Երեքշաբթի, Դեկտեմբերի 18, 2018

Ազատ ամբիոն

Կրոնը եւ աշխարհաքաղաքականությունը

ԽՍՀՄ-ում կրոնի խնդիրները հեշտ էին լուծվում. ժողովրդին դեռ մանկապարտեզից սովորեցնում էին, որ Աստված գոյություն չունի: Կար նույնիսկ այսպիսի մի առարկա՝ «Գիտական ​​աթեիզմ»: Սակայն անկախության ձեռքբերմամբ հետխորհրդային տարածքի հանրապետություններում, բացի տնտեսական եւ քաղաքական խնդիրներից, առավել սուր դարձան նաեւ կրոնական խնդիրները: Նույնիսկ Հայաստանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն եւ հայ Առաքելական եկեղեցին առաջնահերթություն ունի, հավատացյալների ու եկեղեցու բարձրագույն ղեկավարության հարաբերություններում կային եւ դեռ կան խնդիրներ: Իսկ կրոնի խնդիրները երբեմն անմիջականորեն ազդում են միջպետական ​​հարաբերությունների վրա եւ աշխարհաքաղաքական կարեւորության հարցերն էլ ավելի են սրվում:

Այս օրերին Ուկրաինայում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ, որոնք առաջին հայացքից չպետք է կապված լինեին աշխարհիկ կյանքի հետ: Բայց պարզվեց հակառակը: Ի՞նչ է տեղի ունեցել: Ստամբուլում՝ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի նիստում թոմոս (թույլտվություն) էր տրվել Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա (ինքնավարություն) տրամադրելու համար: Միեւնույն ժամանակ՝ որոշվել է անվավեր ճանաչել Մոսկվայի պատրիարքարանի կողմից Կիեւի միտրոպոլիտին նշանակելու իրավունքի մասին 1686 թվականի սինոդալ որոշումը: Որպես ապացույց՝ բերվել են այդ տարիների պատմափաստագրական տվյալներ, որոնք փաստում են Մոսկվայի պատրիարքարանի կողմից Կիեւի միտրոպոլիայի անօրինական բռնակցումը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Ուկրաինայի ուղղափառ ավտոկեֆալ /ինքնավար/ եկեղեցին (ՈՒՈՒԱԵ) եւ (Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքությունը (ՈՒՈՒԵ-ԿՊ) պետք է միավորվեն եւ անկախանան ռուսական Ուղղափառ եկեղեցուց: Այնուհետեւ պետք է ընտրվի միասնական տեղական եկեղեցու պատրիարքը, որին կտրվի թոմոս: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այս երկու եկեղեցիները կկարողանան անցնցում միավորվել՝ հանուն անկախության:

Ուկրաինայում ինքնավարության մասին գաղափարները շրջանառվում էին անկախության հասնելուց անմիջապես հետո: Վերջերս նույնիսկ մի փաստաթուղթ է գտնվել՝ «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսության դիմումը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի I-ին, Սուրբ Սինոդին եւ ռուսական Ուղղափառ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին» խորագրով, որը թվագրված է 1992թ. հունվար ամսով, ստորագրված Միտրոպոլիտ Սերգիի կողմից, որտեղ նա խնդրում է ուկրաինական եկեղեցուն տրամադրել ինքնավարություն:

Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես հայտնի է, խիստ բացասաբար ընդունեց Կոստանդնուպոլսի պատրիարքարանի որոշումը եւ արգելեց ոչ միայն քահանաներին, այլեւ աշխարհիկ մարդկանց իրենց եկեղեցիներում հաղորդակցվել: Պետք է նշել, որ նույն արգելքը եւս մեկ անգամ ընդունվել էր Էստոնիայում Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կանոնական տարածքը վերականգնելուց հետո, որից մի քանի տարի անց էլ վերականգնվել էր հաղորդությունը:

Կոստանդնուպոլսի պատրիարքարանի որոշումը ուժգին հարված հասցրեց Ռուսաստանին: Սրա մասին է վկայում փաստը, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը հոկտեմբերի 12-ին Անվտանգության խորհրդում՝ ՌԴ պաշտպանության նախարարի, անվտանգության դաշնային ծառայության տնօրենի, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի, ներքին գործերի նախարարի եւ ՌԴ կառավարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել է Ուկրաինայի եկեղեցու իրավիճակը: Անհեթեթություն է, այդպե՞ս չէ:

Ռուսաստանը լավ է հասկանում, որ ռուս Ուղղափառ եկեղեցին Ուկրաինայի վրա քաղաքական ազդեցության հզոր գործիք էր: Նա նաեւ հասկանում է, որ Ուկրաինայից հետո Բելառուսը կարող է ապագայում դառնալ այնպիսի տարածք, որի համար պայքար կգնա: Կոստանդնուպոլսը հայտարարել է, որ Բելառուսի, մասամբ՝ Լեհաստանի եւ Ռուսաստանի տարածքները դեռեւս Կիեւի միտրոպոլիայի կանոնական տարածքներն են: Ի պատասխան՝ ռուսական Ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ կարող է կասեցնել ծառայությունները Սբ. Հարության տաճարում, եթե Երուսաղեմի պատրիարքարանը որոշի աջակցել Կոստանդնուպոլսին՝ Ուկրաինայի եկեղեցուն ինքնավարություն տալու որոշման մեջ: Ռուսական Ուղղափառ եկեղեցու վերջնագրի մասին տեղեկացնում է «Գլավրեդ» թերթը՝ վկայաբերելով Երուսաղեմում Ռուսաստանի հոգեւոր առաքելության քարտուղար վանահայր Նիկոնին:

Ուկրաինայում եւս ձեռքերը ծալած չէին նստել: Մայրաքաղաքում անցկացվեց Կիեւի եւ Մոսկվայի պատրիարքարանի Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հետ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հանդիպումը: Բանակցությունները տեղի ունեցան ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, ՈՒՈՒԵ-ԿՊ ներկայացուցիչ, Կիեւի արքեպիսկոպոս Եվստրատիի եւ Կիեւի միտրոպոլիտ Օնուֆրիի մասնակցությամբ: Նրանք հայտարարեցին եկեղեցական խնդիրների հետ կապված որեւէ սադրանքի անթույլատրելիության մասին:

Այս առթիվ The Financial Times-ը գրում է, որ «երբ Ուկրաինան ինքնավարության համար թոմոս ստանա՝ դա լուրջ հարված կլինի ինչպես «ռուսական աշխարհին», այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հետեւաբար, ինչ-որ կերպ իրավիճակը կայունացնելու եւ այն իր կողմը թեքելու համար Կրեմլի տերը կարող է կիրառել ռազմական ուժ եւ կատարել մեկ այլ ներխուժում»:

Ցավոք, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հերթական տարաձայնությունը՝ այժմ էլ եկեղեցական հիմքի վրա, կրում է ոչ միայն կրոնական, այլեւ աշխարհաքաղաքական բնույթ: Ուղղափառ հավատացյալների շարքում, ըստ էության, վերջին հազարամյակի ընթացքում, դա ուղղափառ եկեղեցու առաջին խոշոր պառակտումն է: Չնայած այս ուղղությամբ դեպքերը շարունակում են արագ զարգանալ, կարեւոր է, որ բոլոր երկրներում աշխարհիկ հասարակությունը եւ իշխանությունները չմիջամտեն եկեղեցական գործերին ու «կրակի վրա յուղ» չլցնեն: Հավատացյալները եւ եկեղեցին իրենք կարող են լուծել իրենց խնդիրները: Չէ՞ որ քրիստոնեական աշխարհի բոլոր երկրներում եկեղեցին անջատված է պետությունից: Պետք է այս համադրույթը լինի ոչ միայն թղթի վրա, այլեւ գործնականում:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am