Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

Խմբագրական

Քաղաքական փոխակերպումներ Ուկրաինայում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունները ցնծակաթված առաջացրին ոչ միայն այդ երկրում, այլեւ ողջ աշխարհում: Դրան նպաստեց երկու հանգամանք. «ռամիկ»-շոումենի հաղթանակը եւ նրա ստացած ձայների բարձր տոկոսը (73%): Երկրում, ըստ էության, «թավշյա» հեղափոխություն տեղի ունեցավ: Դիտորդները պնդում են, որ «Ուկրաինայի նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու, առանց չափազանցության, փառահեղ հաղթանակը պարզապես հաղթանակ չէ ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Դա նաեւ անվերապահ հաղթանակ է ողջ քաղաքական դասի նկատմամբ՝ այն համակարգի, որն այս հաղթանակից հետո տառացիորեն ընկած է ավերակների մեջ: Չէ՞ որ առաջին փուլում, բացառությամբ Պորոշենկոյի, Զելենսկուց պարտվեցին փորձառու հայտնի քաղաքական գործիչներ, որոնք, ճանաչված լրագրող Վիտալի Պորտնիկովի խոսքով, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ, մինչեւ նրա թեկնածության առաջադրումը, ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հավակնորդներ էին:

Անշուշտ, ընտրությունների այդպիսի արդյունքները կապված են «Մայդանի 2014»-ի դեպքերի հետ: Բայց, ի տարբերություն Հայաստանի, որտեղ 2018թ. «թավշյա» հեղափոխության արդյունքում պետական կառավարման համակարգը յուրացրած «օլիգարխների ակումբը»՝ ՀՀԿ-ն, հեռացվեց պետական իշխանության լծակներից, Ուկրաինայում ժողովուրդը չկարողացավ օգտվել նախկին նախագահ Յանուկովիչի տապալման պտուղներից: Դրանցից օգտվեցին ուկրաինացի օլիգարխները, որոնք աջակցում էին քաղաքացիների բողոքներին: Առաջին նախագահական ընտրություններում հեղափոխական ալիքի վրա հաղթել էր իրենցից մեկը՝ Պետրո Պորոշենկոն, իսկ մնացածները հարմար տեղավորվել էին մարզերում՝ ստանալով տարբեր պաշտոններ: Այդպես՝ Մայդանի էներգիան փոշիացավ, իսկ օլիգարխիայի կողմից գրավված երկիրը ընկղմվեց խոր քաոսում: Տնտեսությունը փլուզվեց, իսկ Ուկրաինան, փաստորեն, մասնատվեց:

Կարելի էր ակնկալել, որ տարիներ անց Ուկրաինայի ժողովուրդը «փոխվրեժի» ուղեգիծ կվերցնի օլիգարխների նկատմամբ: Ինչպես ասել է ընտրություններում հաղթած նույն Զելենսկին, ինքը քաղաքական գործիչ չէ, հասարակ մարդ է, Պորոշենկոյի համակարգի ծնունդ, որ եկել է ոչնչացնելու այդ համակարգը: Եվ, չնայած Ուկրաինայում շատերը նշում են, որ այս անգամ օլիգարխները ժամանակին  անցան Զելենսկու կողմը, դժվար է ուժերի նոր դասավորվածության իրադրությունում միանշանակ կանխատեսել նրանց հերթական հաջողությունը: Եվ դարձյալ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին իշխող վարչակարգի պատգամավորական անձնակազմը դուրս մղվեց խորհրդարանից, Ուկրաինայի նոր նախագահը ստիպված կլինի գործ ունենալ ներկա նախագահական ընտրություններում պարտված կուսակցությունների՝ իրեն դիմակայող պատգամավորների հետ: Հայաստանում հակառակորդների սահուն դուրսմղումը խորհրդարանից եւ իրենց իսկ ձեռքերով «ժողովրդի» վարչապետի նշանակումը հնարավոր դարձան ժողովրդական լայն մասնակցության շնորհիվ: Ուկրաինայի ընտրված նախագահը նման ռեսուրս չունի:

Ամեն դեպքում Ուկրաինայի նոր իշխանության ճակատագիրը պետք է որոշվի մինչեւ այս տարվա հոկտեմբեր, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Ժողովրդին իր տված խոստումները կատարելու համար Զելենսկին ստիպված կլինի «մարտնչել» երկու ուղղությամբ` օլիգարխների եւ ներկայիս խորհրդարանի կազմի դեմ: Եվ դա պետք է արվի Ռուսաստանի հետ շարունակվող տարաձայնությունների ու արեւմտյան երկրների հետ տակավին անհասկանալի հարաբերությունների խորապատկերին:

Ընդ որում՝ չի կարելի ժխտել, որ Ուկրաինայում քաղաքական փոխակերպումների բնույթը կարող է ազդել ամբողջ հետխորհրդային տարածքում գործընթացների զարգացման վրա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am