Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Խմբագրական

Փոքր հայրենիք, Մեծ հայրենիք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականին Հայաստանում իշխանության եկած խմբավորումը՝ երկիրը տանելով ծանրագույն պարտությունների եւ այլ փորձությունների, պարբերաբար նոր պատմույթներ (նարատիվ) եւ խոսույթներ (դիսկուրս) է նետում ասպարեզ, դրանով հանրությանը շեղում իրական կորուստներից ու այս ամենի իրական պատասխանատուից, այսինքն՝ իրենից: Հերթական խայծը պետություն եւ հայրենիք եզրերի «հակասություններին» էր վերաբերում:

Իմաստն այն է, որ մենք ունենք կամ դասագրքերի, երգերի, գրականության միջոցով մեզ ներարկել են պատկերացումներ մի հայրենիքի մասին, որն այսօր Հայաստան պետության իրական սահմանների հետ չի համընկնում: Դա, մի կողմից, գրգռում է մեր հարեւաններին, որոնք դրանում տեսնում են իրենց նկատմամբ տարածքային պահանջի նկրտումներ, մյուս կողմից էլ՝ հանգեցնում է ՀՀ իշխանությունների եզրահանգմանը, թե իրականության հետ առերեսվելու փոխարեն սին երազանքներ փայփայելով՝ մենք ի վիճակի չենք ծաղկեցնել այն երկիրը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից եւ ամրագրված միջազգային պայմաններով:

Եվ դրա համար մեզ առաջարկվում է հրաժարվել ազգային խորհրդանիշներից, անցյալի պատմությունից, ազգային-ազատագրական պայքարի էջերից եւ այլն: Հաջորդ փուլում, կարելի է չկասկածել, կփոխվեն հայագիտական առարկաների դասագրքերը, կարգելվեն հայոց պատմության հերոսական դրվագներ պատկերող գեղարվեստական ֆիլմերը, անգամ ազգային պատկերասրահի շատ կտավներ կտեղափոխվեն պահեստներ, եթե, իհարկե, չոչնչացվեն: Սա սպասվում է շատ մոտ ապագայում, քանի դեռ կառավարող վարչախումբը իշխանության ղեկին է:

Ակնհայտ է, որ մեր հարեւանները՝ Ադրբեջանն ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան, իրենց հերթին, չեն ճանաչում անգամ Հայաստանի ներկայիս սահմանները: Ավելին՝ հավակնում են Երեւանին՝ ՀՀ ողջ տարածքը անվանելով «Արեւմտյան Ադրբեջան»: Այնպես որ, միամտություն կլինի կարծել, թե «պահանջատիրությունից» մեր հրաժարումը նրանց ետ կպահի «Մեծ թյուրքական աշխարհի» ստեղծման հարյուրամյա սեւեռուն գաղափարից: Բայց արժե սույն թեմայի համատեքստում անդրադառնալ այն հարցին, թե, առհասարակ, ինչ ասել է՝ Հայրենիք:

«Փոքր հայրենիք» հասկացությունը գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից: Դա մարդու ծննդավայրն է, որի հետ կապված են մանկության հիշողությունները, բնության եւ շրջակա միջավայրի հարազատ, խորհրդապաշտական պատկերները: Կա նաեւ «Մեծ հայրենիք» հասկացությունը, որը 18-19-րդ դարերի «հայտնագործություն» է եւ, ենթադրաբար, համընկնում է պետությունների սահմանների հետ: 19-րդ դարից սկսած Եվրոպայում՝ հետագայում նաեւ մյուս տարածաշրջաններում, փոխվում է կառավարման մոդելը, հպատակներին փոխարինում են քաղաքացիները, որոնց իրավունք է տրվում ընտրությունների միջոցով ընտրել իրենց իշխանությունը:

Ինքնիշխան (սուվերեն) պետությունների հիմքը դառնում են սուվերեն քաղաքացիները, որոնց հետ էլ իշխանությունները ստիպված են հաղորդակցություն ստեղծել՝ «խոսել» նրանց հետ: Սկսվում է գրական լեզուների, միասնական ազգային մշակույթի, պարտադիր համընդհանուր կրթության ժամանակաշրջանը: Պատերազմներում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհելու պատրաստ զինվորները միայն պիտի ունենան «Մեծ հայրենիք». դա քարոզվում է երգերում, դասագրքերում եւ ֆիլմերում: Միայն նման զգացմունքների դրսեւորման պարագայում զինվորին կարելի է տանել մարտի:

«Մեծ հայրենիքի» գաղափարի շուրջ զգացմունքները, միստիկ կապը պետք է կառուցել հենց «Փոքր հայրենիքի» տրամաբանության վրա եւ այն տարածել արդեն ամբողջ երկրի մակարդակով:

Իսկ ի՞նչ է անում 2018-ին փողոցից իշխանություն ներխուժած լիբերալ եւ կոսմոպոլիտ գաղափարների ու արտաքին պատվերների տակ կքած խմբավորումը: Ջարդում է «Փոքր հայրենիքի» գաղափարը՝ պատմական հիշողությունները, ազգային խորհրդանիշները, եւ ցանկանում է ունենալ «պետական հայրենասիրություն»՝ 29.800 քառ. կմ-ի վրա, իսկ գուցե ժամանակի ընթացքում ավելի փոքր տարածքի վրա կառուցած: Այսինքն՝ փորձում են մյուս կողմից գալ՝ Հայրենիք հասկացության բնական փոխակերպման տրամաբանությանը հակառակ կողմից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: