Կիրակի, Հուլիսի 21, 2024

Ազատ ամբիոն

«Չարագործի օր». Նազարների հաղթանակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թշնամին Ստեփանակերտում հաղթանակի օր է նշում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց  գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի ու բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը՝ հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լի է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած օրենքներով կամ խաբելու, խորամանկելու «զինատեսակներով»:

…Երբեւէ չէի մտածել, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, բայց համոզված էի, որ մեկ-երկու հայկական դիրքերի վրա անօրենները կհարձակվեն, իբրեւ թե ահաբեկիչներին են ոչնչացնում։ Ամիսների շրջափակումից կոտրված, սովահար արցախցիների համար միջազգային կոչերն ու հայտարարությունները զրո արժեք ունեին, անգամ՝ միջազգային դատարանի որոշումներն ու վճիռները, որոնց հանդեպ միամտաբար հավատ ունեինք։

Այդպես էլ թղթերի վրա մնաց ամեն ինչ, այդպես էլ չկարողացանք ապացուցել, որ հայրենի հողի նվիրյալներն ահաբեկիչներ չեն:

Պաշտպանության բանակ ունեցող Արցախում արդեն քանի տարի մեր զինվորականները  որակազրկվեցին, եւ աշխարհի աչքի առջեւ ազգի սերուցք կորցրինք, թե հանուն ինչի՝ մենք գիտենք, բայց մեզ այլ բան էին հուշում «հանուն ոչնչի» ապրողները։ Ու այդ «ոչինչը» բախվեց մեր ուղեղներին։ Մենք տհաս չէինք, որ չհասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, սակայն հավատ ունեինք, որ քանի դեռ խաղաղապահներ կան Արցախում, գոնե մինչեւ նրանց վերջնաժամկետը, որ 2025-ի նոյեմբերին է լրանում, կապրենք մեր հայրենիքում։ Բայց մեր աչքերը բացեց հարեւան միապետը, որ իր նավթոտ դնչին չի բախվի ոչ մի երկիր, անգամ՝ Արցախում միջազգային խաղաղապահների ներկայության պարագայում։

Թշնամի բռնապետը լավ գիտեր, թե ովքեր են Արցախի համար կյանքը տվող հայորդիները, բայց աշխարհով մեկ թմբկահարեց, որ ահաբեկիչների դեմ է իր պատերազմը։ Եվ թույլ տվեցին մեր ներսում էլ մեր տղաների կյանքերի գնով կորցնել Արցախը, երբ գիտեին, որ մեկ-երկու օրը բավական է այդ «ահաբեկիչներին» ոչնչացնելու համար։

Այդ օրը` նոյեմբերի 8-ը, թշնամին հայտարարեց «Հաղթանակի օր»։ Ո՞ւմ հաղթեց այդ մարդասպան ցեղը, ինչպե՞ս հաղթեց, ի՞նչ «զինատեսակներով»: Սա «Չարագործի օր» պետք է հռչակվեր, քանզի հաղթել է չարը, անիրավը, խաբեբան, խարդախը… խորամանկությունն է հաղթել արդարին, երբ 120 հազարի կյանքեր «կանգնեցրին» Արցախում ամիսների շրջափակումով, երբ 24-ժամյա թուրք-ադրբեջանական տեղատարափով հաղթող դարձան անօրենները՝ տիրանալով սրբարան Արցախին։

Անգամ սպորտում՝ բռնցքամարտում լինի, թե ըմբշամարտում, քաշային հավասարակշռությունը պահպանվում է, բայց այս անօրեն ցեղը աշխարհի զինատեսակները մեր գլխին թափեց ու հաղթող ճանաչեց իրեն։

Չզարմանանք, որ ներքին կյանքում էլ «նազարներն» են հաղթող դառնում:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: