Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Խմբագրական

Առնետները կան, բայց վազելու տեղ չկա

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում երկիմաստ, Սահմանադրությամբ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել՝ խորհրդարանի մեծամասնությունն ընդդիմություն է, իսկ ամենափոքր խմբակցությունը՝ իշխանություն։ Դա ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետեւանքն է։ Խորհրդարանական մեծամասնությունը հանրության շրջանում չի համարվում լեգիտիմ, այսինքն՝ ընտրությունների ինստիտուտն այնքան է բռնաբարվել, որ նրան  վերաբերվում են  որպես մարմնավաճառի, արդյունքում կառավարությունը, ըստ էության, ձեւավորվել է հանրության ուղղակի միջամտության շնորհիվ։

Ստեղծված իրավիճակը ոչ թե սահմանադրական ճգնաժամ է, այլ ընտրակեղծիքների պատճառով վարկաբեկված խորհրդարանի ճգնաժամ, որն էլ առաջ է բերել նման էկզոտիկ կացություն։ Արդյունքում այսօրվա Հայաստանի հանրային դիսկուրսի գլխավոր թեման այդ վիճակի  հնարավոր հանգուցալուծման տարբերակներն են։ Դիտարկվում է մասնավորապես երկու հնարավոր տարբերակ․

Ա/ Հակահեղափոխություն. Ազգային ժողովի մեծամասնությունը՝ զգալով, որ գործող կառավարության նկատմամբ հանրային վստահությունը թուլանում է, վերականգնում է իր դիրքերը։ Այսինքն՝ չկարողանալով անցկացնել անհրաժեշտ օրինագծերը, կառավարությունը ստիպված կամ  հրաժարական է տալիս, կամ մեկ տարի անց ԱԺ մեծամասնությունն անվստահություն է հայտնում կառավարությանը:

Բ/ Առնետավազք. ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է, եւ խորհրդարանը գործադիր մարմնի համար դառնում է կառավարելի։ ՀՀԿ խմբակցության զգալի հատվածը՝ գործարարներ եւ ռեգիոնալ հեղինակություններ, անցնում են կառավարության վերահսկողության տակ։ Նրանց վերահսկելու համար վերջինս ունի երկու ազդու գործիք՝ կառավարությունից ուղղակի կախվածության մեջ լինելը եւ իրավապահ մարմինների սեւեռուն ուշադրությունը։ ՀՀԿ քաղաքական թիմը ԱԺ-ում դառնում է փոքրամասնություն։ 

Երկու հնարավոր սցենարների դեպքում էլ խորությամբ չի գիտակցվում ստեղծված իրավիճակը։ Թե՛ «հակահեղափոխականները», թե՛ «հեղափոխականները» գտնվում են նույն ծուղակի մեջ եւ ունեն մեկ տարբերակ՝ ենթարկվել հանրության պահանջին: Այն դարձյալ մեկն է՝ միասնական ջանքերով իրականացնել խորքային պետական բարեփոխումներ, որոնք թույլ չեն տա այլեւս վերադառնալ նախահեղափոխական իրավիճակին։ Փոփոխություններն այն երաշխիքն են լինելու, որ երկու կողմերն էլ կարողանան շարունակել ապրել Հայաստանում։ Իսկ այժմ հերթով դիտարկենք երկու սցենարների հավանականությունը։

 

Հակահեղափոխություն

Հեղափոխությունը ոչ թե հանուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էր իրագործվել, այլ ընդդեմ այն համակարգի, որը մարմնավորում էր Սերժ Սարգսյանը։ Ժողովրդի վերաբերմունքը գործող կառավարության հանդեպ կարող է փոխվել, սակայն նախկին իշխանության հանդեպ ոչ մի պարագայում չի փոխվի եւ վերադարձ հին կարգերին ու հին դեմքերին՝ չի հանդուրժվի։ Դա համաժողովրդական համաձայնության առանցքն է։ Եվ այդ իմաստով «հակահեղափոխության»  սպասումները սին են։ Հին կարգերին վերադարձի հիմնական խոչընդոտը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ էլ գործող կառավարությունը: Դա երիտասարդների այն զանգվածն է, որը չի ցանկանում վերադառնալ Հին Հայաստան։

 

Առնետավազք

Նման «լավատեսական» մոտեցումը պայմանավորված է 1998-ին ՀՀՇ-ի «Հանրապետություն» խմբակցության մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած «երկրապահացման» նախադեպով։ «Առնետավազքի» հնարավորությամբ հանրապետականները մտահոգված են, սակայն մի պարզ բան չեն հասկանում. առնետավազքն առաջին հերթին հարված կլինի ոչ թե իրենց համար, այլ՝ գործող կառավարության։ 1998-ին տեղի էր ունեցել հեղաշրջում, եւ ո՛չ կառավարման համակարգում, ո՛չ հանրային գիտակցության մեջ որակական փոփոխություններ չէին եղել։ «Վազողներն» իրենց նախկին թիմակիցների համար էին դավաճան, իսկ հանրությունն անտարբեր էր այդ երեւույթի նկատմամբ։ Այսօրվա պարագայում գործող կառավարությունն այդ «նվերը» իր շարքերում չի կարող հանդուրժել, քանզի հեղափոխություն կատարած հանրությունը դա չի ընդունի։ Նրանք կառավարման նոր համակարգում որեւէ կարգավիճում չեն կարող լինել։

Երկու կողմերն էլ դատապարտված են կատարել հանրության առաջ քաշած պահանջը՝ երկրում իրականացնել անշրջելի փոփոխություններ, ինչը թույլ չի տա վերադառնալ նախկին կարգերին ու հարաբերություններին։ Մնացած սցենարները վտանգավոր են երկու կողմի համար էլ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: