Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Խմբագրական

Հավատ, հույս, սեր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հավատը, հույսը եւ սերը քրիստոնեական հիմնարար առաքինություններ են, որոնց միջեւ սերտ փոխկապակցվածություն կա: Հավատը եւ սերը համեմատելի են աշխարհն ու կյանքը լուսավորող զույգ ճառագայթների հետ։ Հավատը նաեւ աշխարհի մեծագույն զորությունն է, որի միջոցով հաղթանակներ են կերտվում: Հույսը այն միակ սփոփանքն է, որը մարդուն ապրեցնում, պայքարելու ուժ է տալիս եւ առաջ տանում: Առանց հույսի ամեն ինչ դառնում է անիմաստ: Իսկ սերը բովանդակում է ողջ տիեզերքը. այն քրիստոնեական կյանքի ամենից զորավոր միացնող ուժն է: «Եվ հիմա այս երեքը մնում են՝ Հավատ, Հույս, Սեր, բայց սրանցից ամենամեծը սերն է»,- Կորնթացիներին ուղղված նամակում գրում է Պողոս  Առաքյալը (Ա Կորնթ. ԺԳ 13):

Ինչո՞ւ Հայաստանի համար այս ճակատագրական պահին հարկ եղավ դիմել քրիստոնեական արժեքներին: Ըստ երեւույթին, պատճառն այս օրերի մթնոլորտն է եւ լուսեղեն հավատով, հույսով ու լավատեսությամբ հագեցած օդը, որը տավուշյան լեռներից գարնանային հովի թեւին Երեւան հասավ մայիսի 9-ին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հնգօրյա քայլերթին համընթաց: Հույս եւ հավատ… եթե սրանք չկան, չի լինի եւ սեր, առանց որի դժվար է ելք գտնել այն ծանր իրավիճակից, որում Հայաստանը հայտնվել է ապաշնորհ կառավարողների քաղաքականության արդյունքում:

Իր անփառունակ իշխանությունը բացառապես ոստիկանական ուժերի միջոցով պահող վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները եւ միակ բանը, որ նրան հաջողվում է, սահմանազատման քողի տակ երկրի տարածքները մաս-մաս թշնամուն զիջելն է՝ փոխարենը չշահելով ոչինչ, բայց շարունակելով բավարարել Ալիեւի անհագ ախորժակը: Եվ Տավուշի 4  հայկական ռազմավարական գյուղերը դեռեւս վերջին «համեղ պատառը» չեն, որ թուրք-ադրբեջանական զույգի պահանջով փոխանցվում են Ադրբեջանին: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ամեն օր սպանում է մարդկանց միակ սփոփանքը՝ Հույսը, ժողովրդի մեջ սփռելով հուսալքություն, պատերազմի վախ եւ անելանելիության զգացողություն:

Տավուշյան շարժումը դատարկ տեղում չծնվեց: Դա արժանապատվության, ճշմարտության եւ ինքնամաքրման շարժում է ընդդեմ թույլ, ստախոս մի ղեկավարի ու նրա թիմի, որոնք հասարակությունը մասնատել են միմյանց ատող հատվածների՝ ըստ նախկին-ներկա, սեւ-սպիտակ, ռուսամետ-արեւմտամետ բաժանարար գծերի եւ ծրագրված ոչնչացնում են ազգային ինքնությունը՝ ընտանիքը, դպրոցը, հավատը, պետական խորհրդանիշները, փորձում են հայտնի տանդեմի ճաշակով սրբագրել կամ վերաշարադրել հայագիտական առարկաների դասագրքերը: Այսինքն՝ գործ ունենք ապազգային մի իշխանակարգի հետ, որը միտումնավոր պառակտում է հանրությունը, որպեսզի ջլատի ազգի դիմադրության ոգին եւ շարունակի տիրել:

Սա, թերեւս, վարչախմբի ու նրա անդամներից յուրաքանչյուրի ֆիզիկական գոյությունը պահպանելու միակ ելքն է, որովհետեւ այն արհավիրքի համար, որ բերել են ժողովրդի գլխին, պատիժը շատ խիստ է լինելու: Իրենք դա լավ են հասկանում եւ սեփական կաշին փրկելու համար պատրաստ են անգամ անտեսել պետության կորստի ու հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման հնարավոր դիպաշարը, ինչպես եղավ Արցախում: Կիրանցի ու սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին, որոնք իրենց չարաչար խաբված են զգում, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդի գլխավորությամբ Երեւան է բերել Հայաստանին եւ իրենց ընտանիքներին սպառնացող վերահաս մարտահրավերների համար խորազգաց մտահոգությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: