Երկուշաբթի, Ապրիլի 06, 2020

Խմբագրական

Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանը, քաղաքական առումով, թեւակոխում է դրամատիկ ժամանակաշրջան` նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին նշանակելու մասին: Ինչպես համապետական մակարդակի ցանկացած միջոցառում, հանրաքվեն առավել եւս` նոր մարտահրավեր է հասարակության կյանքում, որն իր հետ կարող է բերել նոր ցնցումներ ու բազում հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չունի։

Ի՞նչ հիմնանպատակ է հետապնդում հանրաքվեն, «հեղափոխության» հետագա ընթացքի հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամների կազմի փոփոխությունը, որքանո՞վ է նպատակահարմար ներքաղաքական օրակարգ բերված այդ հարցի լուծման գործընթացում ժողովրդի ներգրավումը` մանավանդ հասարակության ներսում խորացող հակասությունների հենքին. արդյոք սա վստահությո՞ւն է ժողովրդի հանդեպ, թե պատասխանատվության բեռը նրա ուսերին դնելու անխոհեմ քայլ:

Այս եւ նմանատիպ մյուս հարցերի պատասխանները հանրությունը չունի։ Այդ պատասխանները բացակայում են նաեւ խորհրդարանական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներում: Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում կառավարող թիմի պատգամավորները «նախկին հանցավոր ռեժիմի» մնացուկների դեմ անողոք պայքարի, «ժողովրդի իշխանության» հաստատման անհրաժեշտության մասին փրփրաբերան խոսելուց եւ քարոզչական տարատեսակ կարգախոսներ հնչեցնելուց զատ` աշխարհայացքային, ծրագրային կամ, նույնիսկ, քաղաքական որեւէ հստակ միտք, հիմնավորումներ չարծարծեցին։

Փորձենք մի կողմ թողնել հանրաքվեի պարագան եւ հասկանալ, թե, առհասարակ, ինչպես եւ ով է որոշում երկրի առջեւ ծառացած խնդիրների հրատապությունը, դրանց ցանկն ու հաջորդականությունը, ինչպես նաեւ այն ասպեկտը, թե որոնք են օրակարգի ձեւավորման մեխանիզմները, քաղաքական բանավեճերի ու քննարկումների ձեւերն ու բնույթը, այսինքն` քաղաքական տեխնոլոգիաների խնդիրը: Կտեսնենք, որ այստեղ եւս անպատասխան հարցերը բազմաթիվ կան։

Փաստորեն` մեր հիմնական անելիքը քաղաքական օրակարգերի ձեւավորման ընթացակարգերն ու դրանց բովանդակության մշակումն են, առանց որոնց չեն կարող լինել քաղաքական կյանք ու այս ամենից բխող՝ երկրի առաջընթաց։

ԱՄՆ-ում օրվա քաղաքական օրակարգի ձեւավորումը դեռեւս 1960-ականներին արդեն քաղաքագիտության քննության լուրջ առարկա էր դարձել, եւ սկսել էին գիտականորեն ուսումնասիրել տվյալ օրակարգի ձեւավորման մեխանիզմները, հասարակական-քաղաքական գործընթացների մասին հանրության իրազեկության աստիճանը։ Քաղաքական օրակարգի ձեւավորման վրա, որոշ հետազոտությունների համաձայն, կարեւոր ազդեցություն ունի պետական ինստիտուտների, քաղաքական դերակատարների եւ քաղաքացիական հասարակության միջեւ քաղաքական բանավեճերի մշակույթի առկայությունը։

Առանց քաղաքական օրակարգի ձեւավորման մեխանիզմների, միմյանց լսելու, քննարկումներ կազմակերպելու մշակույթի` մենք միշտ կհայտնվենք այսպիսի իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխության հանրաքվեի հարցը օրակարգ բերվելուց, ԱԺ-ում քվեարկության համապատասխան ընթացակարգ անցնելուց եւ նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն առաջացավ խնդրի էությունը հանրության գիտակցությանը հասցնելու հրամայական: Սա պետք է արվի (անշուշտ, լավ կլիներ՝ նախապես արվեր), այն հաշվով, որպեսզի մարդիկ անսխալ կողմնորոշվեն իրենց նախընտրության մեջ, հստակ իմանան, թե ինչի համար է նախաձեռնվում այս հանրաքվեն, ինչ է, ընդհանրապես, այն իրենից ներկայացնում եւ իրականում ինչ խնդիր է լուծում։

Այս ամենը պետք է հանգամանորեն պարզաբանվի, եթե, իհարկե, հայտարարված հանրաքվեի իմաստն ու նպատակահարմարությունը, որքան էլ դա զավեշտական հնչի, որեւէ մեկը հանրամատչելի կերպով կարողանա բացատրել` նույնիսկ դրա նախաձեռնողները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: