Երեւում է՝ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շուրջ հավաքված խամաճիկները ոչ մի դաս չքաղեցին հունիսի 7-ին անցկացված խոհրդարանական ընտրություններից, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թվացյալ հաղթանակ տարավ կամ՝ պատմության մեջ լավ հայտնի «Պյուռոսյան հաղթանակ»: Հիշեցնենք, որ դա մեծաթիվ զոհերի ու կորուստների գնով ձեռք բերված հաղթանակն է, որն իրականում պարտություն է: Ավանդության համաձայն՝ երբ հին աշխարհի նշանավոր զորավարներից՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսին շնորհավորել են հռոմեացիների անպարտելի համարվող զորքին ջախջախիչ պարտության մատնելու առթիվ, նա բացականչել է. «Եվս այդպիսի մի ճակատամարտ, եւ մենք այլեւս բանակ չենք ունենա»:
«Քաղպայմանագրի» դեպքում՝ այսպիսի եւս մեկ ընտրություն, եւ այդ կուսակցությունն այլեւս ընտրողների բանակ չի ունենա: Փաշինյանը լավ գիտի, թե ինչպիսի «կեղտոտ գին» է վճարել ընտրություններում «հաղթանակի» համար՝ բռնաճնշումներ, վարչական պաշարամիջոցներ, կաշառատվություններ եւ հազարումի չտեսնված-չլսված այլ ընտրախախտումներ: Արտաքին ազդեցությունների խաչմերուկում գտնվող Հայաստանի նման երկրներում խաղի հատուկ կանոններ են գործում՝ ընտրությունները պետք է արդար, ազատ լինեն, եւ ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ճակատագիրը: Պատահական չէ, որ ՀՀ ընտրություններից առաջ այդ մասին ակնարկեց ՌԴ նախագահը՝ ընդգծելով, թե «հայ ժողովրդի ցանկացած ընտրություն» սիրով կընդունի ու կհարգի:
Այժմ արդեն գաղտնիք չէ, որ հունիսյան ընտրություններում վարչապետ «ընտրված» անձը ամենեւին էլ հայ ժողովրդի ընտրյալը չէ. նրան մերժել է մեր ժողովրդի մեծամասնությունը: Անշուշտ՝ դա է պատճառը կամ կարեւոր պատճառներից մեկը, որ Վլ. Պուտինն ամենից սկզբունքայինը գտնվեց ու «վերընտրվելու» կապակցությամբ այդպես էլ չշնորհավորեց մեր ինքնահռչակ առաջնորդին: Թե ինչ կարող է նշանակել աշխարհի գերտերություններից մեկի, ՀՀ ռազմավարական գործընկերոջ նման քայլը, ինքնին հասկանալի է. մեկ բառով ասած՝ դա խայտառակություն է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, որ ութ տարի հանդուրժում է պետությունը տակնուվրա արած, երեք պատերազմ բերած, վերարտադրողական տարիքի մի ողջ սերունդ վարի տված անպիտան արարածին:
Մյուս կողմից՝ ՀՀ ընտրությունների արդյունքները չճանաչելով, Մոսկվան Հայաստանի նոր իշխանությանը հռչակում է ապօրինի, ինչը նշանակում է, որ այդ իշխանության ստորագրած ցանկացած փաստաթուղթ ՌԴ-ն կհամարի իրավական ուժ չունեցող։ Դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվում, բայց դրանց մակարդակը կտրուկ իջեցվում է. դեսպանները ետ են կանչվում, իսկ բարձր մակարդակի շփումներն ու այցերը սառեցվում են: Այժմ Հայաստանի հետ ՌԴ-ի հարաբերություններն առանց այդ էլ բավական խոցելի են՝ պայմանավորված Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների խստագույն արգելքով, Եվրամիության հետ ՀՀ-ի անհեռանկար խաղերով, ինչպես նաեւ մատակարարվող էներգակիրների հնարավոր թանկացմամբ:
Բայց գանք մեր հերոսի վարքագծին, որը պյուռոսյան հաղթանակից հետո, փոխանակ փոքր-ինչ հանդարտվելու, դարձել է ավելի հանդուգն, չարանենգ ու նախահարձակ: Չի հրաժարվել իր հիմնական մրցակիցների ընդդիմադիր եռյակին «ջախջախելու, բոմժ դարձնելու» մտքից: Սա այն դեպքում, երբ եռյակից Սամվել Կարապետյանը դեռ էն գլխից տնային կալանքի տակ է, ինչի պատճառով զրկված էր լիարժեք նախընտրական քարոզարշավ իրականացնելուց, Ծառուկյանի նկատմամբ արդեն հարուցված քրգործ կար, բացի նրանից, որ այդ մարդու շուրջ 60 հազար քվեն Նիկոլն իրենով արեց, իսկ Երկրորդ նախագահի դեմ մարդամեկի հրահանգով իրավապահները 25 տարվա վաղեմության ինչ-որ անիմաստ գործ են փորփրում:
Նիկոլի վիճակն անհուսորեն վատանում է՝ ընտրություններում տապալվեց: Անգամ այնքան ընտրախախտումներից հետո չհաջողվեց հասնել նվազագույնի՝ «50+1»-ի բնագծին, ինչպե՞ս է հիմա Սահմանադրություն փոխելու, ինչպե՞ս է, առհասարակ, ապրելու «ընտրակեղծարարի» խարանով: Նիկոլը մոլեգնում է: Ավարտենք նրա վերջին ելույթներից մի փոքրիկ մեջբերմամբ. «Ասում եմ ձեզ՝ Կալուգայի օլիգարխին, Ռոբերտ Քոչարյանին եւ այն մյուսին՝ բելոռուսացուն. ջախջախելո՛ւ եմ, անհատապե՛ս… բոլոր հնարավոր միջոցներով: Ով որ ՀՀ քաղաքացիների հետ համաձայն չի, հենց էսօրվանից դո՛ւրս եկեք, հեղափոխություն արեք: Այս գործընթացը կանգնեցնելու այլ տարբերակ պարզապես չկա՛»:
Մարդու սիրտը հեղափոխություն է տենչում: Չլինի՞ հեղափոխությամբ եկել է, հեղափոխությամբ էլ ուզում է գնալ… Փառահեղ միտք է:
«Հայացք Երեւանից»

