Երկուշաբթի, Սեպտեմբերի 24, 2018

Խմբագրական

«Մարտի 1»-ը փոխել է Հայաստանի իշխանությունների վարվելաձեւը

2008-ի հետընտրական ողբերգական իրադարձություններից տասը տարի անց, բացասական բազմաթիվ այլ հետեւանքներից զատ, զգալապես փոխվել է երկրի քաղաքական պրակտիկան: Այսօր կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանում «ներքաղաքական կյանք» հասկացությունը վերջնականապես վերածվել է կեղծիքի: Դրա փոխարեն երկրում արմատավորվել է ցանկացած ակտիվության ամբողջականզսպմանմեքենան` անհատականից մինչեւ հավաքական: Իշխանությունները մշակել են իրենց դեմ ամեն կարգի ընդդիմության համախմբումը կանխելու արդյունավետ գործիքակազմ:

Հասկանալի է, որ խաղաղ քաղաքիների գնդակահարման միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանը հենց նույն օրը կորցրեց հասարակության հետ բաց դիմակայության ռեսուրսը: Նրա ապագա քաղաքականության զինանոցում մնացին միայն մանիպուլյացիան, կաշառումը եւ շանտաժը: Բայց այդ գործիքակազմն ամենազոր չէ եւ կարող է արդյունավետ լինել միայն վարչական-ոստիկանական ահաբեկչության կտրուկ աճի պայմաններում: Հետեւաբար` ոստիկանության եւ դատական ​​համակարգի միջոցով իրականացվող բռնաճնշումները պետք է դառնային ներքին քաղաքականության առանցքը: Այդպես էլ որոշվեց: Այդ բռնաճնշումներին սկսեցին ենթարկվել գլխավորապես քաղաքացիների այն խմբերը, որոնց գործունեությունը հնարավոր չէր չեզոքացնել մանիպուլյացիաների, կաշառքի ու շանտաժի միջոցով: Ակտիվ խմբերի պարբերական ձերբակալությունները եւ անվերջանալի դատական գործընթացները դարձան ոչ միայն ճնշման միջոց, այլեւ հասարակության գիտակցության մեծածավալ մանիպուլյացիայի կարեւոր մաս:

Բայց դա ընդամենը հենքն էր մանիպուլյացիայի առանցքային գծի համար: Եվ այն կառուցվեց քաղաքական դաշտը կեղծ ընդդիմությամբ՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի, լցնելու միջոցով: Այդ քաղաքական «պղպջակի» հիմնական գործառույթը ընտրությունների

շրջանում ինքնուրույն ընդդիմադիր բեւեռի առաջացման կանխումն էր: Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները պետք է ժողովվեին Ծառուկյանի կողմնակիցների «զամբյուղում» եւ վերածվեին խորհրդարանական մանդատների: Հետագայում այդ մանդատներն ապահովում էին խորհրդարանում իշխանությունների ցանկացած որոշման օգտին անցկացվող քվեարկությունը: Ազգային ժողովում որեւէ այլ ընդդիմության ձայները հասցվեցին նվազագույնի:

Նկարագրված մանիպուլյացիայից շատ արագ ծնունդ առավ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի համընդհանուր համաձայնողական գործելակերպը: Քաղաքական ուժերի ղեկավարները երկար հերթ էին կանգնում Սերժ Սարգսյանի դռան առջեւ` վերջինիս  տարբեր ստվերային ծառայություններ մատուցելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու եւ դրա դիմաց որոշ արտոնություններ ստանալու նպատակով: Ներկայում այս միտումը հանգեցրել է համաձայնականների լայն անձնակազմի ձեւավորմանը, որոնք պատրաստ են արդարացնել Ս.Սարգսյանի ամեն մի որոշում: Իշխանության ցանկացած հակառակորդ կամ լուսանցք մղվեց, կամ հայտնվեց ճաղերի հետեւում:

Վերը նկարագրված քաղաքականությունը 2016 թվականին հանգեցրեց պետության լիակատար սնանկացմանը: Դրա վկայություններն էին ապրիլյան պատերազմը, զինված եղանակով վարչակարգի տապալման փորձը եւ ճաք տված պետական բյուջեն: Կտրուկ աճել էր բռնաՃնշումների եւ մանիպուլյացիաների մակարդակը: Բայցեւայնպես` Սերժ Սարգսյանը ստիպված էր երկրի ֆինանսական եւ տնտեսական ոլորտը հանձնել ռուս միլիարդատերերի ողորմածությանը` զուգահեռաբար զոհաբերելով կառավարությունում հավաքված առանցքային կոռումպցիոներներին: Հասկանալի է, որ այդ ամենը նպատակ ուներ պահպանելու Սարգսյանի առաջնությունը երկրի քաղաքական համակարգում:

Սակայն նույնիսկ այդ քայլերը բավարար չէին լինի, եթե կանխավ չիրականացվեր «իրավական հեղաշրջում»՝ երկրի նախագահի ուղղակի ընտրության ինստիտուտի լուծարումը: Բացի դրանից, երկրում պաշտոնապես հռչակվեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, որը կոչված է ապահովել իշխանությունների քաղաքականության մեջ անվտանգության խնդրի առաջնությունը: Այսինքն` Հայաստանում կատարվեց այն, ինչը հանդիպում է այն դեպքում, երբ կապիտալի իշխանությունը հայտնվում է ճգնաժամում. «կարգ՝ հանուն ազգի» գաղափարի ֆետիշացում եւ դրանով պետական ​​կարգի գաղափարի փոխարինում: Մնում է միայն այս գաղափարների տիրոջը տեղափոխել ազգի ֆյուրերի աթոռին...

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am