խորացման հենքին մայիսի 15-ի լրահոսում հայտնվեցին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսի խոսքերը։ Ըստ դեսպանի՝ թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանին, սակայն արժեքներով այն Արեւմուտքի հետ է: ԱՄՆ-ը հասկանում եւ արժեւորում է Հայաստանի երկկողմ ու բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն, իր ընտրությունը կատարում է սեփական ազգային շահերի հիման վրա, իսկ պաշտոնական Վաշինգտոնը գիտակցում է, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով՝ մեր երկիրն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Թրեյսի խոսքով` ԱՄՆ-ը, սակայն, կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող ետ պահել ու ետ չեն պահում Հայաստանին՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ այլ հնարավոր գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելուց:

Վերը ներկայացված փաստերը եւս մեկ անգամ վկայում են, որ «թավշյա» հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական ճակատում ի հայտ են եկել «պատուհաններ», որոնք նոր հորիզոններ են բացում Հայաստանի տեղի ու դերի արժեւորման, տարածաշրջանում նոր դերակատարության ստանձնման, ինչպեսեւ միջազգային հարաբերություններում ավելի լայն ծավալման համար: Ի դեպ, օտարերկրյա դիվանագիտական կառույցները՝ ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ԵՄ դեսպանը, նույնպես իրենց աջակցությունն են հայտնել դատաիրավական բարեփոխումներ նախաձեռնելու՝ ՀՀ կառավարության գործընթացին՝ նշելով, որ ողջունում ու սատարում են արվելիք փոփոխությունները, որոնք պետք է ընթանան երկրի Սահմանադրությանը համահունչ։

Ակնհայտ է, որ երկկողմ ու բազմակողմ միջազգային հարաբերությունների առջեւ լայն դաշտ է ստեղծված։ Թե որքանով Հայաստանը կկարողանա իրացնել այդ հնարավորությունը՝ կախված կլինի կառավարության քաղաքական ու դիվանագիտական արհեստավարժությունից։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am