Շաբաթ, Նոյեմբերի 23, 2019

Ազատ ամբիոն

Հայաստանը գտնվում է Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքո

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները գտնվում են Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքո: Նոյեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես եկավ Երեւանում ներկայացված՝ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա» զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ: Դրանից անմիջապես հետո հրդեհ բռնկվեց Էրեբունու օդանավակայանում, որտեղ, ըստ փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի, շենքի ներսում այրվել են տարբեր գույքեր, այդ թվում ՝ ինքնաթիռի շարժիչ: Խոսքի շարունակության մեջ փոխգնդապետը շեշտել է. «Պահեստը, որն այրվել է, գտնվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավասության տակ եւ կապ չունի Ռուսաստանի ավիաբազայի հետ»: Իհարկե, դա կարող է պատահականություն լինել:

Ցավոք, Հայաստանում «հակառազմակայանային» տրամադրություններ արդեն վաղուց են հասունանում: 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, երբ այս ռազմակայանից դասալիք զինվոր Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի բոլոր 6 անդամներին, թերեւս ամենաարյունալի էր, սակայն, իհարկե, ոչ միակ նմանատիպ դրվագը: Մամուլում արդեն բերված է տպավորիչ մի ցուցակ.

  • 1999 թվականի ապրիլի 14-ին երկու հարբած ռուս սահմանապահներ մտել են Գյումրու շուկա, փորձել են ալկոհոլ հայթայթել, վիճել են տեղի վաճառողների հետ, այնուհետեւ գնացել են հարազատ ռազմակայան եւ վերադարձել արդեն ինքնաձիգ հրացաններով ու կրակ բացել՝ արդյունքում երկու զոհ, ինը վիրավոր:
  • 2003 թվականի հուլիսի 11-ին մի քանի երիտասարդներ փորձել են մուտք գործել ռազմակայանի տարածք, ժամապահը կրակ է բացել, երկուսը սպանվել են, եւս երկուսը հայտնվել հիվանդանոցում: Կարծես թե պահակային ծառայության կանոնադրությունը պահանջում է հենց այդպես վարվել, բայց ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովին անհապաղ ազատել են պաշտոնից:
  • Պերմյակովի դեպքից հետո, 2018-ի դեկտեմբերին, ռուս զինծառայողներից մեկը դաժան ծեծի ենթարկելով՝ մահվան է հասցրել 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին, ով աշխատում էր որպես հավաքարար:

Ի դեպ, մեղավորները՝ չնայած այն հանգամանքին, որ նշված հանցագործությունները կատարվել են Հայաստանի տարածքում, հետաքննվել են գրեթե առանց Հայաստանի իրավապահ մարմինների մասնակցության:

Նույն 2018 թվականի հուլիսին աղմկոտ միջադեպ տեղի ունեցավ Փանիկ գյուղում. ռուսական բանակն այստեղ զորավարժություններ էր անցկացնում, գյուղացիներն այն ընդունելով որպես իրական պատերազմական գործողություն՝ դիմադրել են ռուսական զորքին (քանի որ զորավարժությունների ժամանակ կրակ է բացվել  բնակելի տներից ընդամենը 10 մետր հեռավորության վրա), իսկ իշխանությունները ռազմակայանից պահանջել են «հարգալից վերաբերմունք» դրսեւորել:

Հնարավոր է՝ վերոհիշյալ զեկույցն այնքան էլ անաչառ չէ, բայց կասկած չկա, որ պետք է ակտիվ աշխատել, որպեսզի տարբեր մեկնաբանությունների առիթներ չլինեն: Հետեւաբար, դեսպանատան հայտարարությունը, թե «Հանրահայտ է, որ այդ առումով մենք բաց ենք երկխոսության համար եւ լիովին թափանցիկ»՝ կարեւոր քայլ է ռուս-հայկական հարաբերություններն ամրապնդելու եւ նոր մակարդակի հասցնելու տեսակետից:

Ռուսաստանի դեսպանությանը մնում է աշխատել ավելի ջանադրաբար եւ չանտեսել հայաստանյան փորձագետների ու քաղաքագետների հետ ակտիվ շփումները: Նման շփումների արդյունքում է բարձրանում հայ հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը: Ռուսական հատուկ ծառայությունների կողմից այդ մասին զեկույցները միշտ չէ, որ անաչառ են:

Նոյեմբերի 2-ին 1-ին TV-ի եթերում էր հայ հայտնի իրավաբան, պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Հարցազրույցում նա անդրադարձել է ոչ միայն ռուսական ռազմակայանին, այլեւ արծարծել է ռուսական երկաթուղիների, «ՀայՌուսգազարդի», տնտեսական ոլորտի եւ, առհասարակ, Հայաստանում Ռուսաստանի ներկայության հետ կապված բազմաթիվ այլ խնդիրների: Հետաքրքիր կլիներ, եթե Ռուսաստանի դեսպանատունը ներկայացներ իր տեսլականը՝ կապված Արա Պապյանի կողմից բարձրացված խնդիրների հետ՝ որքանո՞վ են անաչառ նրա դատողությունները:

Հաճելի է տեղեկանալ, որ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանում էր, նոյեմբերի 5-ին ՀԱՊԿ ԽՎ-ի նիստն անցկացվեց Երեւանում, իսկ Հայաստանում գտնվող՝ ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի գծով Պետական ​​դումայի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը հայտարարեց, թե «ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում է, եւ այն գեղեցկության համար չէ տեղակայված այստեղ»:

Ամեն դեպքում հայ-ռուս-հայկական հարաբերություններն ունեն խորացման ու ամրապնդման անհամաչափելիորեն մեծ ներուժ: Բայց դրա համար, ինչպես նշեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անհրաժեշտ է լիակատար թափանցիկություն: Հակառակ դեպքում՝ միշտ հարցեր են առաջանալու:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am