Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը, իսկ ավելի ստույգ՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, վեր է ամենավառ երեւակայությունից: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հազիվ էր ամփոփել 2005 ընտրատեղամասերից 284-ի արդյունքները, երբ վարչապետի թեկնածուներից Նիկոլ Փաշինյանն իր փոքր խմբակի հետ հապճեպ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, թե ընտրություններում հաղթել է «Քաղպայմանագիր» կուսակցությունը: Լրագրողները ցնցված էին, ընտրողներն՝ այլայլված, ընտրատեղամասերի շուրջ 80%-ի հաշվարկները դեռ կատարված չեն, ի՞նչ հիմքով է այս մարդը նման անպատասխանատու հայտարարություն անում: Շատերի գնահատմամբ՝ դա իշխանությունը յուրացնելու փորձ է:
Այդ հայտարարությանը նախորդել էին սոցցանցերում հրապարակված տեղեկատվական նյութեր առ այն, որ այսինչ մարզի բազմաթիվ համայնքներում, որոնք սովորաբար փոքրիկ գյուղեր են, ՔՊ-ն հաղթում է: Մեկառմեկ բերվում են տոկոսային արտահայտությամբ թվեր, որոնք առաջատար ընդդիմադիր եռյակի ցուցանիշների համեմատ բավական տպավորիչ են երեւում, սակայն իրականում փոքր, որակ չստեղծող թվեր են: Օրինակ՝ նշում են, թե այսինչ համայնքում ՔՊ-ն հավաքել է ձայների 127%-ը, «Ուժեղ Հայաստանը»՝ 32%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 18, «ԲՀԿ»-ն՝ 3%-ը եւ այլն: Եթե նույնիսկ այդ թվերը ճշգրիտ են, զարմանալի ոչինչ չկա. գյուղական վայրերում համայնքապետի խոսքը ոչ ոք չի մերժի, կընտրի՝ ում ասի:
Հունիսի 7-ը շատ հանգիստ կարող էր Հայաստանում իշխանափոխության օր դառնալ, եթե Նիկոլը չդրժեր ընտրությունները երբեք չկեղծելու՝ իր խոստումը: Նա լկտիաբար, բացեիբաց գողացավ ժողովրդի քվեները եւ, դրանով հանդերձ, ստացավ ոչ միայն օրինակարգության խնդիր, այլեւ սահմանադրական մեծամասնություն ձեւավորելու անհնարինություն: Այսինքն՝ չհավաքեց (ավելի ճիշտ կլինի ասել՝ «չնկարեց») բավականաչափ ձայն, որպեսզի կարողանա ձեւավորել սահմանադրական մեծամասնություն եւ ունենա Սահմանադրությանն առնչվող գործողություններ կատարելու լիազորություն: Իսկ ի՞նչ տեսանք ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում. խայտառակ արտաքին միջամտություն, բռնաճնշումներ, հարյուրավոր ձերբակալություններ, կալանավորումներ…
Ամենացայտուն արտահայտվածը ուժայինների ոչ համարժեք պահվածքն էր. այն, ինչ կարելի էր իշխանության կրողներին, կտրուկ արգելվում էր ընդդիմադիրներին, ավելին՝ ճիշտ նույն արարքի կամ գործողության համար ընդդիմադիրն իսկույն ձերբակալվում էր, իշխանավորն՝ անտեսվում: Երկակի չափանիշներով առաջնորդվում էին թե՛ իրավապահները, թե՛ բարձր իշխանավորները: Հունիսի 7-ը, որ իրոք, կարող էր իշխանափոխության օր լինել, ինչի մասին փափագում է քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, վերածվեց «ընտրագողության», ընդդիմության աջակիցների զանգվածային ձերբակալությունների շքահանդեսի, որպիսին ՀՀ պատմության մեջ երբեք չէր տեսնված: Մինչդեռ դա սեփական ճակատագիրը տնօրինելու՝ ժողովրդի միակ հնարավորությունն էր:
Երբ Փաշինյանը զավթել էր ԿԸՀ-ն եւ իր կամքն էր թելադրում հանձնաժողովականներին, այդ պահին դեռ հաշվարկված չէին ընտրության արդյունքները խոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Հրազդանում եւ այլուր, որտեղ ընդդիմության օգտին տրված ձայներն ամենաբարձրն են: Դրանից էր սարսափած կառավարող ուժի առաջնորդը, որ շտապել էր սոցցանցերը հեղեղել մի քանի տասնյակ մանր ու միջին համայնքներում հօգուտ իրեն արձանագրված ցուցանիշներով, եւ տագնապահար հայտարարել, թե ՔՊ-ն հաղթել է բոլոր ընտրատարածքներում: ԿԸՀ-ն պարտադրված է եղել գիշերվա ընթացքում ընդհատել ուղիղ հեռարձակումները եւ արդյունքները հարմարեցնել Փաշինյանի ճաշակին ու ցանկությանը:
Ընտրական տեղամասերը փակվելուց 5-6 րոպե առաջ շտապ օգնության էին բերվել նաեւ Մեղրիում ծառայող զինվորները, որոնք ընտրատեղամասներում էին գրեթե ամբողջ գիշեր: Ակնհայտ էր, որ գիշերը տեղի է ունեցել նաեւ տեխնիկական կեղծում ԿԸՀ-ում, դրան բոլորս, ովքեր ակնդետ հետեւում էին քվեարկության արդյունքների ամփոփմանը, ականատես ենք եղել: Նման բան հազիվ թե պատահած լիներ որեւէ երկրում, Հայաստանում՝ հատկապես:
«Հայացք Երեւանից»

